Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգսյանը ձեռնամուխ է եղել արտաքին կենտրոնների հետ հարաբերությունները հստակեցնելու գործին. «Ազգ»

Մարտ 19,2016 11:21

Չնայած առաջին հայացքից մեր կյանքում մեծ փոփոխություններ կարծես թե չկան, այնուամենայնիվ` վիզուալ առումով ե՛ւ աշխարհում, ե՛ւ Հայաստանում իրադարձություններն այնքան արագ են հերթագայում մեկը մյուսին, որ երբեմն չես հասցնում նկատել դրանց հեռագնա նշանակությունը: Մինչդեռ ակնհայտ է, թե որքան արդիական օրակարգերում է հիմա Հայաստանը` ուզենք, թե չուզենք, ու որքան կարեւոր է ժամանակին նկատել հետեւելիք իրադարձությունների ուրվագիծը: Միայն մեր երկրին առնչվող սպասվելիք իրադարձություններին եթե նայենք` ապա բավական մեծ է բացվածքը:

Ապրիլի 7-ին Երեւանում տեղի է ունենալու ԵԱՏՄ կառավարությունների խորհրդի նիստը` ԵԱՏՄ-ում Հայաստանը նախագահող երկիր է այժմ, մինչ այդ էլ Հայաստան կժամանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը. պարզ է, որ Հայաստանի տնտեսական խնդիրները, այդ թվում` գազի սակագինը, քննարկվող հարցերի համատեքստում են լինելու: Հավանաբար մինչեւ ապրիլի սկիզբ բանակցությունների ընթացքում համաձայնություն կլինի գազի սակագնի իջեցման վերաբերյալ, որը կհայտարարվի Մեդվեդեւի այցի ժամանակ: Ապա եւ ապրիլի երկրորդ տասնօրյակի սկզբում Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի ներկայացուցիչները քննարկելու են նաեւ Հայաստանով Վրաստան գազի տարանցիկ փոխադրման հարցը, որը բոլոր առումներով մեզ համար լավ է` ե՛ւ միջնորդավորված վճարները բյուջե մուտք անելու, ե՛ւ ապագայում Հայաստան գազ մատակարարել հնարավորության դեպքում ենթակառուցվածք ունենալու տեսակետից:

Նախագահ Սարգսյանը, մեծավ մասամբ վարագույրի հետեւում մնացած մոսկովյան մշուշոտ այցից հետո, Հայաստանի արտաքին տնտեսական եւ անվտանգային հեռանկարների որոնումները շարունակում էր Եվրոպայի մաս Հունաստանում եւ Կիպրոսում, որից հետո, ամսվա վերջերին, արդեն ԱՄՆ կմեկնի` նույն մտահոգությունների ծիրում. տարածաշրջանի տնտեսական եւ անվտանգային կոնտուրների անհանգիստ թրթռումը նաեւ մե՛զ համար է դաշնակիցների, աջակցության եւ փոխշահավետ գործակցության խոստումների մշտական որոնման առիթ: Մանավանդ հիմա արդեն, երբ Ռուսաստանն իր զինուժը դուրս է բերել Սիրիայից, ոչ ոք չի կարող երաշխավորել, թե ի վերջո ինչպես կլուծվի Բաշար Ասադի` իշխանության մնալու-չմնալու հարցը, կամ ինչպես կպահի իրեն Թուրքիան, արդյոք նոր լարումներ կլինե՞ն, թե աշխարհը կառավարող բեւեռները բանակցային խաղաղ լուծումով կվճռեն Սիրիայի կնճիռը:

Այս համատեքստում Թուրքիայի եւ Ադրբեջանի մշտական, այսպես ասենք, ոչ բարեկամական պահվածքը մեզ մշտապես ստիպում է միջազգային երաշխավորված աջակցություն որոնել: Եթե այս տեսանկյունից նայենք Սերժ Սարգսյանի` Եվրոպական կառույցներում մեզ համար կարեւոր աջակից երկրներ` Հունաստան եւ Կիպրոս այցին, ապա առանց տեղեկատվության էլ հասկանալի է, թե ինչ ենթատեքստ կարող էին ունենալ նախագահի հագեցած հանդիպումները Հունաստանում եւ Կիպրոսում, որոնք լայնորեն լուսաբանվեցին` այնուամենայնիվ գաղտնիմաստները չբացահայտելով: Այս իմաստով` մոսկովյան հանդիպումների տողատակը եւս անհասանելի մնաց: Բայց որ երկրի ներսում ներքաղաքական հարկավոր դադարը հաջողելուց հետո Սարգսյանը ձեռնամուխ է եղել արտաքին կենտրոնների հետ հարաբերությունները, այդ թվում` մեր երկրի համար առանցքային (ԼՂՀ կարգավորում, սահմանային անվտանգություն, տնտեսական կարեւոր նախագծեր) հարցերը հստակեցնելու գործին` դա երեւում է անզեն աչքով:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031