Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շվեյցարացի երիտասարդը սրտնեղել էր՝ Հայաստանում 7 օր իրեն միայն եկեղեցիներ են տարել

Մարտ 21,2016 13:30

«Իրանցի զբոսաշրջիկները միշտ իրենց ավելի լավ են զգում Հայաստանում, գնալով մեր երկիրն ավելի ճանաչելի է դառնում իրանական շուկայում: Հիմնական պատճառներից մեկն այն է, որ այստեղից իրանցիները գոհ են վերադառնում»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նրա ներկայացմամբ՝ 1 գոհ զբոսաշրջիկը կարող է, այսպես ասած, Հայաստան պոտենցիալ 10 նոր զբոսաշրջիկ ուղարկել, քանի որ նա իր շրջապատում դրական է ներկայացնելու Հայաստանը:
Շուտով մահմեդական աշխարհի նոր տարին է՝ Նովրուզ Բայրամը, եւ ինչպես ամեն տարի, այս տարի էլ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները, ինչպես ասաց Ապրեսյանը, սպասում են իրանցի բարեկամներին:

Նկատենք, սակայն, որ իրանցիները որքան էլ լավ զգան իրենց Հայաստանում, սակայն նրանք աստիճանաբար սկսում են հետաքրքրվել Վրաստանով եւ հենց Հայաստանով են գնում Վրաստան: Երբ 2012 թվականին Վրաստանը վերացրեց Իրանի հետ վիզային ռեժիմը, այդ երկիր իրանցի զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճեց՝ մոտ 60 հազարից դարձավ գրեթե 90 հազար: Ապա Վրաստանը 2014-ին կրկին վիզային ռեժիմ ներդրեց, ու իրանցի զբոսաշրջիկների թիվը նվազեց: Այս տարի Վրաստանը կրկին վերացրեց Իրանի հետ վիզային ռեժիմը, եւ ինչպես այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն են ասել՝ իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք են սպասում, հատկապես ծովափնյա հանգստի սեզոնին:
Մեխակ Ապրեսյանը հղում անելով պաշտոնական տվյալներին՝ նշեց, որ 2015-ին 2014 թվականի համեմատ 1 տոկոսով ներգնա զբոսաշրջիկների այցելությունների թիվը նվազել է՝ պայմանավորված Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թվի նվազմամբ:

Ոլորտի լավ լուրերից մեկը, ըստ Ապրեսյանի, նախորդ տարի 4 հյուրանոցային համալիրների կառուցումն է մեր երկրում, այդ թվում թանկարժեք եւ բարձրակարգ հյուրանոցներից՝ «Հիլթոն»-ը՝ Երեւանում եւ «Հայաթը»՝ Ջերմուկում:

Քննարկման մասնակից տնտեսագետ Արտակ Մանուկյանը նկատեց, որ մեր երկիր այցելուների մեծ մասը ծագումով հայեր են, եւ ընդհանրապես, Հայաստան այցելողների գերակշիռ մասը գերադասում են մնալ ոչ թե հյուրանոցներում, այլ հարազատների տանը կամ վարձով բնակարաններում: Մեխակ Ապրեսյանն այս դիտարկման հետ փորձեց չհամաձայնվել, սակայն նաեւ չկարողացավ ցուցանիշ ներկայացնել, թե Հայաստան այցելածների քանի տոկոսն է հրաժարվել հյուրանոցային ծառայություններից:
«Առավոտն» Ազգային վիճակագրական ծառայության տվյալներն ուսումնասիրելով՝ պարզեց, որ 2014 թվականին Հայաստած այցելած 1 միլիոն 200 հազար զբոսաշրջիկներից հյուրանոցային ծառայություններից օգտվել է ընդամենը 164 հազարը, մնացածը, պարզ է, չէ՞, ապրել են իրենց հարազատների տանը, վարձով բնակարաններում: 2015-ին Հայաստան ժամանած 1 միլիոն 189 հազար զբոսաշրջիկներից հյուրանոցներից օգտվել են կրկին 164 հազարը: Այլ կերպ ասած՝ 2014-ին 1 միլիոն 39 հազար զբոսաշրջիկներ չեն ապրել հյուրանոցներում, իսկ 2015-ին՝ 1 միլիոն 24 հազարը չի օգտվել հյուրանոցային ծառայություններից:

