Այսօր՝ մարտի 20-ին Բերդ քաղաքում ոստիկանները ձերբակալել են մարտի 18-ի ուշ երեկոյան Բերդի տարածաշրջանում, ջրամբարի մոտ, «Լճերի սերվիս» կոչվող տարածքում 28-ամյա Գագիկ Ճաղարյանի սպանության եւ 38-ամյա Վրեժ Մաթեւոսյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ կասկածվող 25-ամյա Գրիգոր Մաթեւոսյանին:
Վերջինս Բերդ քաղաքի բնակիչ է, նախկինում 3 անգամ դատվել է գողության, կողոպուտի, մարմնական վնասվածք պատճառելու համար: Իրավապահ աղբյուրներից տեղեկացանք, որ մարտի 18-ին, սպանության եւ դանակահարության դեպքից առաջ, Վրեժ Մաթեւոսյանը եւ Գագիկ ճաղարյանը փորձել են հրդեհել Գրիգոր Մաթեւոսյանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան: Նրանց միջեւ, մի քանի այլ անձանց ներկայությամբ, կայացել է հաշիվների պարզաբանում, որին հաջորդել է դանակահարությունը: Իրավապահ աղբյուրներից տեղեկացանք, որ սպանության եւ դանակահարության պատճառը փողի հետ կապված խնդիրներն են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