Կապիտալիստական ուղին ընտրած երկրներում տնտեսության հիմնական շարժիչ ուժը հանդիսանում է տվյալ երկրի հարուստների խավը, այսպես կոչված օլիգարխիան։ Հենց նրանք էլ, տիրապետելով հսկայական նյութական միջոցների, հանդիսանում են տվյալ երկրի բյուջեի հիմնական ձևավորողները, հանդիսանալով ամենամեծ և հիմնական հարկատուները։
Անկախանալով Հայաստանն ընտրեց զարգացման կապիտալիստական ուղին։ Բնականաբար նորածին պետության հաջող գոյատևման համար անհրաժեշտ էր ունենալ այսպես կոչված իր հարուստների խավը։ Այն առաջացավ։ º ինչպես ընդունված է ասել՝ «Երբ միլիոնատիրոջը հարցնում են իր հարստության ձևավորման գործընթացից, պատասխանում է, որ ամեն ինչ կասի կամ կբացատրի, բացի առաջին միլիոնի առաջացումից¦, այդպես էլ հիմա հայաստանյան օլիգարխիայի ծագման առաջացման ընթացքը փորփրելն իմաստ չունի, փաստացի արդյունք էլ չի տա և երկրին լրացուցիչ ցնցումներից բացի ոչինչ չի բերի։ Մարդիկ, որոնք ինչ-ինչ ձևերով հարստացել են այս երկրում, դարձել են հաջողված գործարարներ, որոշակիորեն շատ զգուշորեն բյուջեի են մոտենում երկրի բյուջեի ձևավորման գործընթացին։ Նրանց մի մասը, զգուշանալով սպասվելիք զարգացումներից, ներսում առաջացած կապիտալն երկրի ներսում կիրառելու փոխարեն տանում է դուրս, մյուս մասն էլ իր գործունությամբ սպասարկման ոլորտից(հիմնականում առևտուր, հյուրանոցներ, բանկեր, առողջապահություն, տրանսպորտ) այն կողմ չի անցնում։ Խորհրդային ժամանակվա աշխատած շատ ձեռնարկություններ, որոնց թողարկած արտադրանքը հիմա էլ միջազգային շուկայում մրցունակ կլիներ, չեն աշխատում կամ աշխատում են նախկինի համեմատ բավականին ցածր արտադրողականությամբ։ Ավելացնենք նաև, որ Հայաստանում այս պահին գործող արդյունաբերական սակավաթիվ ձեռնարկություններն էլ էներգետիկ ծախսերի աճի հետևանքով այլ երկրներում գտնվող ձեռնարկությունների համեմատ հայտնվել են ծանր մրցակցային դաշտում։ Դրսից կապիտալ չաշխատող ձեռնարկությունների վերագործարկման նպատակով կամ խոշոր ծրագրերի կյանքի կոչելու իմաստով փաստացի մուտք չի գործում։ Այդ իմաստով թերևս հաճելի բացառություն կարելի է համարել Լեռնահանքային արտադրությանը։ Սակայն այս բնագավառի արտադրանքի՝ մետաղական խտանյութերի, տեղում շարունակական մշակելու փոխարեն արտահանումը Հայաստանին դարձնում է զարգացած երկրների հումքային կցորդ։
Ու՞մ է ձեռնտու նման իրավիճակի առաջացումը և կարո՞ղ էր անկախացումից հետո զարգացումների այլ ընթացք լինել։ Կարող են լինել կարծիքներ, որ ռազմավարական դաշնակիցը․․․․ չի թողնում։ Սակայն հարցի նման մեկնաբանությունը կարող է լինել միայն և միայն նշված խնդրի մակերեսային մոտեցման արդյունք։ Շատ ավելի մեծ տնտեսություն ունեցող Ռուսաստանին հաստատ չի խանգարում Հայաստանի նախկին արտադրական հսկաների, մասնավորապես Նաիրիտի, Վանաձորի քիմիական համալիրի, Ալավերդու Լեռնամետալուրգիական կոմբինատի(զտված պղնձի, ծծմբական թթվի, պղնձարջասպի արտադրություններով) ու նրա արտադրանքով աշխատող պղնձի մալուխի գործարանների, էլ․շարժիչների, անվադողերի, Ախթալայի պահածոների գործարանի և այլ արտադրությունների վերականգնումը։ Այս ձեռնարկություններն