Մամուլի շենքում տեղակայված «Երեւան» համերգասրահի ձեւավորման աշխատանքները մոտենում են ավարտին, թեեւ մինչ այդ էլ դահլիճում մշակութային միջոցառումներ են կազմակերպվել: Համանուն մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Լեւոն Իվանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ամիս սկսվել է «ԼԻ»(«Լեւոն Իվանյան») ծրագիրը, որի շրջանակում ռեժիսորը հանդես է գալիս թատերականացված զրույցներով:
Հերթականը տեղի ունեցավ այսօր` «Ինչպիսին կլինի Հայաստանը` 2050թ.-ին» թեմայով: «Ամերիկացի «ապրանքագետների»` 2038թ. կազմած քարտեզում Հայաստանը չկա: Հիմա ուզում ենք հասկանալ` կարելի է արդյոք հենվել դրա վրա: Այդ քարտեզում Ամերիկան էլ չկա, բայց իմ տեսլականն այն է, որ 2050թ.-ին մեր երկրի լինել-չլինելը կապված է մեր իսկ ընտրած ճանապարհից: Պետք է կարողանանք ընտրել մեր ճանապարհը: Մարդու մեծագույն նվաճումն ընտրելու կարողությունն է:
Բոլոր ժամանակներում առաջ նայող մարդիկ չեն գնահատվել, բայց կարողացել են շատ ավելին տեսնել: Հիշենք Ժյուլ Վեռնին, որի գործերին ժամանակին նայում էին որպես ֆանտաստիկա: Իսկ հիմա երեխան կարդում է Ժյուլ Վեռնի գործերը եւ հասկանում, որ ոչինչ էլ ֆանտաստիկա չէ: Այն, ինչ նկարագրված է գրքում, վաղուց իրականություն է»,-մեզ հետ զրույցում ասաց Իվանյանը:
Նա նշեց, որ թատերականացված զրույցն ինտերակտիվ է. «Եթե թեմային արձագանքողներ կլինեն, ես կարող եմ բեմը տրամադրել նրանց եւ նստել դահլիճում»:
Կարդացեք նաև
«ԼԻ» ծրագրի հանդիպումները տեղի կունենան ամեն չորեքշաբթի եւ շաբաթ` 16:00-ին: «Ծրագիրն, ըստ էության, դասախոսական թատրոն է: Զրույցները տարբեր թեմաների շուրջ են: Օրինակ` մարդկանց տեսակների մասին խոսելիս ցուցադրվում են այդ տեսակները` իրենց քայլվածքով եւ կեցվածքով»,-հավելեց Լեւոն Իվանյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