Չինական կաղամբը, որը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր եւ վիտամիններ (մասնավորապես 4-5 անգամ ավելի շատ վիտամին C, քան սովորական կանաչ սալաթի՝ հազարաթերթիկի մեջ), արդեն մի քանի տարի է՝ հայտնվել է հայկական շուկայում, եւ պարզապես աններելի է այդ բույսը չընդգրկել խոհանոցում: Ճիշտ է, սովորական մառոլի համեմատ այն թանկ է, սակայն, նկատենք, որ մեկ հատ չինական կաղամբից կարելի է առնվազն երեք-չորս անգամ աղցան պատրաստել: Այն բավականին դիմացկուն է, եւ առնվազն 10-12 օր կարելի է պահել սառնարանում: Շատ նուրբ համ ունի եւ շատ լավ համադրվում է այլ բանջարեղենների եւ մսեղենի հետ:
Այս աղցանը, որ առաջարկում եմ, չինական ոճով է, եւ չինական խոհանոցի սիրահարները շատ կհավանեն, սակայն այն նաեւ բավականին չեզոք համ ունի, այնպես որ՝ սննդի հարցում ավանդապաշտները նույնպես դեմ չեն լինի փորձել:
Անհրաժեշտ մթերքները
Չինական կաղամբ- 0,5 հատ
Գազար- 1 հատ թարմ կամ 200 գրամ՝ կորեական աղցանի տեսքով
Բրնձի լապշա- 50 գրամ (կարելի է փոխարինել 3-4 ճաշի գդալ խաշած երկար բրնձով)
Վարունգ- 1 հատ
Սոյայի ծիլեր- 1 տուփ (կամ 350-400 գրամանոց տարայով պահածոյացված)
Թարմ կոճապղպեղ- 1 սմ-անոց կտոր
Քունջութ- 1 ճաշի գդալ (կարելի է վերցնել մեկական ճաշի գդալ սեւ եւ սպիտակ քունջութ կամ դրանցից որեւէ մեկը)
Դդմի կամ արեւածաղիկի սերմեր- 1 ճաշի գդալ
Բուսական յուղ- 4 ճաշի գդալ
Սոյայի սոուս- 3 ճաշի գդալ
Սխտոր- 2 պճեղ
Կանաչ սոխ- 7-8 հատիկ
Թարմ կանաչի՝ համեմ, մաղադանոս- մի քանի ճյուղ
Համեմունքներ՝ ըստ ճաշակի, այդ թվում՝ որեւէ կծու բան՝ կամ աղացած կարմիր պղպեղ կամ մի քանի կաթիլ տաբասկո սոուս
Կարդացեք նաև
Պատրաստման եղանակը
Կտրատեք չինական կաղամբը, լցրեք աղցանամանի մեջ: Եթե թարմ գազար եք ավելացնելու՝ քերեք այն խոշոր քերիչով: Կարող եք թարմ գազարի փոխարեն ավելացնել կորեական աղցանի վիճակում գտնվող գազար: Երկար-բարակ կտրատեք նաեւ վարունգը: Սոյայի աղցանի վրա ավելացրեք նաեւ կտրատած կանաչին եւ կանաչ սոխը, քերած սխտորն ու կոճապղպեղը: Սոյայի ծիլերով տարայի միջից դատարկեք հեղուկը, իսկ ծիլերը լցրեք աղցանի վրա:
Բրնձի լապշան լցրեք ուժեղ եռացող ջրի մեջ եւ ուղիղ մեկ րոպեից անջատեք գազօջախը: Հանեք լապշան ցանցով, մի քանի վայրկյան պահեք սառը ջրի տակ, թողեք ցամաքի եւ ավելացրեք աղցանին: Եթե բրնձի լապշա չունեք, սովորական երկար բրինձը եփեք, սակայն չթողնեք շատ եփվի, կիսախաշ վիճակը լրիվ բավարար է: Ավելացրեք աղցանին:
Թավան տաքացրեք, մեջը լցրեք դդմի կամ արեւածաղիկի սերմերը, քունջութը, եթե ունեք մանանեխի սերմեր, կարող եք ավելացնել նաեւ դա, կարող եք ավելացնել նաեւ հնդկական ընկույզ (քեշյու): Տաս-քսան վայրկյանից կարող եք գազօջախն անջատել: Տաքացած համեմունքները լցրեք աղցանի վրա: Ավելացրեք բուսական յուղն ու սոյայի սոուսը: Լավ խառնեք, եւ աղցանը պատրաստ է:
Այս աղցանին կարող եք ավելացնել նաեւ պահածոյացված եգիպտացորեն կամ՝ տապակած հավի մանր կտորներ: Նկատենք, որ սոյայի սոուսն այստեղ նաեւ աղի դերն է տանում, սակայն եթե աղցանը ձեզ անալի թվա, կարող եք նաեւ պարզապես աղ ավելացնել:
Բարի ախորժակ:
Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
19.03.2016
Այս համադամ եւ առողջարար ուտելիքը պատրաստելու ընթացքին, որպէսզի խանդավառվիք նաեւ այն գիտակցութեամբ որ… Հայրենիքին իսկ կը նպաստէք, միջազգային այս խոհանոցային կապերի հաստատումով, աչքի ծայրով հաճեցէք հետեւիլ հետեւեալ – բարձրագոյն – մակարդակի քաղաքական վերլուծութեան, հայ-չինական էական յարաբերութիւնների մասին՝
https://www.youtube.com/watch?v=LmM6yrMp7NA