իրենց շահույթով ոչ միայն կձևավորվեին հանրապետության բյուջեն, այլև առաջացնելով մեծաթիվ աշխատատեղեր՝ կվերացնեին տարին տարվա վրա ահագնացող չափերի հասնող արտագաղթը։ Ուրեմն ո՞րն է պատճառը։ Այսօր հանրապետության իշխանական լծակները կառավարող մի խումբ մարդիկ, անկախ նրանից թե նրանցից ով է իշխանությունում կամ ինչ միջոցների տեր է, իրենց ազդեցության մենաշնորհը երկրի տնտեսությունում և իշխանությունում պահելու նպատակով ակամա կատարում են երկրի տնտեսության զարգացումն արգելակող, դրսի ներդրումների մուտքն խոչընդոտող, ներգաղթի փոխարեն արտագաղթը խթանող՝ բնույթով հայկական պետականությունը թուլացնող քաղաքականություն, դրանով վտանգի տակ դնելով նաև Արցախյան ազատամարտի արդյունքները։
Ակամա միտք է առաջ գալիս՝ իսկ ինչպես են իրենց դրսևորել տնտեսության զարգացման տեսակետից հաջողված երկրներում շատ ավելի հսկայական միջոցների տիրապետող մարդիկ և այդ պետությունների ղեկավարները․
Կարդացեք նաև
– երբ Բիլ Գեյթսին հարցրել են, թե ինչու է այդքան շատ հարկ մուծում պետությանը, պատասխանել է, որ իր հարստությամբ նա պարտական է ԱՄՆ-ին, այդ պատճառով էլ պարտավոր է այդպես վարվել;
– երբ Ֆրանսուա Օլանդն ընտրվեց Ֆրանսիայի նախագահ, երկրի բյուջեի անհրաժեշտ մուտքերն ապահովելու համար ծանրության նժարը նա տեղափոխեց երկրի հարուստ խավի վրա՝ ավելացնելով նրանց հարկերը։ Եղան այնպիսիներն, որոնք դժգոհելով Օլանդի հարկային քաղաքականությունից հեռացան Ֆրանսիայից, բայց հասարակությունը, ներառյալ երկրի տնտեսության ձևավորման մեջ մեծ ավանդ ունեցող հարուստների հիմնական խավը հասկացողությամբ վերաբերվեց իր ընտրած նախագահի քայլին․ Օլանդն այդ քայլը կատարել էր ոչ թե իր կամ իր մերձավորների բարեկեցության համար, այլ հանուն Ֆրանսիայի պետականության ամրապնդման և ֆրանսիական ժողովրդի բարորության:
– նորվեգացի 90-ամյա միլիարդատեր Ուլավ Տուն(ըստ Ֆորբսի նրա ունեցվածքը գնահատվում է մոտ 6 միլիարդ դոլլար), չունենալով ուղղակի ժառանգորդներ 2006թ․-ին իր 13-ից 30 տարեկան 26 ազգականներին հատկացրել է 26 միլիոն կրոն։ Հարազատների հանդեպ սահմանափակ հատկացման իր այդ քայլն նա բացատրել է նրանով, որ մեծ ժառանգությունը չի կարող երջանկություն բերել, քանի որ կյանքում կարևորն աշխատելու հնարավորությունն է և նորին ձգտելու կարողությունը։ Առողջության հետ կապված խնդիրներ չունենալով և վարելով առողջ ապրելակերպ, նա իրեն թողնելով անհրաժեշտ մինիմումը, մնացած ունեցվածքն որոշել է ծախսել հայրենի երկրում բժշկական հետազոտությունների վրա։ Համարելով իր այդ քայլն օգտակար գործ, Ուլավ Տուն հայտարարել է, որ այն աշխարհում այդ ունեցվածքն իրեն պետք չի գալու։
