Շների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ» հասարակական կազմակերպությունը մեկ անգամ չէ, որ բողոքել է «Յունիգրաֆ իքս» կազմակերպության կատարած աշխատանքներից: Թիմի անդամները պարբերաբար մամուլի ասուլիսների եւ բողոքի ակցիայի միջոցով պահանջում են դադարեցնել շների սպանդը:
Aravot.am-ը այս մասին զրուցեց «Յունիգրաֆ իքս» կազմակերպության լրատվության պատասխանատու Լիլիթ Գրիգորյանի հետ:
«Անհիմն մեղադրանքներ են, անիմաստ աղմուկ է: Իրենք խոսում են, մենք գործ ենք անում: Եվ կենդանասերների վերջին սադրանքն էլ տեսանք, երբ ապօրինաբար գիշերով ներխուժել են «Յունիգրաֆ իքս»-ի տարածք: Ես դրա իմաստը բացարձակապես չեմ տեսնում, քանի որ այդ կենդանիները, որոնք որ իրենք տարել էին ստերիլիզացված են եւ ընդամենը մի քանի օր հետո բաց էին թողնվելու: Իմաստը նախ ապօրինաբար ներխուժելու տարածք չեմ տեսնում: Դա ապօրինություն է, որի համար պետք է պատասխան տան»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ կազմակերպությունը ահազանգել էր, որ մարտի 15-ի ուշ երեկոյան՝ ժամը 23.30-24-ի սահմաններում, մի շարք անձինք ապօրինաբար ներխուժել են «Յունիգրաֆ իքս» ընկերության կլինիկայի տարածք։ Նրանք իրենց հետ տարել են կլինիկայում գտնվող կենդանիների։
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք նաեւ, թե այդ գործից նոր տեղեկություններ կա՞ն, Լիլիթ Գրիգորյանը պատասխանեց, որ գործը ոստիկանությունում է, եւ ինքն այլ մանրամասներից տեղյակ չէ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