Արդեն տարիներ են, ինչ Իսլամական պետություն կոչվող խմբավորումն իր գործողություններով դրել է աշխարհի կործանման սկիզբը, իսկ մոլորակի բոլոր պետությունների ղեկավարները, բացի Թուրքիայից, քնած են և խորքային կերպով չեն պատկերացնում Իսլամական պետության կողմից նետված մարտահրավերի լրջությունը: Իսկ ինչու բացի Թուրքիայից, քանզի գաղտնիք չէ, որ Թուրքիան ամեն կերպ սատարում է նրանց, եթե չասենք՝ ինքն է կառավարում այդ ամենը: Որպեսզի պատկերավոր լինի մեր պատկերացումներն Իսլամական պետության որպիսիության և նրանց կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ, նշենք միայն, որ այն շատ նման է անբուժելի, չարորակ ուռուցքի, որն իր գործն անում է մինչև մարդուն վերջնական սպանելը, եթե բժշկությանը չի հաջողվում լոկալացնել և վերացնել նրա վերջին բջիջը: Կարճ ասած, Իսլամական պետությունը մի չարորակ ուռուցք է մարդկության համար և եթե ժամանակին չվերացվի այն, ապա ինչ-որ պահից սկսած արդեն ուշ կլինի և ինքը կվերացնի աշխարհը:
Որոշ երկրների ղեկավարներ՝ պատեհ առ պատեհ, հատկապես իսլամիստների հերթական տեռորիստական ակտից անմիջապես հետո, պարտադրված են լինում համատեղ կամ առանձին-առանձին ինչ-ինչ բանաձևեր մշակել, վերամբարձ հայտարարություններ անել Իսլամական պետության հասցեին, որ հեսա-հեսա կսատկացնեն բոլոր իսլամիստներին ու շատ արագ էլ՝ մի երկու փոքրիկ օպերացիայից հետո մոռանում ու դադարեցնում են իրենց հետագա քայլերն այդ ուղղությամբ: Համենայնդեպս, մինչև այժմ այդ պետությունների ղեկավարների մոտեցումները իսլամիստների գործողությունների նկատմամբ եղել է մոտավորապես այսպիսին: Ապշում ու ցնցվում ես, երբ իսլամիստները բավականի հաճախ սոց ցանցերում տեղադրում են այն ահասարսուռ տեսարանները, թե ինչպես են նվաստացնում և գլխատում մի քանի տասնյակ լրիվ անմեղ տուրիստների և քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունեցող երիտասարդ տղաների ու աղջիկների, դրանով փաստացի արհամարհելով և թքելով հենց այդ երկրների ղեկավարների երեսին և դրանով միաժամանակ հասկացնելով նրանց, որ դուք միայն բարբաջում եք, իսկ մենք գործ ենք անում և այդպես շարունակվելու է այնքան, մինչև դուք չկատարեք մեր բոլոր պահանջները: Իմ սուբյեկտիվ գնահատմամբ, իսլամիստներն առ այս պահը հաղթում են, քանզի նրանց կողմից զիջման գնալու որևէ նշույլ անգամ չի զգացվում: Նրանք չափազանց ճիշտ են վարում իրենց քաղաքականությունը և հենց սկզբից են հասկացել, որ փոքրիկ զիջումները՝ շատ արագ կդառնան մեծ, որն էլ երբևէ կբերի իրենց պարտությանը: Նրանք ֆանատներ են, իսկ ֆանատները երբեք չեն զիջում, քանզի զիջումը լրիվ անհարիր է ֆանատությանը և զիջումը ֆանատի ավարտն է: Սա է նրանց քաղաքականության գիծը, որից երբեք չեն շեղվում և փորձում են անընդհատ առաջ շարժվել: Ինչպես նախկինում գրել եմ, հավանաբար պետությունների ղեկավարները նրանց որակի մասին խորքային պատկերացում կկազմեն, եթե նրանց գերիների՝ զոհերի թվում տեսնեն իրենց երեխաներին: Այդ դեպքում միայն նրանք լրջորեն կվերաբերվեն այս մարդակուլ ֆանատներին և փորձ կանեն կտրուկ գործողություններ իրականացնել:
Այս պայքարը բոլորիս պայքարն է և հերթական անգամ բարձրաձայնում եմ, որ մարդկության համար Իսլամական պետությունն ավելի վտանգավոր է, քան ատոմային ռումբը, այնպես որ, նման ֆանատիզմի դեմ պայքարի մի ձև կա միայն. պետք է բոլոր երկրները միավորվեն և վայրկյան շուտ ֆիզիկապես ոչնչացնեն նրանց՝ մինչև վերջին արարածը, քանզի մեկ հոգին անգամ բավական է, որ երբևէ նոր ծիլեր տան: Իսկ եթե չեն կարողանում, այդ դեպքում թող խոնարհվեն Իսլամական պետությանը և ծնկաչոք խնդրեն, որպեսզի այդքան դաժան չվարվեն իրենց անմեղ քաղաքացիների նկատմամբ: Այլ խոսքով, բոլոր ճանապարհները փակ են և մի ճանապարհ կա միայն. պետք է վայրկյան շուտ, լրիվ արմատախիլ անել նրանց՝ առանց որևէ բանի դեմ կանգ առնելու: Իրական վիճակը, որում այսօր գտնվում է աշխարհի մարդկությունը, այսպիսին է. կամ շահն է մորթում, կամ շահին են մորթում: Նրանք մորթելով առաջ են գնում և ժամանակն ի վնաս մարդկության է աշխատում: Ժամանակի առանցքի վրա կա մի կետ և եթե մինչև այդ կետը հասնելը Իսլամական պետությունը լիովին ոչնչացված չլինի, ապա այլևս անհնար կլինի նրանց վերացնել: Այդ պահից սկսած նրանք կավերեն աշխարհը և կվերացնեն այն…
Ասվածը մարդկությանն սպառնացող թիվ մեկ վտանգն է և Աստված մի արասցե, որ ափսոսալով ասենք, ուշացանք…
Կարդացեք նաև
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