Ինչպես հայտնի է՝ Գյումրու անօթեւաններին բնակարաններով ապահովելու համար «Սոս Գյումրի» թիմը կազմակերպել է նաեւ սպորտաշխարհի հայտնի ներկայացուցիչների իրերի աճուրդ-վաճառք:
Aravot.am-ի խնդրանքով «Սոս Գյումրի» թիմի անդամ Կարեն Մկրտչյանը թվարկեց աճուրդի հանվող բոլոր իրերը: «Լոտերը հիմնականում մեր մարզաշխարհի ներկայացուցիչների հետ են կապված. բացառիկ լոտեր ունենք: Երկար քննարկումների արդյունքում որոշեցինք աճուրդը փուլերի բաժանել. երկու փուլերով է լինելու, առաջին փուլը լինելու է օն-լայն. երկրորդ փուլի հետ կապված դեռ վերջնական չենք որոշել` որտե՞ղ կլինի, ի՞նչ մեխանիզմով: Հենց այսօր ժամեր անց կմեկնարկի օն-լայն տարբերակով «Սոս Գյումրի» ֆեյսբուքյան էջում, լոտերի մասով կատալոնական «Բարսելոնայի» դրոշը՝ թիմի 10 աստղերի ստորագրութամբ, որը Սենիկ Կարա-Պողոսյանն է մեզ տրամադրել. սպորտային մեկնաբան է Հայաստանում, Բարսելոնայի միակ բուրսայից պաշտոնական ներկայացուցիչն է ինքը: Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինե Թաշչյանը Հենրիխի Բորուսիայի մարզաշապիկ է տրամադրել՝ ստորագրությամբ, Յուրա Մովսիսյանի մարզաշապիկն ունենք, Արսեն եւ Լեւոն Ջուլֆալակյանների մարզակոշիկները՝ ստորագրությամբ, որոնցով օլիմպիական խաղերի են մասնակցել: Ունենք լուսանկարներ Կատուզոյի ու այլ համաշխարհային մեծությամբ ֆուտբոլիստների ստորագրությամբ, Տիգրան Համասյանի վերնաշապիկը ունենք՝ ստորագրությամբ ու հատուկ գրությամբ Գյումրու անօթեւանների հետ կապված: Երեկ Մադրիդի «Ռեալ»-ի թիմի աշխատակիցը հրապարակեց լուսանկարը, որտեղ բոլոր աստղերը ստորագրել էին մարզաշապիկին ու գրված էր գրություն՝ «Գյումրու երկրաշարժից տուժածներին՝ ամբողջ սիրով»:
Լինելու են Լիոնել Մեսսիի ու Սերխիո Ագուերոյի Արգենտինայի հավաքականի առաջատարների մարզաշապիկները, հենց իրենց ստորագրությամբ , արգենտինահայ բնակիչն է մեզ հետ կապ հաստատել ու կուղարկի դա մեզ: Ռեալից ու Արգենտինայից եկած մարզաշապիկները կլինեն երկրորդ փուլում, իսկ մյուս լոտերի բաժանումը կկատարենք այսօր: «Արարատ 73»-ի լեգենդների ստորագրությամբ գնդակ ունենք, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ստորագրությամբ գնդակ ու վերնաշապիկ, Յուրի Ջորկաեֆի ստորագրությամբ, այնպես որ լոտերը բազմազան են ու աճուրդները հետաքրքիր են լինելու»:
Մեր զրուցակին ասաց, որ կազմակերպչական առումով խնդիրներ ունեին. խնդիր էր առաջացել լոտերը իրենց համապատասխան գներով վաճառելու, դրա համար դիմել են բազմաթիվ կազմակերպությունների, որպեսզի կազմակերպչական հարցերով աջակցություն ցույց տային:
Կարդացեք նաև
Ըստ նրա, նախնական պլանով Սարգիս Մուրադյան պատկերասրահում էր տեղի ունենալու աճուրդը, բայց հյուրեր ներգրավելու խնդիր են ունեցել, անհրաժեշտ են այնպիսի հյուրեր, որոնք վճարունակ են ու կկարողանան գնել: «Մենք խնդիր ունեինք, որ լոտերը կկորցնենք , եթե աճուրդը լինի ֆիզիկական, կարող է մի երկու հոգի գային ու շատ ցածր գներով վաճառվեր, դրա համար որպեսզի մենք նաեւ լայն շատ զանգվածների գրավենք, որոշեցինք օն-լայն տարբերակով անել ֆեյսբուքում, որտեղ հարազատ մարդիկ կարող են մասնակցել, եւ ոչ միայն Հայաստանից, -ասաց Կարեն Մկրտչյանը :
Լուսանկարը՝ Տիգրան Վիրաբյանի ֆեյսբուքյան էջից
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
էս էլ եղավ Ռեալի նվերը՞: Ո՞նց եք անում, որ նյութին չհամապատասխանող վերնագիր եք դնում, ավելին՝ նյութի բովանդակությունը խեղաթյուրող: