Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. «Ոչ»-ը ձախողվեց «Հիմնադիր խորհրդարան»-ի պատճառով»

Մարտ 19,2016 19:09

Ինչպես Հայաստանում, այնպես էլ շատ այլ երկրներում, արտաքին քաղաքականությունը շատ բաներով պայմանավորված է ներքին քաղաքականությամբ, այսինքն, եթե իշխանությունը ներսում լեգիտիմ չէ, ապա բնական է, արտաքին ուժերի ձեռքում լինելու է «խաղալիք»: Այսօր այս մասին «Երկու երես» մամուլի ակումբում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

«Երկիրը կործանվում է, իշխանությունն ամեն ինչ անում է, որ նորից մնա իշխանության, թալանի եւ դարձյալ մնա իշխանության: Այսքան վատ վիճակ Հայաստանում չի եղել. պատերազմի ժամանակ պարզ էր՝ ինչո՞ւ լույս չկա, ինչո՞ւ էինք վատ ապրում, բայց հիմա պարզ չէ, թե ինչու ենք վատ ապրում, նրա համար, որ մի քանի հոգի հարստանա՞ն,- նշեց Արամ Հարությունյանը՝ ավելացնելով,- Եթե մարդը հազար դրամի խնդիր ունի, ասելու բան էլ չէ, ցավով եմ ասում, բայց եթե ազատամարտիկը մեկից պարտքով հազար դրամ է ուզում, դա նշանակում է, որ «վերջն է», որ կոպիտ ասած՝ երկրի դուռը պետք է փակենք, գնանք»:

Մարդիկ, ըստ նրա, լուրջ խնդիրներ ունեն ու կապ չունի աշխատում են, թե՝ ոչ. «Ինտելիգենտ արտաքինով կինը մտնում է խանութ ու կես հաց առնում, ծնողը երեխայի համար չի կարողանում քաղցրավենիք գնել եւ այլն»:

Ըստ նրա, այսօր, Սերժ Սարգսյանը վախենում է միայն ժողովրդից, իսկ ժողովուրդը, նրա խոսքերով, հենց այնպես չի գա հրապարակ, քանի որ տեսնում է, որ քաղաքական ուժերը իրար կողք չենք կանգնում. «Նա ինչու պետք է իր գործը թողնի, գա, կանգնի, թե մեկը ինչ-որ «տոնածառ» է դնում այնտեղ: Ինչ -որ հարյուրամյակ ասել, կամ քշել՝ գնալ Ղարաբաղ, որ ճանապարհին կոնֆլիկտ սարքել կամ ոստիկանի հետ փորձել մտնել հարաբերությունների մեջ, որ հետո էլ կոնֆլիկտ առաջանա եւ ձերբակալեն եւ հետո էլ ակցիա անեն, որ ձերբակալողին ձերբակալեն՝ ինձ համար ընդունելի չէ: Այսօր, այո, Գեւորգ Սաֆարյանին պետք է բաց թողնեն, դա ուրիշ խնդիր է, բայց այսօր ամեն ինչ բերել դրան, որ մենք տոնածառ էինք դնում, մեզ խանգարեցին՝ աբսուրդ է, ծիծաղելի է, որը ավելի շատ օգտակար է Սերժ Սարգսյանին»:

Արամ Հարությունյանի խոսքերով «Ոչ»  ճակատի համախմբումը չստացվեց եւ ձախողման հիմնական պատասխանատուն դարձավ «Հիմնադիր խորհրդարան»-ը: «Ինձ համար անընդունելի է այսքան ժամանակ զբաղեցնել Ազատության հրապարակը: Համոզված եմ, որ եթե «Նոր Հայաստան»-ը պատի վրա գրի՝ «Կեցցե Սերժ Սարգսյանը», ապա ոչ մեկ չի էլ նկատի: Մենք տեսնում ենք, որ նրանք զբաղված են ավելի շատ ընդդիմադիր դաշտի վրա քարեր գլորելով, քան թե գործ անելով: Համախմբումը ոչ թե պետք է լինի այնպես, որ մեկը գնա Ազատության հրապարակ եւ բոլորին ասի՝ բոլորդ եկեք այստեղ, այլ մինչեւ դա պետք է լինեին կոնսուլտացիաներ»:

Արամ Հարությունյանը խոսելով այսօր Հայաստանում ձեւավորվող մի շարք կուսակցությունների մասին՝ նշեց, որ այսօր Հայաստանում անգրագետի-գրագետի խնդիր չի, կարող է մեկը շատ գրագետ լինի, բայց լինի ստոր, մյուսը այդքան էլ գրագետ չլինի, բայց լինի ավելի անկեղծ:

Ինչ վերաբերում էր Վարդան Օսկանյանի կողմից կուսակցության ստեղծմանը, նա նշեց, որ համոզված է, որ Օսկանյանը անկեղծ է, որ նրա նպատակը ֆոն ստեղծելը չէ. «Օսկանյանը ընդունելի է քաղաքական շրջանակների համար, անցել է մեծ ճանապարհ՝ ընդ որում նա կապեր ունի  եւ ընդունելի է արտաքին՝ ե՛ւ Ամերիկայի, ե՛ւ Ռուսաստանի կողմից: Նա ի վիճակի է պառլամենտում լուրջ կռիվ տալու: Նա ոչ մի ճամբար չի փոխել՝ Քոչարյանի ժամանակ էլ է նույնը մնացել, հիմա էլ: Ես կցանկանամ, որ Օսկանյանը նախաձեռնի համախմբում եւ մեր կուսակցության անունից կարող եմ ասել, որ պատրաստ ենք համագործակցել»:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031