Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ինչքանո՞վ է հավանական ընդդիմադիրների մոբիլիզացիան. «Հայոց աշխարհ»

Մարտ 19,2016 10:39

Եվ այսպես. Ժիրայր Սեֆիլյանը խոստանում է առաջիկայում մոբիլիզացիայի երրորդ ու վերջին փորձն անել:

Ո՞ւմ է ուզում մոբիլիզացնել «Նոր Հայաստանի» առաջնորդը: Իր իսկ ասածից դատելով՝ Ստեփան Դեմիրճյանին, Աշոտ Մանուչարյանին, ՀԱԿ-ին ու Նիկոլ Փաշինյանին…

Դեռ հանգիստ թողնենք Ստեփան Դեմիրճյանին ու Աշոտ Մանուչարյանին, ովքեր միասին շատ էկզոտիկ կնայվեն: Մանավանդ որ միմյանց շատ նման են. երկուսն էլ քաղաքական առումով վաղուց անհետաքրքիր են, համենայն դեպս հասարակության մի նկատելի մասի համար:

Չենք ասի, թե հասարակությունը մյուսների համար էլ է «ուշագնաց» լինում, բայց դա էլ մի կողմ: Ինչն իսկապես ուշագրավ  է՝ ՀԱԿ-ի ու Նիկոլ Փաշինյանի մոբիլիզացման առումով Ժիրայր Սեֆիլյանի երազանքն է, իսկ իրողությունները հաշվի առնելով՝ ֆանտազիան:

Ինչքանո՞վ է հավանական ընդդիմադիրների մոբիլիզացիան, այսինքն՝ նույն դրոշների տակ միասին կանգնելը: Կյանքը մեկ անգամ եւս հուշում է, որ քիչ հավանական է:
Տեսեք, ապրիլի կեսերին Հրազդանում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու: Քաղաքապետի թեկնածու է առաջադրվել նախկին պատգամավոր, ազատամարտի ակտիվ մասնակից Սասուն Միքայելյանը, որը վերջին տարիներին նկատելի գործունեություն է ծավալել ՀԱԿ-ի կազմում ու այդ ուժի համար, քանի դեռ այն կուսակցության չէր վերածվել եւ բուրժուադեմոկրատական հեղափոխության երեւակայական ոլորաններում չէր հայտնվել: Նաեւ նման զարգացումների վերջնարդյունքում Սասուն Միքայելյանը հայտնվեց բոլորովին այլ՝ վերջերս ձեւավորված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերում:
Տվյալ դեպքում էականն այն է, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը փաստորեն մերժեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, որ Հրազդանում ընտրահանձնաժողովներում ՀԱԿ-ի կողմից նշանակվեն Սասուն Միքայելյանի առաջարկած անձինք:

Ծիծաղելի, առնվազն զավեշտական է, բայց Նիկոլ Փաշինյանը, որ անկախ ամենից, ՀԱԿ խմբակցության անդամ է, իր իսկ խմբակցության ղեկավարի հետ «շփվում» է գրագրությամբ, այն էլ՝ հրապարակավ է դա արվում:
Չէ, գրելու տեսանկյունից հետաքրքիր է, բայց անընկալելի է մարդկային հարաբերությունների ու քաղաքական տրամաբանության տեսանկյունից:
Ինչ էլ ասվի, ՀԱԿ-ը, տվյալ դեպքում՝ ՀԱԿԿ-ն, չունենալով իր առաջադրած թեկնածուն, փաստորեն ու «չորով» մերժում է մի անձնավորության, որն իրենց իսկ համար ժամանակին քիչ բան չի արել՝ մեղմ ասած: Սա ամենից առաջ հայկական ընկալումների ու նաեւ պարզապես մարդկային հարաբերությունների հարթության վրա է անհասկանալի:

Դա նաեւ ստվեր է նետում հենց մերժողի վրա: Իսկապես, ովքե՞ր են այս մարդիկ այդքանից հետո, եթե հնարավորություն ունեն աջակցելու ժամանակին իրենց աջակցած մարդուն, բայց չեն անում դա: Սա ավելին է, քան պարզապես չուզողությունը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031