Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավաբան. «Ամենաշատ խախտումները գործատուն թույլ է տալիս աշխատանքային ժամերի չարաշահման մեջ»

Մարտ 19,2016 16:05

Եթե գործատուն չարաշահում է իր աշխատողի արտաժամյա աշխատելու պայմանները եւ աշխատակիցը համապատասխան վարձատրություն չի ստանում, նա կարող է գրավոր դիմել տնօրենին, որպեսզի դատարանում ապացուցելու առարկա ունենա՝ դիմել եւ մերժվել է, բայց այս կերպ լարվում են աշխատող-գործատու հարաբերությունները եւ արդյունքում տուժում է աշխատողը, որի համար էլ շատերը այդ քայլին չեն գնում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավաբան Էմիլ Մարկոսյանը:

скачанные файлы

Այս հարցը, մինչ իրավական հարթություն տեղափոխելը, հոգեբան Սիրանույշ Անդրեասյանը նշեց, որ գործատու-աշխատող փոխհարաբերությունները պետք է լինեն գրագետ, կարողանան միմյանց հասկանալ. «Եթե լիներ այն փոխհարաբերությունը, որ աշխատողը կարողանար ասել՝ գիտեք ի՞նչ, ես արտաժամյա երկար եմ աշխատում, այդ ժամերը հաշվի առեք եւ վճարեք, կամ աշխատավարձս բարձրացրեք եւ եթե մյուս կողմն էլ ընկալունակ լիներ, որ՝ այո, այս աշխատողը նվիրված աշխատող է, իր հնարավորության չափով կարողանում է իր ներդրումներն անել եւ միայն պահանջատեր չէ, ապա այդտեղ հնարավոր կլիներ փոխհամաձայնության գնային»:

Աշխատողները դատական կարգով կարող են վերականգնել իրենց շահերը, բայց այս պարագայում, ըստ իրավաբանի, «հաղթող» դուրս կգա գործատուն, քանի որ նա ցանկացած պարագայում «արդարանում» է՝ ասելով, որ տվյալ աշխատողի աշխատանքային որակները բավարար չեն ինձ՝ ավելի փորձառու, հմուտ մասնագետ եմ ուզում եւ այլն. «Դատարանում պետք է կարողանալ ապացուցել, որ գործատուն սխալ է կամ անօրինական է ազատել աշխատանքից»,-ասաց իրավաբանը:

Հոգեբանը նաեւ նշեց, որ կան շատ փոխհարաբերությունների խնդիրներ, որոնք որ անհնար են կարգավորել միայն օրենքով. «Գործատուներից շատերը հիմնականում մտածում են ինչպես ստանալ շահույթ, քան ինչպես աջակցել իրենց աշխատողի անձնային աճին»:

Գործատուներից շատերը, ըստ մասնագետի, չեն մտածում նաեւ, որ աշխատողը ունի հանգստի կարիք: Շատ վայրերում, ըստ հոգեբանի, կարող ենք հանդիպել աշխատողների, որոնք ժպտալու փոխարեն կարող են «մուննաթ» գալ, դրանք բոլորը, հոգեբանի խոսքերով՝ շատ երկարացված աշխատաժամանակի արդյունքներն են, որոնք ազդում են աշխատողի ե՛ւ առողջության, ե՛ւ հոգեբանության վրա:

«Երբ մարդ աշխատում է ավելի շատ, քան հանգստանում է եւ, բացի դրանից չունի հնարավորություն ինքնազարգանալու, բնականաբար գալիս է մի շրջան, երբ մարդը ինչքան էլ սիրի իր աշխատանքը՝ սկսում է զզվել ե՛ւ իր սեփական աշխատանքից, ե՛ւ իր մասնագիտությունից»,- նշում է հոգեբանը:

ՀՀ-ում գործատու-աշխատող հարաբերություններում ցանկացած բացթողում, ըստ իրավաբանի, գալիս է աշխատողից, քանի որ, ըստ նրա, աշխատողը համառորեն չի պաշտպանում իր շահերը, իրավունքները:

«Ամենաշատ խախտումները գործատուն թույլ է տալիս աշխատանքային ժամերի չարաշահման մեջ: Գործատուներ կան, որ աշխատողին վերաբերվում են ինչպես իրենց ծառայի: Լինում է, որ գործատուն մի մասնագետի տարբեր ոլորտներում օգտագործի, անգամ մինչեւ հավաքարար եւ սուրճ պատրաստող»,-նշեց իրավաբանը՝ ավելացնելով, որ նախ եւ առաջ աշխատողը գործատու հետ պետք է հանդարտ կերպով գտնել որոշակի փոխըմբռնման ճանապարհ:

Էմիլ Մարկոսյանի խոսքերով՝ հիմնականում մեծ բացթողումները լինում են այն ժամանակ, երբ աշխատողները աշխատանքի են ընդունվում առանց որեւէ պայմանագրի, այդպիսի աշխատակիցները բացարձակապես օրենքով պաշտպանված չեն, քանի որ կարող են չվճարել աշխատավարձը եւ արդարացված լինել, դրանով փորձում են ձերբազատվել ե՛ւ սոց վճարումներից, ե՛ւ հարկային պարտականություններից:

Իրավաբանը չցանկանալով անուններ նշել, բերեց մի օրինակ, որտեղ սուպերմարկետի տնօրենը 23 աշխատողների 6 ամիս փորձաշրջանով աշխատանքի է վերցրել, բայց երբ լրացել է ժամանակը նա ո՛չ վարձատրել է, ո՛չ էլ ընդունել գործի:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031