Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կանանց միամսյակը եւ մենք

Մարտ 21,2016 12:00
caxik

Մարտի 8-ին սկսվեց եւ մինչեւ ապրիլի 7-ը կշարունակվի կանանց միամսյակը: Իրականում մարտի 8-ն ու ապրիլի 7-ն իրար հետ որեւէ առնչություն ու ընդհանրություն չունեն, եթե ընդհանրություն ունեն էլ, այդ ընդհանրությունը մենք մտահղացանք՝ այդ երկու օրերը կապելով մեր կանանց հետ եւ այդ երկու օրերի միջեւ ընկած տեւողությունն անվանելով կանանց միամսյակ:

Կարծիք կա, որ հայ կանայք, ի տարբերություն Եվրոպայի զարգացած երկրների կանանց, առանձնապես ազատ չեն, եւ, ի տարբերություն զարգացած երկրների կանանց, հայ կանանցից շատերը գոյատեւում են իրենց ամուսինների ֆիզիկական ու հոգեբանական ճնշման տակ: Այս թեմայով բազմաթիվ հոդվածներ են գրվել եւ գրվում, եւ այդ հոդվածներից գրեթե բոլորի հեղինակները կանայք են: Այլ կերպ չէր էլ կարող լինել՝ ոչ թե էն պատճառով, որ կին լրագրողն ավելի խորն ու ավելի հստակ է պատկերացնում կանանց հոգսերն ու խնդիրները, այլ այն պարզ պատճառով, որ Հայաստանում լրագրողների բացարձակ մեծամասնությունը կանայք ու աղջիկներ են: Թերթերի, կայքերի, հեռուստալրագրողների բացարձակ ու բացահայտ մեծամասնությունը կանայք ու աղջիկներ են:
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է կինն իրավազուրկ ու ճնշված լինել մի երկրում, որտեղ կին լրագրողները տոկոսային հարաբերությամբ ավելի շատ են, քան եվրոպական ամենազարգացած երկրներում: Ընդ որում՝ ամենահամարձակ հոդվածների հեղինակներն էլ են հիմնականում աղջիկներն ու կանայք: Եվ ընտրությունների ժամանակ ընտրությունները վերահսկող ու լուսաբանող լրագրողների մեծամասնությունն էլ են աղջիկներ ու կանայք:

Ճիշտ է, նրանցից շատերն ընտրությունների ընթացքում ենթարկվում են տարատեսակ ճնշումների, բայց դա ամենեւին չի նշանակում, թե ճնշված ու անազատ են. ընդհակառակը՝ դա նշանակում է, որ իրենք մշտապես պատրաստ են պայքարել ճնշված ու անազատ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար: Այսինքն՝ Հայաստանում ոչ թե կինարմատն է ճնշված, իրավազուրկ ու անազատ, այլ ընդհանրապես քաղաքացին, անկախ նրանից՝ կին է, թե տղամարդ: Ինչ վերաբերում է կոնկրետ կանանց, Հայաստանում, ի տարբերություն հետամնաց ասիական երկրների, կանայք մասսայաբար ճնշված ու իրավազուրկ չեն: Մեզանում, ճիշտ է, կան ընտանիքներ, որտեղ իշխում են ասիական բռի ու կոպիտ բարքերը, բայց դրանք առանձնապես մեծ թիվ չեն կազմում, եւ այդ ընտանիքների կանայք իսկապես արժանի են ուշադրության եւ պաշտպանության:

Ինչ վերաբերում է ընդհանրապես հայ կանանց, նրանց մեջ մեծ թիվ են կազմում ոչ միայն լրագրողները, այլեւ գրողները, ուսուցիչները, դասախոսները, գիտնականները, բժիշկները եւ նույնիսկ քաղաքական գործիչները: Ճիշտ է, նրանց շատ փոքր մասն է Ազգային ժողովի պատգամավոր, բայց դա հեշտ շտկելի թերություն է՝ մանավանդ նոր Սահմանադրության պարագայում. համամասնական ընտրության շնորհիվ հնարավոր է հեշտությամբ այդ բացը լրացնել: Իշխանական եւ ընդդիմադիր նախընտրական ցուցակներում կարելի է տղամարդկանց տեղերի հաշվին կանանց տեղերը զգալիորեն ավելացնել, եւ եթե օլիգարխների մանդատները տրվեն կանանց, դրանից Ազգային ժողովի մակարդակը զգալիորեն ու նկատելիորեն կբարձրանա: Եվ եթե հայ կինն իսկապես ճնշված ու անազատ է, թող նրա իրավունքների պաշտպանության համար կին պատգամավորները պայքարեն: Ընդ որում՝ միասնաբար: Չնայած չեմ հիշում մի դեպք, երբ մեր կին պատգամավորները որեւէ էական հարցում միավորվեն ու միասնաբար հանդես գան: Բայց դա նույնպես շտկելի բաց է:

Ինչ վերաբերում է հայ տղամարդկանց, հայ տղամարդիկ հայ կանանց չափազանց են գնահատում, սիրում ու մեծարում, եւ դրա վկայությունն ու ապացույցն է այն, որ այսօրվա դրությամբ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ գոյություն ունի կանանց միամսյակ:

 
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
19.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031