Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բենզինի գինը արձագանքում է քննադատություններին. «Հայոց աշխարհ»

Մարտ 19,2016 11:30

Վերջին օրերին Ազգային ժողովում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տարեկան ծրագրի քննարկումների շրջանակներում հայաստանյան շուկայում հեղուկ վառելանյութի թանկ լինելու վերաբերյալ հնչած քննադատություններից հետո, անցած օրը բենզինի եւ դիզելային վառելիքի գները մի փոքր նվազեցին։
Վերջին շրջանում նման երեւույթ հաճախ է դրսեւորում ստանում։ Այդպես եղավ նաեւ շուրջ մեկ ամիս առաջ, երբ նման բուռն քննադատություններից հետո վառելանյութի շուկայի մասնակիցները նվազեցրին գները։
Երեկվանից «ռեգուլյար» բենզինը Երեւանի լիցքավորման կետերում վաճառվում է 370, «պրեմիումը»՝ 390 դրամով։ Մինչ այդ գները 10 դրամով բարձր էին։
Դիզելային վառելանյութի շուկայում եւս անցած օրվանից որոշակիորեն փոխվել են գները։ Առանձին լիցքավորման կետերում այն վաճառվում է 350 դրամով։ Այլ կերպ ասած, շուկայի որոշ մասնակիցներ գինն իջեցրել են 10 դրամով, թեեւ այդ երեւույթը դեռեւս կարծես համընդհանուր բնույթ չի ստացել։ Նշենք, որ շուրջ մեկ ամիս առաջ դիզելային վառելիքի գինը նվազել էր լիտրի հաշվով 20 դրամով եւ վաճառվում էր 360 դրամով։
Վերջին գրեթե մեկ ամսվա ընթացքում նավթի գինը համաշխարհային շուկայում, որոշ տատանումներով հանդերձ, զգալիորեն բարձրացել է։ Անցած օրվա տվյալներով՝ մեկ բարելի գինը գերազանցում է 41 դոլարը։
Նման ցուցանիշ շուկայում վերջին անգամ եղել էր նախորդ տարվա նոյեմբերի կեսերին։ Անցած մեկ ամսվա ընթացքում նավթը համաշխարհային շուկայում թանկացել է գրեթե մեկ երրորդով։ Սա նույնքան կտրուկ աճ է, որքան արդեն տեւական ժամանակ պարբերաբար արձանագրվող անկումներն էին։
Թվում է, թե նավթի գների բարձրացումը պետք է հակառակ ազդեցությունը թողներ հայաստանյան շուկայի վրա։ Սակայն այդպես չէ։ Իհարկե, այստեղ կա մեկ այլ գործոն՝ կապված ներմուծման աշխարհագրության հետ։ Հայաստանը գնում է ռուսական բենզինը՝ ռուսական մատակարարներից։ Ուստի պետք է ենթադրել, որ վառելանյութի գների հերթական նվազումը, որն անցած օրը արձանագրվեց հայաստանյան շուկայում, այնքան էլ կապված չէ վերջին շրջանում միջազգային շուկայում տեղի ունեցող զարգացումների հետ։
Առավել եւս, որ, ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի, նավթի ազդեցությունը Հայաստան ներմուծվող բենզինի գների մեջ չափազանց փոքր է։ Կան մի շարք այլ գործոններ, որոնք ձեռքբերման համեմատ շատ ավելի բարձր գներ են ձեւավորում ներքին շուկայում, քան հարեւան Վրաստանում է։

Ն. ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031