Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ երրորդ քառօրյան արդյունավետ էր՝ քննարկումների եւ ներկայացվող օրինագծերի ինտենսիվությամբ

Մարտ 19,2016 15:30

Ազգային ժողովն ավարտեց հերթական քառօրյան, որն աչքի ընկավ բավական հագեցած
օրակարգով եւ ակտիվ քննարկումների ու բանավեճերի առատությամբ: Քննարկվող հարցերի եւ ներկայացվող օրինագծերի շուրջ զրուցեցինք ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի հետ:

– Այս տարվա արդեն երրորդ քառօրյան է ընթանում, եւ, իսկապես, շատ ակտիվ, բազմակողմանի վերլուծություններ, քննարկումներ են տեղի ունենում բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ՝ թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր: Երբեմնի այն մեղադրանքը, որ տարիներ առաջ հնչում էր խորհրդարանի հասցեին՝ «պասիվ, պաղ քննարկումներ, առանց հարցերի մեջ խորամուխ լինելու օրենքներ սղացնելու» եւ այլնի շուրջ, վաղուց անցել է պատմության գիրկը: Հիմա մենք միջինը մեկ քառօրյայի ընթացքում 5-6 օրենք ենք կարողանում քննարկել, եւ սա խոսում է այն մասին, թե որքան մանրակրկիտ եւ համակողմանի են ընթանում յուրաքանչյուր նախագծի շուրջ քննարկումները, եւ ոչ միայն լիագումար նիստերում, այլեւ հանձնաժողովներում:

– Տիկին Նաղդալյան, երկուշաբթի օրվանից մեկնարկած քառօրյա նիստերի ընթացքում բուռն քննարկումներ եղան ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի տարեկան գործունեության ծրագրի շուրջ, որոնք, կարծես, ստվերեցին ներկայացվող ծրագրի բուն բովանդակությունը:

– Իրականում 2 օր տեւեց շատ ակտիվ քննարկում, որին մասնակցեցին բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, բազմակողմանի վերլուծեցին եւ բազմաթիվ անդրադարձներ կատարեցին այս կամ այն ապրանքատեսակի, ապրանքային շուկայի կամ ոլորտի վերաբերյալ: Բայց ինչպես ՏՄՊՊՀ-ի, այնպես էլ դրանից առաջ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ. ծրագիրը քննարկելիս պարզորեն նկատելի դարձավ մի իրողություն, որ այլեւս նախընտրական փուլում ենք, եւ տրված է նախընտրական պայքարի մեկնարկը, իսկ այն Սահմանադրության փոփոխության արդյունքում շատ ավելի խիստ եւ արմատական է լինելու: Չէ՞ որ խորհրդարանական համակարգի պայմաններում քաղաքական կուսակցությունների այլ դերակատարություն է նախատեսվում: Այս հանգամանքի ազդեցությամբ է բացատրվում երեւույթը, որ նշված հարցերի քննարկումը ոչ թե կոնկրետ փաստաթղթի կամ ծրագրի քննարկում էր հիշեցնում, այլ, այսպես ասած, «համախառն» քննարկում, երբ խոսվում է երկրի բոլոր ցավոտ հարցերի եւ չլուծված խնդիրների մասին, անկախ նրանից՝ դրանք քննարկվող հարցի հետ առնչություն ունեն, թե ոչ: Այս փուլին բնորոշ են ակտիվ քննադատական ելույթները, հաճախ քաղաքականացված եւ շահարկումներով լի, ինչպես նաեւ պոպուլիզմի ալիքը: Սա տեսել ենք, գիտենք: Դրա հետ միասին երկիրը պետք է շարունակի աշխատել, կենսագործել, արտադրել, գնել-վաճառել, կարգավորել եւ այլն: Հետեւաբար իմաստ ունի, այնուամենայնիվ, վերադառնալ բուն թեմային կամ խնդիրներին՝ դրանք առավել լիարժեք լուծելու նպատակով, մանավանդ, որ խնդիրները իսկապես կարեւոր նշանակություն եւ բարձր հասարակական հնչեղություն ունեն:

– ԱԺ երրորդ քառօրյայի ընթացքում քննարկված ո՞ր հարցերը կառանձնացնեիք՝ որպես առավել էական եւ բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված քայլեր:

– Քառօրյայի օրակարգում մի քանի շատ կարեւոր նախագծեր էին ընդգրկված. դրանցից հատկապես կընդգծեի «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի կարեւորությունը, որով էներգետիկ համակարգում քայլ է արվում դեպի նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, դեպի արտադրական նոր հզորություններ՝ արեւային էներգիա, քամու էներգիա եւ այլն: Սրանք բոլորը ուղղված են թեթեւացնելու մեր էներգետիկ համակարգում գոյություն ունեցող հզորությունների բեռը՝ նվազեցնելով մեր երկրի կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքից, ինչը շատ կարեւոր է, քանզի թույլ է տալու նաեւ դիվերսիֆիկացնել տնտեսությունը՝ այլընտրանքային ուղի հանդիսանալով էներգիայի ապահովման համար: Օրինագծի քննարկմանը մասնակցեցին բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները՝ իրենց գոհունակությունը հայտնելով կառավարության կողմից ներկայացվող այդ առաջարկներին:

