Երեկ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը խոսեց հանրապետությունում մարզաձեւի անցած ուղու, այսօրվա ձեռքբերումների, խնդիրների եւ ապագա ծրագրերի մասին:
«Խորհրդային Միության ժամանակ հրաձգությունը Հայաստանում զարգացած մարզաձեւ էր: Սակայն անկախացման եւ արցախյան պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը մեր բոլոր զենքերը հավաքեցին՝ տարան ու մենք մնացինք զրոյական վիճակում: 1992/93 թվականներից սկսեցինք զարգացնել մարզաձեւը: Հրաչյա Պետիկյանի միջոցներով «Դինամոյի» բազայի վրա կառուցվեց հրաձգարան, որն այնուհետեւ դարձավ մարզադպրոց: 2008 թվականին կառուցվեց նոր մարզադպրոց՝ հագեցված հրաձգային նորագույն սարքավորումներով ու պայմաններով ու այդ ժամանակվանից էլ հրաձգությունն սկսեց նոր թափ ստանալ:
Անցած այս տարիների ընթացքում ունեցանք արդյունքներ, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նվաճեցինք թե ոսկե, թե արծաթե, թե բրոնզե մեդալներ: Լավագույն տասնյակներում գրաված տեղերը չեմ հաշվում: Վստահ եմ, որ հրաձգությունը կշարունակի զարգանալ, եթե ներդրումները որոշ չափով ավելանան: Մոտ 8-10 տարի է՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից ստանում ենք տարեկան 26 միլիոն դրամ պետական աջակցություն: Այս տարի նոր քայլեր են արվում մեր պայմանները բարելավելու ուղղությամբ: Երեւի լսել եք նախարար Գաբրիել Ղազարյանի մամուլի ասուլիսը, որ Հայաստանի ամբողջ տարածքում պետք է զարգացվի մարզաձեւը՝ նոր հրաձգարաններ կառուցելով, լրացուցիչ նեդրդրումներ կատարելով: Սա մեզ հույս է տալիս, որ հրաձգությունը այդ ամենով ավելի կզարգանա», – ասաց պարոն Նիկողոսյանը:
Ասուլիսում խոսվեց մեր հրաձիգների՝ օլիմպիական ուղեգրեր նվաճելու հնարավորությունը բաց թողնելու եւ եւ հավանական սպիտակ քարտի մասին: «Այսօր ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը այդ հարցով զբաղվում է Հրաչիկ Բաբայանի համար», – տեղեկացրեց գլխավոր մարզիչը:
«Առավոտը» հետաքրքրվեց. հիմա մեր հաջողությունները հիմնականում արձանագրվում են երիտասարդական եւ պատանեկան տարիքային խմբերում, մեծահասակների հերթը ե՞րբ է գալու, որին հետեւեց պատասխանը. «Արդեն ասացի, որ 90-ականների սկզբին մենք մնացինք առանց ոչ մի բանի եւ դրանից հետո ըստ էության ամեն ինչ սկսել ենք զրոյից: Նախկին անվանի հրաձիգները կամ հեռացան, կամ այլ աշխատանք գտան: Դա է պատճառը, որ մեծահասակների մեջ առայժմ սպասվող հաջողությունները չունենք: Բայց ամեն բան լավ է լինելու: Դրանում մենք համոզված ենք»: Մեր երկրորդ հարցին, թե մյուս մարզաձեւերում միջազգային պաշտոնական առաջնություններին նախապատրաստվելու փուլերում ուսումնամարզական հավաքներ են անցկացնում նաեւ Հայաստանի սահմաններից դուրս: Դա հրաձգության համար է՞լ պարտադիր կամ ցանկալի է: «Իհարկե: Հավաքների ժամանակ բոլորը հավաքվում են մեկտեղ, միասին մարզվում, միմյանցից ինչ որ բան են յուրացնում:
Կարդացեք նաև
Մենք դրա, ինչպես նաեւ ավելի հաճախակի արտագնա մրցումների մասնակցելու հնարավորություն առայժմ չունենք, թեեւ մեր ֆեդերացիայի նախագահը, նախարարությունը եւ օլիմպիական կոմիտեն հնարավորին չափ աջակցում են, օրինակ, մեր առաջատար հրաձիգների համար ժամանակակից զենք, փամփուշտ, հանդերձանք ձեռք բերելով: Իսկ դրանք էժան հաճույքներ չեն: Կրկնում եմ՝ ամեն բան իր տեղն է ընկնելու», – պատասխանեց Սեյրան Նիկողոսյանը եւ ավելացրեց նաեւ, որ իրենք, ինչպես նաեւ մյուս մարզաձեւերը, սպորտային հոգեբանի կարիք ունեն, որոնց պակասը խիստ զգացվում է: Մեծապես նաեւ դա է պատճառը, որ մեր հրաձիգները հաջող մեկնարկներից հետո մրցման ընթացքում կամ եզրափակիչ հատվածներում չեն կարողանում հաղթահարել լարվածությունը, սթրեսը եւ ի վերջո առաջատարի դիրքերը հաճախ զիջում են:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.03.2016