Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Կուանդիկ Տուրգանկուլովը հայտարարել է 2016թ. մարտի 20-ին Ղազախստանում տեղի ունեցած խորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հաղորդել է, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ստացված նախնական տվյալների համաձայն՝ իշխող Նուռ Օթան կուսակցությունը ստացել է երկրի ընտրողների 82,15% վստահության քվեն։
Իշխող կուսակցությունից հետո ամենաշատ քվեն ստացել է դեմոկրատական Աք ժոլ կուսակցությունը՝ հավաքելով 7,18%, իսկ Կոմունիստական կուսակցության օգտին քվեարկել է Ղազախստանի քաղաքացիների 7,14%-ը։ Ընտրություններին մասնակցած մնացած կուսակցությունները ստացել են 3%-ից պակաս քվե։
Ղազախստանում կայացած ընտրությունների նախնական արդյունքներով երկրի խորհրդարանում, իշխող կուսակցությունից բացի, ներկայացված կլինեն Աք ժոլ և Կոմունիստական կուսակցությունները, որոնց հաջողվել է հաղթահարել խորհրդարանում ներկայացված լինելու համար սահմանված 7%-ոց շեմը։
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ Նուռ օթան (Հայրենիքի լույս) կուսակցությունը նախագահ Նազարբաևին աջակցող Ղազախստանի ամենախոշոր կուսակցությունն է, որը հիմնադրվել է 1999թ՝ նախագահ Նազարբաևի նախաձեռնությամբ, որն էլ կուսակցության առաջնորդն է։