Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բերձորում՝ Արցախը Մայր հայրենիքին կապող տարածքում, կայացավ ՀՀ անկախության հռչակման 25 ամյակին նվիրված պուրակի հիմնումը

Մարտ 21,2016 11:20

Երևանի պետական համալսարանը՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ, մարտի 18-20-ին հերթական այցն էր կազմակերպել Արցախ: Այս անգամ էլ մայր բուհի պրոֆեսորադասախոսական և ուսանողական պատվիրակությունը եռօրյա ուխտագնացության ընթացքում եղավ Արցախի տարբեր վայրերում և վերադարձին կանգ առավ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Այստեղ՝ Երևանյան մայրուղու եզրին, կայացավ ծառատունկ: Նորատունկ պուրակը, որտեղ տնկվեցին 50 ընկուզենի և այլ ծառատեսակներ նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25 ամյակին:

DSCN7148 Aram_Simonyan_3 Aram_Simonyan_2 DSCN7240

Պուրակի ցուցատախտակի բացումն իրականացրեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը: Արդեն ավանդույթ է՝ յուրաքանչյուր պուրակ հիմնելիս առաջին ծառը տնկվում է Զավեն-Լևոն Սուրմելյանի «Ասացվածք՝ ծառ տնկելու առթիվ» բանաստեղծությամբ, որը, որպես յուրահատուկ աղոթք, արտասանում է Գ. Մելիքյանը: «Տեր, օրհնե ծառն այս մատղաշ…,»։ Այնուհետև ԵՊՀ ուսանողները, խմբերի բաժանված, սկսեցին ծառատունկը, որը տևեց մոտ մեկ ժամ:

Ընթացքում զրուցեցի ռեկտորի, Գ. Մելիքյանի, դասախոսների, ուսանողների հետ: Արամ Սիմոնյանը կարևորելով դեպի Արցախ ուսանողական այս ուխտագնացությունները, ասաց.

–Այս օրերին եղանք նաև Մարտակերտի շրջանում, այցելեցինք զորամասեր: Բերձորում հիմնեցինք ՀՀ անկախության հռչակման 25 ամյակին նվիրված պուրակ, որն իր մեջ մեծ խորհուրդ ունի, քանի որ այն կայացավ նոր սերնդի՝ մեր ուսանողների ձեռքով: Տարիներ շարունակ մենք այստեղ Գուրգեն Մելիքյանի հետ պուրակներ ենք հիմնել, այդ ժամանակներում տնկված ծառերն արդեն բերք են տալիս, և հուսով եմ՝ այս պուրակում նույնպես տնկիները կյանք կառնեն ու բերք կտան մեր զավակներին: Նախատեսել ենք, որ աշնանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 25 ամյակի պուրակ հիմնենք: Ազատագրված մեր հայրենիքում տնկված յուրաքանչյուր ծառ, այս երիտասարդությանը կապում է Արցախի հետ, և նրանք գիտակցում են, որ Արցախը ևս իրենց տունն է, ու պարտավոր են տեր կանգնել նրա կալացմանը, պաշտպանությանը, հզորացմանը:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանն արդեն 20 և ավելի տարի է, ինչ օժանդակում է Քաշաթաղի կայացմանը, ուսանողների հետ կազմակերպում ծառատունկեր, հպարտ էր նաև այսօր:

-Յուրահատուկ օրէ ինձ համար,-ասաց բարերարը,-Բերձորում իրականություն դարձավ հերթական պուրակը՝ նվիրված ՀՀ անկախության հռչակման 25 ամյակին: Ցուցատախտակին գրված է. «ԶՈՐԱՎԻԳ ԼԻՆԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ, կարգախոսը, որը պարտավորեցնում է: Այո, նաև նման գեղեցիկ միջոցառումներով պետք է զորավիգ լինենք մեր հայրենիքին:

Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը ներկայացրեց իրենց ուխտագնացության մասին՝ տեղեկացնելով, որ իր ղեկավարած ֆակուլտետից 5 դասախոս և 4 ուսանող են մասնակցում ծառատունկին: Նույն դասախոսներն այդ 2 օրը եղել են Մարտակերտի շրջանի տարբեր զորամասերում, դասախոսություններ կարդացել զինվորների համար: Ուսանողները նույնպես այցելել են զորամասեր:

Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Վարդուհի Հարությունյանը 3-րդ անգամ է այցելում Արցախ: Սակայն առաջին անգամ է, որ մասնակցում է ծառատունկի: Սկզբում ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի կազմում 7-ական օրով եկել ենք արշավների, -ասաց Վարդուհին, -իսկ այժմ այլ է՝ հպարտ եմ, որ մեր ծնողների ազատագրած հողում ծառ եմ տնկում: Նույն ակումբի անդամ, պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարինե Մովսիսյանը նույնպես արշավների եկել է Արցախ, իսկ ծառատունկի դարձյալ առաջին անգամ է մասնակցում:

-Սա մեր հողն է, և պարտավոր ենք սիրել, շենացնել, գեղեցկացնել: Ուրախ եմ, որ Արցախին այս անգամ հրաժեշտ եմ տալիս՝ հենց Բերձորում տնկելով ընկուզենի:

Մայր բուհի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, որը մշտապես է ուսանողներին ուղեկցում արցախյան այցերի ժամանակ, տեղեկացրեց, որ ԵՊՀ պատվիրակության կազմում են մոտ 20 դասախոսներ և 100 ուսանողներ: Մինչ Բերձոր գալը՝ Մարտակերտի Ներքին Հոռաթաղ գյուղում ևս պուրակ են հիմնել՝ նվիրված Արցախյան գոյամարտի ժամանակ նահատակված ուսանող, լրագրող Նորայր Մարությանի հիշատակին: Նույն գյուղի դպրոցում մի դասարան անվանակոչվել է հերոսի անունով::

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայի 1 կուրսից է Արմեն Խաչատրյանը, նաև ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի անդամ: 6 տարի առաջ եղել է հայոց բանակի զինվոր, ծառայել Մեղրի-Ագարակ հատվածներում: Պուրակներ հիմնելը նույնպես համարում է հայրենանվեր գործ և պարտավորություն յուրաքանչյուրի համար:

Արմենի հետ իրենց ծառը տնկեց նաև տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի առաջին կուրսեցի Անի Նազարյանը: Առաջին անգամ է այցելել Արցախ, և չի փոշմանել գալու համար: Մյուս անգամ դարձյալ կգա: Տեղեկացավ նաև Բերձորի պատմությանը: Ուրախ է, որ զորամասում հանդիպել է մարտական բարձր ոգով հայ զինվորների և վստահ է՝ մեր երկիրն ամուր պատվար ունի:

Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Սամվել Մուրադյանը կարևորեց այն, որ հենց Բերձորում՝ Արցախը Մայր հայրենիքին կապող տարածքում, կայացավ ՀՀ անկախության հռչակման 25 ամյակին նվիրված պուրակի հիմնումը: Նշեց՝ Արցախի ազատագրումով իրականացավ Շիրազի, Սևակի, մնացած հայ մեծերի երազանքը:

Ծառատունկից հետո համալսարականներն այցելեցին նաև Մոնթե Մելքոնյանին նվիրված պուրակ, որտեղ քարին փորագրված է հերոսի մարգարեական խոսքը՝ «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»: Այս գիտակցությամբ մեր ուսանողները հրաժեշտ տվեցին Արցախին:

Պատվիրակության կազմում էին նաև հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆֆի Քարամյանը, ԵՊՀ այլ պաշտոնատար անձիք, լրագրողներ:

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031