Լրահոս
Օրվա լրահոսը

«Վենետիկի հանձնաժողովի եւ ՀՀ իշխանությունների կեղծավոր ու հանցավոր համաձայնությունը»

Մարտ 21,2016 14:00

«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի մեղադրանքները

– Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները տարբեր հանդիպումներ ունեցան Հայաստանում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: Հանդիպեցին նաեւ նորաստեղծ կուսակցությունների ղեկավարների հետ: Այդ հանդիպումների ցանկում Դուք ընդգրկված չէիք: Ինչո՞ւ:

– Վենետիկի հանձնաժողովի եւ Հայաստանի իշխանությունների կեղծավոր ու հանցավոր համաձայնությունների արդյունքում:

– Այսի՞նքն:

– Նկատեք՝ որքան զերծ է խոսքս ավելորդ դիվանագիտությունից կամ ձեւակերպումների մեջ ավելորդ կոռեկտությունից: Այսինքն՝ ՀՀ-ում ակնհայտ տենդենց է երեւում քաղաքական գործընթացների մասնակցության, հատկապես հրապարակային գործողություններին ներկա գտնվելու կամ մասնակցելու առումով, ինչպես նաեւ տեղեկատվական-քարոզչական հարթակներում տեղի ունեցող գործողությունների մասով: Ճիշտ այնտեղ, որտեղ բեւեռվում է հանրության ուշադրությունը, որեւէ էական, լուրջ, հասարակությանը հուզող քաղաքական կամ ոչ քաղաքական հարցի շուրջ, այդ հարթակում անմիջապես տեղադրվում են մեծ, բարձր, ամուր պարիսպներ, եւ դրանք կողպվում են ծանր կողպեքով:

Ասում եք` ինչո՞ւ: Որովհետեւ քաղաքական դաշտում գոյություն ունեն պրոյեկտներ: Տարբեր ժամանակներում գոյություն ունեցել են, ունեն ու էլի ունենալու են` ճիշտ այնքան ժամանակ, որքան հասարակությունը թացը չորից օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանալու տարբերել: Այդ պրոյեկտները հրավիրվում են տարբեր քննարկումների, նրանց արհեստական կշիռ ու քաղաքական բովանդակություն է հաղորդվում, նրանք լուսաբանվում են: Սա առաջին անգամ չէ, որ ես նկատում եմ, այդ թվում՝ մի շարք միջազգային կառույցների կողմից, մասնավորաբար, Վենետիկի հանձնաժողովի:

– Հիմա Դուք «պրոյեկտ» անվանեցիք ձեր գործընկերներ Էդմոն Մարուքյանին, Նիկոլ Փաշինյանին, Խաչատուր Քոքոբելյանին, Ալեքսանդր Արզումանյանին եւ մյուսներին, ովքեր մասնակցել են այդ հանդիպումներին:

– Ես որեւէ մեկին չանվանեցի, որեւէ կոնկրետ իրադարձություն չնշեցի: Պատասխանեցի ձեր հարցին` ներկայացնելով առկա իրավիճակը: Անշուշտ, քաղաքական դաշտում կան պրոյեկտներ, եւ դա ակնհայտ է: Դրա համար պետք է վերջին մի քանի տարիների կտրվածքով վերծանել, վեր հանել գործիչների կամ թիմերի ու կուսակցությունների կենսագրականը քաղաքական դաշտում` քվեարկությունները, ելույթները, օրենսդրական նախաձեռնությունները ԱԺ-ում եւ այլն: Ես որեւէ մեկի անուն չտվեցի: Չեմ էլ տալու: Երբեւէ որեւէ մեկն ինձ չի կարող ներքաշել բացահայտումների գործընթաց: Բացահայտել-չբացահայտելը, յուրաքանչյուրի վերաբերյալ կարծիք կազմելը ժողովրդի խնդիրն է: Մասնակցածներից ովքեր են պրոյեկտ, ովքեր պրոյեկտ չեն, ես իմ կարծիքն ու դիրքորոշումն ունեմ, բայց պատասխան չեմ տալու:

