Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիրտուոզ դաշնակահար. «Երաժիշտներին խորթ չէ ոչ մի մարդկային բան»

Մարտ 19,2016 18:04

Միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով, Հայոց ցեղասպանության  101-րդ տարելիցի միջոցառումների եւ «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի  շրջանակում, այսուհետ տարբեր երկրներում համերգ-ձեռնարկներ կկազմակերպվեն: Այդ ամենը կկայանա «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության (նախագահ` Յուրի Նավոյան) եւ «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի կազմկոմիտեի միջեւ ստորագրված հուշագրի արդյունքում: Այս օրերին Երեւանում է «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինը, որը, ի թիվս այլ երաժիշտների,  կմասնակցի մարտի 20-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք  «My Way» խորագրով համերգ-ձեռնարկին: Վիրտուոզ դաշնակահար Գինդինից բացի, համերգին կմասնակցեն դիվանագետ եւ կոմպոզիտոր Դավիթ Մնացականյանը,  միջազգային մրցույթների դափնեկիրներ Նիկիտա Մնդոյանցը եւ Սոնա Արշակյանը, իսկ ազգային օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը կղեկավարեն դիրիժորներ Ռուբեն Ասատրյանը եւ Կրիստոֆեր Վալլանդերը: Շվեդ աշխարհահռչակ դաշնակահար Ռոբերտ Վելսն էլ միջոցառումը  կողջունի տեսաուղերձով:

Aravot.am-ի հետ զրույցում  անվանի դաշնակահար Ալեքսանդր Գինդինը՝ խոսելով երեւանյան  համերգի ուղերձի մասին, նշեց. «Երաժիշտներն էլ կրքեր, խնդիրներ, երազանքներ ունեն…Նրանց խորթ չէ ոչ մի մարդկային բան, հետեւաբար երաժշտության միջոցով  նրանց միավորվելը սովորական մարդկային ցանկություն է: Երաժիշտն ասելիքը տեղ է հասցնում երաժշտության միջոցով, այսինքն այնպես, ինչպես ինքը կարող է անել: Եթե ես  քաղաքագետ լինեի, հնարավոր է նույնն անեի խոսքի, հայտարարությունների միջոցով: Կամ եթե այլ գործով զբաղվեի, այլ ճանապարհներով ասելիքս տեղ կհասցնեի: Ես կարողանում եմ ռոյալ նվագել, իսկ գործընկերներս երաժշտություն են ստեղծում, ու այս պարագայում էական չէ, թե երաժշտությունը գրած այդ կոմպոզիտորները ո՞ղջ են, թե՞ ոչ: Ռուս անվանի գրող Բուլգակովն ասում էր «Ձեռագրերը չեն այրվում»: Հենց այս արտահայտությունն էլ կարող է  լինել համերգի ուղերձը: Էական է, թե ինչ  ենք թողնում ենք  մեզանից հետո: Ստեղծագործական աշխատանքի հանրագումարում մենք ստեղծում ենք մի մթնոլորտ, որով գրավում ենք մեր ունկնդրի ուշադրությունը, իսկ ամենափոքր բանը, որ ակնկալում ենք, այն է,  որ համերգից հետո գոնե որոշ զգացմունքային հետք մնա: Եվ եթե ունկնդրի սիրտն արձագանքի ու  թեկուզ մի քանի օր էլ մնա մեր թողած տրամադրության մեջ, ուրեմն հաջողել ենք»:

Ռուս-հայկական համագործակցության նախագահ  Յուրի Նավոյանն էլ տեղեկացրեց, որ եւս մեկ համերգ  Մոսկվայում կկայանա՝ այլ ձեւաչափով, ապրիլ ամսին: Այդ համերգով եւս կոգեկոչեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Նախագծի իմպրեսարիո Կոնստանտին Գրիգորեւն էլ, խոսելով «Երաժիշտները հանուն խաղաղության» նախագծից  Aravot.am-ին տեղեկացրեց, թե ինչպես է հրավիրված դաշնակահարների հետ աշխատում Ալեքսանդր Գինդինը: Նրա խոսքով, իրենց առաջին  համերգի ժամանակ հանդես է եկել 13 դաշնակահար` 13 երկրից, երկրորդ համերգին՝ 5 դաշնակահար: Գրիգորեւի ձեւակերպմամբ, ինքը որպես ականատես միշտ էլ առաջին փորձի ժամանակ տագնապի զգացողություն է ունենում, իսկ 5-6-րդ փորձերից հետո արդեն ամեն ինչ «տեղն է ընկնում» ու վստահ է լինում, որ փայլուն համերգ է լինելու: «Ես փորձերի ժամանակ նայում եմ Ալեքսանդրին ու ապշում նրա համբերության ու դեմքի հանգստության վրա: Նա կարողանում է այնպես անել, որ ունենա շվեյցարական ժամացույցի նման աշխատող կոլեկտիվ: Ալեքսանդրի նման աշխատամոլի ես դեռ երբեք չեմ համբերել: Լինի ոչ մասշտաբային համերգ կամ մեծ մենահամերգ, էական չէ, նա  ուրիշ որակով է պատրաստվում ու  փորձերի ժամանակ մոռանում է իր շուրջը կատարվող ամեն ինչի մասին: Հենց այդ անձնվիրությունն ու ջանասիրությունն են մեզ հնարավորություն են տալիս լսելու հրաշալի համերգներ, որոնց պարագայում միշտ էլ նշաձողը բարձր է»,-ասում է նախագծի իմպրեսարիոն:

Ալեքսանդր Գինդինի հետ  բացառիկ հարցազրույցը՝  տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Ալեքսանդր Գինդինի լուսանկարը՝  www.alexanderghindin.com-ից:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031