Նման վերաբերմունքի արժանացավ նաեւ մի խումբ պատգամավորների եւ կառավարության նախաձեռնությամբ ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» օրինագիծը: Սա պայմանավորված էր այն հանգամանքով, որ առկա էր բնակչության կողմից դժգոհություն, որ ԵՏՄ տարածքից Հայաստանի տարածք մեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվում էր ավելացված արժեքի հարկ, թեեւ դա այդպես չպետք է լիներ, քանի որ ԵՏՄ-ն հանդիսանում է մեկ միասնական, ընդհանուր տնտեսական տարածք, ինչն էլ ենթադրում է ապրանքների, ռեսուրսների, կապիտալի ազատ տեղաշարժ, եւ այս օրինագծով շտկվում է այդ խնդիրը:

Քառօրյա նիստերի վերջին օրվա ընթացքում ներկայացված խնդիրներից էին «Երկակի նշանակությամբ ապրանքների արտահանման օրենքում» փոփոխությունները, որոնք պայմանավորված են ներկայումս գործող կարգավորումների էականորեն լիբերալիզացմամբ եւ դյուրացմամբ: Սա օրինագծերի բավական ստվար փաթեթ է՝ ե՛ւ ներմուծողներին, ե՛ւ արտահանողներին շատ ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներից ու դժվարություններ ստեղծող արհեստական խոչընդոտներից ազատելուն միտված: Սրանք կառավարության կողմից սպասված քայլեր են, որոնց նպատակը տնտեսվարողների պայմանների ազատականացումն է՝ տնտեսական ակտիվությունը խթանելու նպատակով, որը օրվա գլխավոր խնդիրների շարքից է:

– ԱԺ քառօրյայի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ ընդունվեց նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացվել էր ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից: Դրանով, փաստորեն, կարգազանց են համարվում այն պատգամավորները, ովքեր նիստի ընթացքում գրանցվում կամ քվեարկում են բացակա պատգամավորի փոխարեն: Այս հանգամանքը «պատմական» որակվեց: Կխնդրեինք Ձեր մեկնաբանությունը նաեւ այս առիթով:

– Իրականում սա գալիս է եւս մեկ անգամ հերքելու այն բազմիցս հնչող տրիվիալ մեղադրանքը, թե Ազգային ժողովում ընդունվում են միայն իշխանությունների կողմից ներկայացվող օրինագծերը, ինչպես նաեւ հստակորեն երեւում է իշխող մեծամասնության շահագրգռվածությունը եւ վճռականությունը, քաղաքական կամքը՝ կարգազանցության կամ օրինազանցությունների, Կանոնակարգի խախտումների դեմ պայքարում:
Եվ վերջապես՝ որպես ամփոփում, հիշեցնեմ, որ սկսվել եւ ընթանում է Ընտրական օրենսգրքի շուրջ աշխատանքը, ու թեեւ օրենսգիրքը դեռեւս օրակարգում չէ, միեւնույն է՝ հանդիսանում է ակտիվ եւ բազմակողմանի քննարկման առարկա, ու դա իսկապես իր կնիքն է թողնում օրենսդիր մարմնի գործընթացների վրա:

Այս օրերին Հայաստանում էին նաեւ հայտնի Վենետիկի հանձնաժողովի անդամները, ովքեր հանդիպումներ եւ քննարկումներ էին անցկացնում քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այսօր անընդհատ բանավիճում ենք, բացատրում, ուսումնասիրում միջազգային իրավունքը եւ փորձում գտնել բարեփոխումների այն ուղղությունները եւ բովանդակությունը, որոնք իրապես կարեւորագույն են մեր երկրի համար: Ուզում եմ ընդգծել այս պահին էական մի հանգամանք՝ հեղինակների եւ իշխող մեծամասնության պատրաստակամությունը՝ իսկապես բարեփոխելու հանրային կյանքի կարեւորագույն խնդիրները, ինչպիսին ընտրական գործընթացներն են, պատրաստակամությունը լսելու եւ աշխատելու բոլոր առաջարկների շուրջ: Սա իսկապես կարեւոր եւ կենսական է մեր երկրի համար, ուստի հորդորում եմ քաղաքական դաշտի եւ քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչներին՝ թեեւ ժամանակը իսկապես քիչ է, եւ մենք կաշկանդված ենք Սահմանադրության ժամկետային սահմանափակումներով եւ ստիպված ենք արագ գործել (որի պատճառով է, որ իշխանությունը փորձում է որոշ գործընթացներ զուգահեռ անել), բայց, իսկապես, կարեւոր է, որ մենք կոնսոլիդացնենք ուժերը եւ փոխըմբռնման ու փոխզիջման մթնոլորտում գործելով՝ ստեղծենք օրենսգիրք եւ անցկացնենք ընտրություններ, որոնց արդյունքի վրա չի լինելու կասկածի կամ անվստահության ստվերը:

 
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
18.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031