– տնտեսության զարգացման գործում շատ կարևոր է տվյալ երկրի տարածքում գործող՝ տնտեսության վրա լայնածավալ ազդեցություն ունեցող ձեռնարկությունների դերն այն իմաստով, որ տնտեսավարման իրենց քաղաքականությամբ նրանք կնպաստեն երկրի զարգացմանը, թե երկրին կգցեն արտաքին պարտքի տակ։ Այդ իմաստով ուսանելի է Իսլանդիայի փորձը, որտեղ բանկիրների առաջացրած չհիմնավորված անհեռատես ««ներդրումային«« քաղաքականությունը բերեց մասնավորեցված բանկերի արտաքին մեծ պարտքի առաջացմանը։ Իր հերթին էլ վրա հասած 2008թ․-ի ֆինանսական ճգնաժամը կործանեց երկրի բանկային սիստեմը, որի արդյունքում էլ այդ տարվա վերջին Իսլանդիան հայտարարեց երկրի անվճարունակության մասին․ կրոնն եվրոյի համեմատությամբ կորցրել էր իր արժեքի 85%-ը։ Սովորաբար կառավարությունները նման դեպքերում որպես ստանդարտ քայլ պարտք են վերցնում միջազգային վալյուտային ֆոնդից։ Առաջանում է ոչ տրամաբանական իրավիճակ – երբ շահույթ կար, այն ստանում էր անհատ ձեռներեցն, իսկ վնասների դեպքում փոխհատուցում է պետությունը, այսինքն՝ երկրի ազգաբնակչությունը։ Որպեսզի առաջացած 3,5միլիարդ եվրոյի պարտքը պետությունը փակեր, Իսլանդիայի յուրաքանչյուր բնակիչ, ներառյալ նորածինները, պետք է 15 տարվա ընթացքում ամեն ամիս վճարեցին 100եվրո։ Սակայն իսլանդացիները գնացին այլ ճանապարհով․ երկրի ղեկավար Օլաֆուր Ռագներ Գրիմսոնը հրաժարվեց Իսլանդիայի քաղաքացիներին դարձնել բանկիրների պարտքերի պատասխանատու և անցկացրեց հանրաքվե, որը զարգացած երկրների ֆինանսիստների կողմից ընդունվեց անբարյացակամորեն։ Վիկինգների ժառանգների 93%.-ը 2010թ․-ի հանրաքվեում քվեարկեց պարտքի վճարման դեմ, երկրի երեք հիմնական բանկերը(Landbanki, Kapthing, Glitnir) ազգայնացվեցին, իսկ բարձրաստիճան բանկիրների և ֆինանսիստների մի մեծ խումբ դատապարտվեց ազատազրկման, ինչը միջազգային պրակտիկայում աննախադեպ երևույթ էր։
Բերված 4 օրինակներն ավելորդ անգամ ապացուցում են, որ այնտեղ, որտեղ տվյալ պետության հարուստները կամ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց պահում են պետության(ազգաբնակչության) շահերի ուժեղացման կամ պաշտպանման տեսանկյունից և առաջացած իրավիճակից ելնելով ցուցաբերում են երկրի վիճակի կայունացմանը նպաստող քաղաքական կամք, այդ երկրները հաջողում են։
Մեր պարագայում բերված օրինակներն ավելի քան ուսանելի են։ Իսկ Իսլանդիայի բանկային սիստեմի հետ կապված խնդրի հանգուցալուծման ձևի համադրում-անալիզը Հայաստանում պետական մակարդակով ՀԷՑ-ի հետ տարվող աշխատանքի հետ ցույց է տալիս ցանկության դեպքում երկրի ղեկավարի կողմից ազգաբնակչության համար ճիշտ ու ձեռնտու որոշում գտնելու հնարավորության մասին․
– վերջին 3 տարվա ընթացքում ՀՀ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է 70 % ով։ Չնայած դրան էներգետիկ համակարգում առաջացած պարտքը գնալով մեծացել է: Իսկ վերջին թանկացումից 7 ամիս անց պարզվել է, որ երբ 2015թ-ի օգոստոսի 1-ի դրությամբ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ահազանգում էր առաջացած 23.5 միլիարդ դրամ պարտքի մասին, ՀԷՑ-ը կուտակած 23.5 միլիարդ դրամ պարտքից Հայաստանում էլ․էներգիա արտադրող ընկերությունների մի մասին ոչ մի դրամ չի վճարել: Պարզվում է, որ փող չստացող էլէկետրաէներգիա արտադրող ընկերությունների սեփականատերերը կամ ՀՀ-ն է, կամ էլ հայաստանյան գործարարներն, իսկ փող ստացող ընկերությունների սեփականատերերը օտարերկրյա սուբյեկտներ են. Հրազդանի ՋԷԿ-ը պատկանում է §Ինտեր ՌԱՕ ԵԷՍ¦-ին, նրա 5-րդ բլոկը՝ ռուսական «Գազպրոմ»-ին, իսկ ,«Որոտանի կասկադ»-ն ունի ամերիկյան սեփականատերեր: «Ինտեր ՌԱՕ»-ին պատկանող ՀԷՑ-ի ղեկավար Բիբինը մեզնից էլ․էներգիայի վարձերը ստանալով ու ՀՀ-ին է կամ հայաստանյան գործարարներին պատկանող ընկերություններին չվճարելով, ամբողջը տվել է ռուս սեփականատեր ունեցող Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկին ու ամերիկացի սեփականատեր ունեցող Հրազդանի կասկադին: Դեռ ավելին, այսքանից հետո տխրահռչակ Բիբինը շարունակել է շանտաժ անել՝ թե եթե գինը չթանկացնեք ձեր էներգետիկ համակարգը կրախի կենթարկեմ: Էլեկտրաէներգիայի սակագնի Մոտ 7 դրամ թանկացումից հետո ՀԷՑ-ը մեղմ հաշվարկներով 10-13 միլիարդ դրամի հասույթ է ունեցել։ Այդ գումարից՝ ըստ պատգամավոր Փաշինյանի, հայկական ընկերությունների պարտքերի միայն 10%-ն է մարվել։ ՀՀ իշխանություններն էլ մեղավորներին պատժելու նպատակով քրեական գործ հարուցելու, հետաքննություն անցկացնելու և ՀՀ Էներգետիկ համակարգի օտարերկրյա տիրապետության տակ գտնվող հզորություններն ազգայնացնելու որոշում կայացնելու փոխարեն (համեմատեք այս իրավիճակը վերը ներկայացված իսլանդական նմանատիպ դեպքի հանգուցալուծման հետ) հայտարարեցին, որ 30 միլիոն դոլար վարկ են վերցնում Համաշխարհային բանկից Հայաստանի ատոմային էլեկտրակայանի և Երևանի ՋԷԿ-ի պարտքերը փակելու համար: Այսինքն` մեր պետությունն իրեն համարելով անհատ գործարարների «կրած» վնասի պատասխանատու, իր վրա է վերցնում նրանց առաջացրած պարտքի մարումը։ Հետևաբար վերցված վարկի հետագա մարման ծանրությունը ընկնում է Հայաստանի ՀԷՑ-ին պարտք չունեցող և իր վճարումները ժամանակին պարտաճանաչ կատարած՝ պետբյուջեն իրենց մուծած հարկերով համալրող ազգաբնակչության վրա։
Ընդհանրապես հայաստանյան զարգացումների պարագայում կարող է լինել արտաքուստ տրամաբանական թվացող կարծիք, արդարացնող այլ երկրներից տարբերվող այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք․ նշված երկրներն ունեն պետականության կայացման երկարատև փորձ, որի ընթացքում իրենց մոտ ձևավորվել է լավ օրենսդրական դաշտ ու օրենքի գերակայություն, զարգացած և միջազգային շուկայում մրցունակ արտադրանք թողարկող տնտեսություն, էժան էներգոռեսուրսներ, աշխարհագրական նպաստավոր դիրք և այլն․․․ Արդի պայմաններում նման փաստարկն ընդունելի չի կարող լինել, քանի որ ի տարբերություն այդ երկրների զարգացման սկզբնական փուլի, ներկայումս մենք գտնվում ենք զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, երբ սեփական սխալների վրա սովորելով երկարատև ճանապարհ անցնելու փոխարեն կարելի էր բավականին հեշտությամբ ու արագ ուսումնասիրել մնացած երկրների կայացման ու զարգացման փորձն՝ ընթացքային գործած սխալներով հանդերձ և ունենալ հաջողված տնտեսավարում։ Նույնիսկ ամենանպաստավոր աշխարհագրական դիրք ունեցող երկիրը կարող է հայտնվել շրջափակման մեջ, եթե չկարողանա ստեղծել զարգացած մրցունակ տնտեսություն ու առաջավոր տեխնոլոգիաներ, այսինքն` չկարողանա ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը։ Իսկ իրանական էժան էներգակիրներից չօգտվելը և Ռուսաստանից էներգակիրներ ներկրելը՝ Հայաստանի սահմանին կտրուկ թանկացումով, սեփական կամքով տեղական