Նկատենք, որ 5 կամ 4 աստղանի հյուրանոցներ բացելն այնքան էլ չի խթանում զբոսաշրջության աճին: Զբոսաշրջության ոլորտի մասնագետները՝ տուրօպերատորները մշտապես բարձրաձայնում են, որ Հայաստանին հարկավոր են էկոնոմդասի հյուրանոցներ:
«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ընդհանուր առմամբ Հայաստան այցելող զբոսաշրջիկները դժգոհ չեն մեր երկրից ու հյուրաընկալությունից: «Մենք պոտենցիալ ունենք, եւ զբոսաշրջությունը կաճի Հայաստանում որպես գաստրոնոմիական տուրիզմի երկիր: Մարդիկ աշխարհում նոր համեր են փնտրում՝ թե խմիչքի՝ գինու, թե սննդի: Հիմա այդ առումով ավելի շատ Իտալիա, Ֆրանսիա են գնում, սկսել են նաեւ Սինգապուր, Մալայզիա շատ գնալ՝ որպես գաստրոնոմիական տուրիզմի երկիր»,- ասաց Նունե Մանուկյանը:

Մեր այն հարցին՝ իսկ մեր Գառնի-Գեղարդն ու պատմամշակութային կոթողներն այլեւս հետաքրքրություն չե՞ն առաջացնում, մի՞թե զբոսաշրջիկներին գրավելու մեր այս այցեքարտն այլեւս արդիական չէ, Նունե Մանուկյանն ասաց. «Երբ ես աշխատանքային այցով լինում եմ տարբեր երկրներում, ինձ միշտ առաջին հերթին հարցնում են մեր խոհանոցի, ուտելիքների մասին: Այո, օտարերկրացիները զարմանում են մեր պատմությամբ, բայց, օրինակ, մի շվեյցարացի երիտասարդ սրտնեղել էր, որ այստեղ 7 օր իրեն միայն եկեղեցիներ են տարել, ու նա մեր երկրում որեւէ հետաքրքրություն չի գտել: Ամեն տարիքի համար պետք է հետաքրքրություն ստեղծել»:

Մանուկյանը նաեւ նկատեց, որ եթե կառավարությունը ցանկություն ունի զարգացնել ձմեռային տուրիզմը, ապա առնվազն անբացատրելի է, թե ինչու է հունվարի 1-ից մինչեւ 9-10-ը ոչ աշխատանքային. «Հունվարի առաջին օրերին մինչեւ ամսի 6-ն ու ավելի շատ ռեստորանները, թանգարանները, զվարճանքի կենտրոնները փակ էին»: Բացի այդ, ըստ Մանուկյանի՝ զբոսաշրջիկների թվի աճը խթանող գործոններից են էժան ավիատոմսերն ու էկոնոմ հյուրանոցները:

Անդրադառնալով Վրաստանի՝ Իրանի հետ վիզային ռեժիմի վերացմանն ու իրանցիների՝ Վրաստանը Հայաստանից գերադասելուն, Մանուկյանն ասաց, որ Վրաստանն ունի մի բան, որ Հայաստանն ինչ էլ անի, չի կարող մրցակցել. դա ծովն է. «Այլընտրանքը պետք է լինեն գնային ավելի մատչելի առաջարկները: Բայց մի բան էլ կա՝ վրացիները կարողանում են զբոսաշրջիկներին գրավել հետաքրքիր շոուներով»:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Այդ շփոթած զուիցերացի երիտասարդը ԹԱՃ ՄԱՀԱԼ ը կը փնտռէր Հայաստանի մէջ-?
    Մէկ վանքէն միւսը գացած ատեն աչքերը կը փակէր?
    Վանքերէն վերադարձին `գիշերը սիրտը համով ընթրիք մը ընել չէր ուզեր ?
    Եթէ իր երկրին պանիրն ու սօսիսները կը փնտռէր լաւ կ`ընէր միասին բերեր;
    Կը թուի մատենադարան չէ բարձրացած ոչ ալ թանգարան եւ պատկերասրահ մտած -գոնէ սրճարան մը նստէր եւ մեր կայտառ երիտասարդութիւնը դիտէր ; ինչ ըսենք ? Աչս ունին եւ ոչ տեսանեն եւ ականջս եւ ոչ լսեն ; Եկող արձակուրդին Բագու երթայ մի գուցէ աւելի գոհ մնայ- հոն ոչ վանքեր կան ոչ մատենադարան ;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031