Եթե մեկ տարի առաջ հազարից ավելի մարդու ներկայությամբ հիմնադրվել է մի կուսակցություն, որը մեկ պատգամավորով ներկայացված է խորհրդարանում, որն ակտիվորեն իրականացնում է իր քաղաքական, կառուցվածքային, կազմակերպչական եւ այլ գործունեությունը, տվյալ կուսակցությանը չհրավիրել հանդիպման, փոխարենը հրավիրել այլոց, որոնք անգամներով` մարդաքանակով, ծավալով, հանրահայտությամբ եւ այլն, զիջում են, հարցի տեղիք է տալիս: Այսինքն՝ կա նախապատվությունների խնդիր: Եթե Վենետիկի հանձնաժողովը նախապատվություն չի տալիս ընդդիմադիր կուսակցություններից «Ալյանսի» հետ հանդիպելուն, ուրեմն այստեղ կարող է լինել հանցավոր համաձայնություն` գործող իշխանությունների հետ, ում ձեռք չի տալիս «Ալյանսի» կարծիքն ու դիրքորոշումը ԸՕ-ի վերաբերյալ, քանի որ մենք շատ հստակ եւ կոշտ դիրքորոշում ունենք: Կամ` այդ կառույցը պարզապես կոմպետենտ չէ իրականացնել իր առջեւ դրված խնդիրը` լսել եւ քննարկել յուրաքանչյուր այս կամ այն չափով, բայց փաստացի դերակատարի կարծիքը: Նույնը, ի դեպ, նույն Վենետիկի հանձնաժողովի հետ հարաբերություններում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների նախագծի մասով:

– Ընթացակարգային առումով ո՞վ է որոշողը, թե ո՞ւմ հետ պետք է հանդիպեն եվրոպացի փորձագետները. հայկակա՞ն կողմը, թե՞ վենետիկցիները:

– Դա պետք է հարցնել վենետիկցիներին կամ կազմակերպիչներին: Երբ նմանատիպ մի խորհրդակցություն էր կազմակերպել, կարծում եմ՝ իշխանական թեւը, քանի որ այդ միջոցառման մոդերատորներն էին ՀՀ արդարադատության նախարարը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, «Ալյանս» կուսակցությունը եւս հրավիրված չէր: Այդ հարցը ես խորհրդարանում հնչեցրեցի: ԱԺ նախագահի պաշտոնակատարը խոստացավ այսուհետ շտկել այդ իրավիճակը եւ ապահովել բոլորի մասնակցությունը: Տեսնենք, թե ինչ կլինի: Բայց ասում են՝ եթե որեւէ բան տեղի է ունենում, եւ կարիք կա պարզաբանելու՝ ինչո՞ւ, պետք է փնտրել, թե ո՞ւմ է դա ձեռնտու: Հիմա` ո՞ւմ է ձեռնտու, որ «Ալյանսը» չհայտնի իր դիրքորոշումը ԸՕ-ի վերաբերյալ: Շատ պարզ է:

– Իշխանությա՞նը:

– Իշխանությանը, պարզ է, որ պիտի ձեռնտու չլինի: Հակառակ պարագայում բացարձակ տեղեկատվական բլոկադայի չեն ենթարկի:

– Նաեւ եվրոպացիների՞ն:

– Թե եվրոպացիներին` ինչո՞ւ… Ես արդեն հայտարարել եմ, որ մենք շատ կոշտ հարցապնդմամբ ենք հանդես գալու Վենետիկի հանձնաժողովին եւ իր վերադաս կառույցին` հասկանալու համար, թե ինչո՞ւ է այդ հանձնաժողովը, ըստ իս, թերանում իր աշխատանքներում:

– Ձեր շուրջ ինչ-որ դավադրությունների տեսությո՞ւն է ստացվում:

– Եկեք չչափազանցենք: Կա փաստ` հանդիպմանն «Ալյանսը» հրավեր չէր ստացել: Փաստի առթիվ պիտի հարուցվի հետաքրքրություն եւ պատասխան ստացվի կազմակերպիչներից:

 
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
19.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031