արտադրությունների ստեղծումը կամ զարգացումը դնում են մեծ հարցականի տակ։ Հետևաբար, քանի դեռ մենք չունենք այլ երկրների համար պահանջարկ վայելող բարձրորակ արտադրանք թողարկող արտադրություններ, քանի դեռ մեր երկրի գիտական ուժին հնարավորություն չի տրվում մշակել առաջավոր տեխնոլոգիաներ, որոնք ոչ միայն կնպաստեին մեր տնտեսության զարգացմանն, այլ նաև կարտահանվեին, մեր երկիր եկող բոլոր ճանապարհները կգտնվեն փակման վտանգի տակ։ Այսինքն` ոչ թե արտաքին ուժերի, այլ մեր բոլորիս ջանքերով է առաջանում Հայաստանի՝ որպես պետության, այսպես կոչված շրջափակումը։ Եթե մնացած երկրներին մենք ինչ-ինչ պատճառով պետք չենք, բնականաբար նրանք ինչու պետք է մեզ հիշեն։ Պետք չէ մոռանալ, երբ Հայաստանում գործածության մեջ մտավ շրջափակում(բլոկադա) տերմինը․ դա անկախության հաստատման առաջին տարիներին էր։ Այն ժամանակ իշխանություններն այդ տերմինը մտցրին գործածության մեջ իրենց կողմից երկիր կառավարելու անճարակությունը թաքցնելու համար։ Մեր երկիրն չունենալով ծովային սահման, ցամաքային տարածքով ունեցել և հիմա էլ ունի 4 հարևան պետություն, որից երկուսի տարածքով և այդ տարիներին, և հիմա ունի այլ երկրների հետ հաղորդակցման անարգելք հնարավորություն։
Անշուշտ անկախացումից հետո անցած ճանապարհի անցյալի ու ինչու չէ, նաև ներկայի անալիզն անհրաժեշտ է մեր վիճակի նորովի գնահատման և տնտեսավարման ճիշտ ուղու ընտրության համար։ Ի՞նչ անել, որ երկիրը տնտեսական աճ ունենա և այնպիսի զարգացում ապրի, որ Հայաստանում ապրելը նրա բնակիչների համար դառնա ձեռնտու, որ արտագաղթածներն իմանալով իրենց սպասող աշխատատեղերի ու բարձր սոցիալական ապահովվածության մասին, վերադառնան հայրենիք, երբ մասնագետներին աշխատանքի ընդունելիս որպես գնահատման չափանիշ ներկայիս լայնորեն կիրառվող «մեջք» հասկացողությունն իր տեղը զիջի մասնագիտական կարողությանն ու գիտելիքին։ Կարո՞ղ է արդյոք անցումը պառլամենտական կառավարման ձևին, շարունակական՝ նոր, ազգանպաստ օրենքների ընդունումով մեզ տալ այդ հնարավորությունը։ Այս հարցին ավելի դիպուկ բնորոշում տալ, քան տվել է իր ժամանակին Օտտօ ֆոն Բիսմարկը, թերևս հնարավոր չէ․
– Վատ օրենքներով, բայց լավ չինովնիկներով երկիր կառավարելը հնարավոր է: Իսկ եթե չինովնիկներն են անպետք, այդտեղ անզոր են անգամ լավ օրենքները։
Գագիկ ՇՈԼԻՆՅԱՆ
Սկզբի համար պետք է 1. Արտահանմանը միտված նոր արտադրություններ հիմնել: Այս ուղղվածությամբ ներկրվող տեխնոլոգիական բոլոր տեսակի սարքավորումներն ու հումքը, նաեւ արտահանվող պատրաստի արտադրանքը պիտի ընդհանրապես ազատել մաքսերից ու հարկումներից՝ անորոշ-երկար ժամկետով, որը կարող է բերել կապիտալի լուրջ ներհոսի: 2. պիտի ձգտել առաջին հերթին զարգացնել ա) արեւային եւ գեոթերմալ էներգետիկան ու նրանց հետ կապված տեխնոլոգիաները, բ) բիոլոգիապես մաքուր սննդի հետ կապված արտադրություններն ու արտահանումները: Սա կբերի տնտեսական ու քաղաքական որոշ անկախության եւ հետագա նոր հնարավորությունների առաջացման: Սակայն, այս ամենի համար հարկավոր է բանիմաց, լեգիտիմ ու վստահելի իշխանություն, առանց որի որեւ դրական տեղաշարժ դժվար է ակնկալել: