Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժողովուրդը Քրիստոսին որպես թագավոր էր դիմավորում, իսկ մեկ շաբաթ անց` խաչը հանում

Մարտ 20,2016 19:59

Քառասունօրյա պահքը այս կիրակի ավարտվում է Ծաղկազարդի տոնով եւ նրան հաջորդում է եւս մեկ պահոց շրջան` Ավագ Շաբաթը

«Առավոտի» հետ զրույցում տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը նշեց, քանի որ Քրիստոս Ղազարոսին մեռելներից հարություն էր տվել եւ բազում այլ հրաշքներ էր գործել, նրա հեղինակությունը բարձր էր եւ երբ նա եկավ Երուսաղեմ, նրան դիմավորեցին թագավորին վայել: «Զատկի տոնախմբության համար Երուսաղեմ գնացող մարդիկ դուրս էին եկել Քրիստոսին ընդառաջ` բացականչելով` «Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում եւ Փառք բարձունքներում» (Մատթ. 21:9): Ժողովուրդը Քրիստոսին մեծ խանդավառությամբ էր ընդունում` նրա ճանապարհին փռելով ձիթենու եւ արմավենու ճյուղերը, իսկ ոմանք էլ իրենց զգեստներն էին ճյուղերի փոխարեն փռում»,-նշեց հոգեւոր հայրը:

caxkazard

Նա ասաց, որ Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը՝ ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Սուրբ Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը եւ բաժանում ժողովրդին: «Այդ օրը, ըստ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինության` հռչակվել է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Քրիստոսի՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ հատկապես մանուկներն էին աղաղակում` ասելով. «Օրհնություն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Պատարագից հետո, կատարվելու է մանուկների օրհնության կարգ, աղոթելու ենք նրանց առողջության, բարօրության եւ այս կյանքում իրենց տեղը գտնելու համար: Շատ կարեւոր է, որ երեխաներին հենց մանկուց հաղորդակից դարձնել մեր հոգեւոր արժեքներին, որպեսզի նրանք այդ արժեքներով մեծանան»,- ասաց տեր հայրը:

Եկեղեցու հայրերը ներկայացրել են խորհրդաբանական մեկնաբանություններ: Ըստ նրանց մեկնության՝ Հիսուսի առջեւ հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը, իսկ ոստեր եւ ճյուղեր ընծայելը` առանձնակի պատիվներ եւ հանդիսավորություն: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետեւողների խոնարհությունը: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո:
Եկեղեցու հայրերն առանձնացրել են այն 8 պատիվները եւ անարգանքները, որոնք Քրիստոս կրեց իր երկրային կյանքի վերջում: Խորհրդաբանության մեջ տեր հայրն առանձնացրեց նաեւ Երուսաղեմ մուտքի ժամանակ տեղի ունեցած ընդունելության տարբերությունը` մի շաբաթ անց տեղի ունեցող իրադարձության հետ: Երբ մի դեպքում ժողովուրդը Քրիստոսին ընդունեց որպես արքայի, իսկ մյուս դեպքում՝ այդ նույն ժողովուրդը նրան խաչը հանեց:

Երկրորդ համեմատականն անցկացվում է Քրիստոսի աշակերտների հետ` այդ օրը նրանք Հիսուսին հնազանդ էին, իսկ ուրբաթ օրը թողեցին ու փախան: Հաջորդը այն էր, որ հրեաները եթե իրենց հանդերձները տարածում էին Հիսուսի ոտքերի առջեւ, իսկ ուրբաթ օրը Հիսուսին մերկացրեցին: Չորրորդ` այսօր օրհնում էին Նրան՝ ասելով՝ «Օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով», իսկ ուրբաթ օրը` անիծում եւ ասում` «Վա՛հ, Դու որ քանդում էիր տաճարը եւ երեք օրից այն շինում» (Մատթ. ԻԷ 40): Հինգերորդ` այսօր ծառի ոստեր էին մատուցում նրան, իսկ ուրբաթ օրը, կապելով քարե սյանը` ծեծում նրան: Վեցերորդ` այսօր իրենց զգեստները գցում էին ավանակի վրա, իսկ ուրբաթ օրը` կոպտությամբ հանեցին խաչը: Յոթերորդ` այսօր Նրան թագավոր էին ասում. «Օվսաննա՜, օրհնեա՜լ լինես Դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ո՛վ Թագավոր Իսրայելի» (Հովհ. ԺԲ 13), իսկ ուրբաթ օրն ուրացան Նրան ու ասացին. «Չունենք մենք այլ թագավոր, բացի կայսրից» (Հովհ. ԺԹ 15): Ութերորդ՝ այսօր Նրան Փրկիչ էին կոչում` ասելով. «Օվսաննա՜», իսկ ուրբաթ օրը Նրան մոլորեցնող էին անվանում ու ասում. «Ուրիշներին փրկեց, Ինքն Իրեն չի կարողանում փրկել» (Մատթ. ԻԷ 42):

Ժողովրդի տրամադրվածության փոփոխությունը տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը մեկնաբանեց, որ այն Քրիստոսի` որպես մեսիայի կամ որպես փրկչի սխալ ընկալումն էր` նրանք սպասում էին երկրավոր թագավորի, մինչդեռ Քրիստոս երկնային թագավոր էր:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

19.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031