Լրահոս
Օրվա լրահոսը

Վիլեն Խաչատրյան. Moody’s-ը Հայաստանի տնտեսական զարգացումների մեջ ռիսկ է տեսել

Մարտ 20,2016 16:38

Միջազգային վարկանիշավորող Moody’s Investor Service գործակալությունը իջեցրել է Հայաստանի թողարկողների եւ պետական պարտատոմսերի վարկանիշը Ba3-ից B1-ի:

Որպես փոփոխությունների հիմնական պատճառ նշվում է Հայաստանի արտաքին խոցելիության մեծացումը՝ պայմանավորված Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատմամբ, օտարերկրյա ուղղակի ներդրումների համար  անորոշ հեռանկարը, փոխարժեքի փոփոխությունների նկատմամբ գերզգայունության մեծացումը եւ արտարժույթի պահուստների վրա սպասվող ճնշումը: Գործակալությունը շեշտում է նաեւ Հայաստանի տնտեսական աճի համար հավելյալ ռիսկեր է ստեղծում աշխարհաքաղական իրավիճակը՝ պայմանավորված մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ կազմակերպությունները որոշակի ռիսկեր է տեսնում Հայաստանի համար, եւ այդ ռիսկային իրավիճակը ստիպում է վարկանիշն իջեցնել. «Խնդիրը նրանում է, որ Հայաստանի տնտեսական զարգացումների մեջ վերջիններս որոշակի առումով ռիսկ են տեսել, դրա համար վարկանիշը վերանայել են: Տնտեսական աճի ցածրացման միտումները կարող են լինել՝ պայմանավորված առեւտրային հարաբերությունների հետ՝ կրճատման ներմուծման ծավալները, կարող են տրանսֆերտների կրճատման հանգամանքը հաշվի առնել»:

Նա նշեց, որ աշխարհաքաղաքական առումով որոշ ռիսկային զարգացումներ կան Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մեջ, կա Արաբական աշխարհից եկող  վտանգը, սահմանին շատ դեպքերում առկա է լարված իրավիճակ, այդ երեւույթները եւս արտահայտվող ցուցանիշներ են նրանց համար, ովքեր աշխարհաքաղաքական դիրքից ելնելով գնահատական են տալիս. «Բնականաբար, մենք հայտնվել ենք մի տարածաշրջանում, որտեղ ռիսկային զարգացումներ կան, եւ այդ ռիսկային զարգացումները նաեւ պայմանավորված են մեր  հարեւան երկրներով՝ նաեւ Թուրքիայով այս պարագայում: Այդ իսկ պատճառով միայն այդ գործոնն անգամ  բավական է, որ որոշակի առումով նախորդ տարիներին կամ նախորդ ժամանակահատվածներում տրված ռեյտինգների համեմատությամբ աշխարհաքաղաքական գործոնն ավելացել է: Չեմ կարծում, որ դա էական ազդեցություն կթողնի մեզ վրա՝ այս պահի դրությամբ»:

Վիլեն Խաչատրյանը համարում է, որ Հայաստանի ներդրումային վիճակը որոշ առումով նպաստավոր չէ, նկատվում է ներդրումների անկում, իսկ դա պայմանավորված է նաեւ արտաքին աշխարհից եկող ներդրումներով. «Օտարերկրյա ներդրումները ամբողջ աշխարհում են կրճատվել 2015 թվականին, եւ իրենց շարունակական բնույթն են ունենում 2016 թվականին: Մեր հիմնական ներդրումային գործընկերը Ռուսաստանն է, իսկ ինչպես տեսնում ենք, Ռուսաստանի տնտեսական իրավիճակը դեռեւս նավթի գների ցածր լինելու պարագայում այնքան էլ լավ չէ: Չնայած որոշակի դրական զարգացումներ կան, եւ նկատում ենք, որ նավթի գները սկսել են որոշակի առումով աճել: Եթե նավթի գները սկսեն աճել, մեր տնտեսության մեջ որոշակի դրական զարգացումներ կնկատենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031