Մեր երկրի իշխանությունների թեթեւ ձեռքով երկիրն աղքատության ճիրանները նետելու, կանաչ տարածությունները անխնա ոչնչացնելու դառը պտուղներն արդեն կարելի է քաղել վարակիչ հիվանդությունների տեսքով:
Վերջին տարիներին Հայաստանում տարածում է գտնում լեյշմանիոզ հիվանդությունը, որը մարդուն է փոխանցվում մլակների միջոցով, իսկ ժամանակին բժշկի չդիմելու պարագայում մեծ է մահվան կամ հաշմանդամություն ձեռք բերելու հավանականությունը: Մասնագետների հավաստմամբ, եթե 1969 թվականից մինչեւ 1999 թվականը մեր երկրում լեյշմանիոզ չի արձանագրվել, ապա դրանից հետո տարեկան գրանցվում է 14-15 դեպք: Ավելին, նույնիսկ աճման միտում է նկատվում: Արդեն 2015 թվականին վարակվածների թիվը հասել է 18-ի: Իսկ այս տարի, երբ դեռ առաջին եռամսյակն էլ չի ավարտվել, հիվանդության 6 դեպք է արձանագրվել: Ընդ որում՝ մեկը մահվան ելքով: 9 ամսական փոքրիկը վարակի զոհ է դարձել մի քանի օր առաջ: Մեկական մահ գրանցվել է 2008 եւ 2010 թվականներին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքէջում լեյշմանիոզի վերաբերյալ տեղեկանքում նշվում է, որ հիվանդությունը տարածվում է երկրագնդի ամենաաղքատ բնակչության շրջանում եւ կապված է սննդի անբավարարության, բնակչության տեղաշարժի, կենցաղային վատ պայմանների, թույլ իմունային համակարգի հետ: Լեյշմանիոզն, ըստ նույն աղբյուրի, կապված է նաեւ շրջակա միջավայրի փոփոխությունների հետ, ինչպիսին, օրինակ, անտառահատումներն են, պատվարների կառուցումը, ոռոգման համակարգի ընդլայնումը եւ ուրբանիզացիան: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով տարեկան գրանցվում է լեյշմանիոզի 1.3 միլիոն նոր դեպք եւ 20-30 հազար մահ:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: