«Լինելով փոքր երկիր՝ ունենք շատ երգչախմբեր, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում, բայց դրանք փակ են հասարակության առաջ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց խմբավար, «Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Քրիստինե Շերոյանը:
Նա խոսեց «Կիրակնօրյա երգչախումբ» նախաձեռնության մասին, որի նպատակն է բոլորին հաղորդակից դարձնել ազգային և հոգևոր երաժշտությանը. «Կիրակնօրյա երգչախումբ»-ն իրենից ներկայացնում է պարբերաբար կիրակի օրերին կազմակերպվող հավաքներ, որտեղ կարող են ներկա լինել բոլորը, թե՛ մասնագետներ, թե՛ հասարակ մարդիկ, որոնք սիրում են երգչախմբային արվեստը: Ամեն հանդիպում ունենալու է իր թեմատիկան, հնչելու են երգեր դրա շուրջ, լինելու են քննարկումներ: Մուտքն ազատ է: Մենք չունենք ֆինանսական աջակցություն, բայց դա չի խանգարում ծրագրի գործելուն: Սկսել ենք հայ ժողովրդական և հոգևոր երգերով, բայց անշուշտ անդրադառնալու ենք նաև արտասահմանյան և արևմտաեվրոպական մշակույթին: Հավաքները չեն կազմակերպվելու մեկ վայրում, լինելու են հասարակական, մշակութային վայրերում: Նախագիծն արդեն մեկ անգամ կայացել է՝ մարտի 6-ին, հաջորդը լինելու է մարտի 20-ին, որը նվիրված է լինելու երեխաներին»:
Աստվածաբան Աշխեն Գրիգորյանը խոսեց նախագծի հոգևոր խորհրդի մասին. «Քանի որ նախագծի մեկնարկը սկսվեց Հարության տոնին նվիրված միջոցառմամբ, ինձ հրավիրել էին մեկնաբանելու տոնի խորհուրդը: «Կիրակնօրյան երգչախումբ»-ը ճանաչողական բնույթ է կրում, քանի որ հավաքվածների մեջ միայն մասնագետներ չեն: Այդ երկու ժամանոց միջոցառումը, յուրահատուկ հոգեմտավոր մթնոլորտ է ստեղծում, որտեղ յուրաքանչյուրն իր լուման է ներդնում. մեկը մեկնաբանում է, խոսում է երգի նշանակության մասին, մյուսները, եթե ծանոթ չեն երգին, սովորում են այն: Ծրագրի յուրահատկությունը ոչ ֆորմալության մեջ է. եթե երգչախումբ հաճախում են նրանք , ովքեր ունեն լավ ձայն, լսողություն,ապա «Կիրակնօրյա երգչախումբ»-ը բոլոր նրանց համար է, ովքեր սիրում են երգել անկախ ձայնից և մասնագիտությունից»:
Քրիստինեն հավելեց, որ իրենց կազմակերպությունը գործում է շուրջ երեք տարի, և սա առաջին նախագիծը չէ. «Երեք տարիների ընթացքում բավականին բուռն գործունեություն ենք ծավալել: Ունեցել ենք մարզային ծրագրեր, փառատոններ, վարպետաց դասեր, նաև համագործակցություն ենք ունեցել դրսից եկած խմբավարների հետ, որոնք վերապատրաստման դասեր են անցկացրել այստեղ: Ծրագրերը հիմնականում եղել են Երևանից դուրս, որովհետև մարզերում ունեինք ավելի շատ խնդիրներ, քան այստեղ: Ուրախալի է տեսնել, որ երգչախմբային արվեստը Հայաստանում զարգանում է»:
Նախաձեռնության անդամ, Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի խմբավար Մարիա Գալստյանն անդրադարձավ երիտասարդ սերնդին՝ասելով, որ նրանք մեծ ոգևորությամբ են հաճախում երգչախումբ. «Երգչախումբն իր տեսակով դեմոկրատ է: Այն երեխան, որը հաճախում է երգչախումբ, ավելի շատ բան է շահում, քան կորցնում: Տեղեկատվական տեխնոլոգիաներն այնքան հագեցած են հիմա, որ, իհարկե, փոքր-ինչ երեխաները հեռանում են արմատներից, բայց կարծում եմ, որ դպրոցների, երգչախմբերի առաքելությունը կայանում է երեխաներին ազգային ակունքներին, երգ ու պարին հաղորդակից դարձնելու մեջ»:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