Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապագայի խորհրդարանում այլմոլորակայիններ չեն լինելու»

Մարտ 19,2016 15:00

ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը վստահ է,
որ ընդդիմությունը պիտի ներկայացնի իր առաջարկները առանց վերջնագրի

– ՀՀԿ-ն սահմանադրական բարեփոխումներով խոստանում էր նոր եւ նորովի իրավիճակ, բայց Ընտրական օրենսգրքի նախագիծը հուշում է, որ ամեն ինչ դարձյալ ՀՀԿ-ի «հագով է կարվում»: Ինչո՞ւ:

– Սահմանադրական բարեփոխումների գործընթացին, փոփոխությունների խմբագրմանը եւ իրականացմանը մասնակից է եղել ոչ միայն ՀՀԿ-ն, այլեւ բազմաթիվ այլ քաղաքական ուժեր նույնպես, այո, նախաձեռնությունը Հանրապետականինն էր, բայց դրան միացան այլ ուժեր նույնպես, այնպես որ՝ համամիտ չեմ ձեր այն դիտարկմանը, թե ինչ-որ բան է կարվել եւ ինչ-որ մեկի հագով: Խոսքը երկրի գլխավոր օրենքի մասին է, եւ այն բարեփոխվել է քաղաքական բոլոր ուժերի պահանջներին համահունչ՝ մի՞թե մոռացել եք, թե որ ուժերը եւ քանի տարի խոսում ու երազում էին խորհրդարանական կառավարման անցնելու մասին, մեծամասնական ընտրակարգի վերացման մասին, մի՞թե մոռացաք, որ հենց ՀՀԿ-ին էին մեղադրում մեծամասնականի շնորհիվ 41 բոնուս տեղերը ապահովելու մեջ, իզուր եք մոռանում, քանի որ պատմությունը եղած փաստերի ամբողջության մեջ է պատմություն: Հիմա նոր փոփոխություններով այդ ամենը ի դերեւ ելավ, հիմա նոր ԸՕ-ի նախագիծը գրվել է խորհրդարանական կառավարման մոդելի եւ մեծամասնական ընտրակարգը բացառելու սկզբունքի հիման վրա:

– Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները վերջերս հանդիպումներ ունեցան հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումներից հետո ընդդիմադիր պատգամավորներից շատերը բավական տպավորված էին, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ ընթացակարգային մոտեցում չունեին եվրոպացի փորձագետները: ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ էլ եվրոպացի փորձագետները բավական դիտարկումներ էին ներկայացրել վիճելի հարցերի շուրջ: Նախագիծը, որը կներկայացվի խորհրդարան, էական փոփոխությունների կենթարկվի՞: Ընդդիմության առաջ քաշած հինգ հիմնական հարցերից որո՞նց շուրջ է իշխանությունը պատրաստ զիջումների գնալ:

– Սկսեմ վերջից՝ զիջումների գնալու խնդիր չկա, ԸՕ հեղինակները չեն գրել մի բան, որը վերջնական եւ անփոփոխ է որպես քարի վրա գրված արձանագրություն, եւ ընդդիմադիր մեկ-երկու գործիչ էլ չեն ասում վերին ատյանի ճշմարտություններ: Խնդիրը մեկը մյուսին լսելու, լսածը ըմբռնելու եւ միասին աշխատելու կամքի մեջ է: Մեր կողմից այդ կամքը կա, պատրաստ ենք լսել, քննարկել, խելամիտ առաջարկները ընդունել եւ նախագիծը դարձնել համընդհանուր ընդունելի: Եթե այդ կամքը իրենց մեջ կկարողանան գտնել նաեւ այլ ուժեր, սիրով, դա կլինի նորմալ, քաղաքակիրթ եւ քաղաքական համագործակցություն: Իսկ եթե ընդդիմախոսները պատրաստ չեն համատեղ լուծումների, արդեն իրենց խնդիրն է: Միայն սուր ճոճելով հեռու չեն գնա, պիտի պատրաստակամ լինեն պայքարելու, իրենց լսելի դարձնելու եւ նաեւ՝ լսելու հակառակ կողմի փաստարկները:

Վենետիկի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳԻ մասին. ակամա հիշեցի մեկ այլ հանդիպում, երբ քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների փաթեթը, եւ մեր ընդդիմադիր պատգամավորներից մեկի լացուկոծը՝ եվրոպացի մեր գործընկերների ներկայությամբ, ամոթ էր, տխրելու չափ ամոթ, իսկ այսօր ոգեւորվե՞լ են: Ուրախ եմ, քանի որ այն, ինչ արվում է, լավ գնահատականի է արժանացել նույն այդ կառույցների կողմից: Նրանց պահանջն է ընտրություններից հետո ցուցակները չհրապարակելը, ասում են՝ դա մարդու իրավունքների ոտնահարում է, եւ էլի մի շարք դրույթներ, ուրեմն ուրախ եմ, որ մեր սիրելի ընդդիմադիր գործիչները ոգեւորվել են, ուրեմն եվրոպացի մեր գործընկերները կարողացել են նրանց համոզել, որ ԸՕ նախագիծը հաջողված է: Իսկ այն, ինչը հարկ կա փոխելու, կրկնում եմ՝ պետք է քննարկել եւ գտնել միասնական լուծումներ:

– Բայց ցուցակների հրապարակումը նաեւ հասարակության մոտ վստահություն կստեղծի ընտրական գործընթացների նկատմամբ:

– Ընտրական գործընթացների հանդեպ հասարակության վստահությունը ամենակարեւորն է, որին բոլորս պիտի ձգտենք: Այդ վստահությունը կվերականգնվի ընտրական գործընթացների բաց եւ ազատ իրականացման դեպքում միայն:

– 2017-ի ընտրություններից առաջ քաղաքական վերադասավորումներ են սպասվում, ԲՀԿ-ում արդեն շարժեր են ընթանում, խոսակցություններ կան, որ ՀԱԿ-ը, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունն» են բանակցում, բանակցություններ կան նաեւ, այսպես կոչված, արեւմտամետ թեւում: Ի՞նչ պատկեր եք տեսնում:

– Պատկերը դուք շատ լավ նկարագրեցիք, նախընտրական տարի է, ինքս էլ լրագրող աշխատածս տարիներին այս կարգի քաղաքական կուբիկ-ռուբիկներ շատ եմ տեսել եւ «վերադասավորել»: Կարծում եմ՝ նորմալ գործընթաց է: Անառարկելի է, որ մեր երկրին անհրաժեշտ են փոփոխություններ, թարմություն, նոր, ավելի գրագետ, կենսափորձով, հասուն ուժեր ու անհատներ: Հուսամ՝ քաղաքական վերադասավորումները կլինեն քաղաքական տիրույթում, եւ հաջորդ խորհրդարանը կլինի շատ ավելի բազմադեմ եւ շատ ավելի քաղաքական, մեր հասարակության պատկերը պիտի գրագետ ձեւով ներկայացված լինի նաեւ նոր խորհրդարանում: Կատակեմ՝ այլ մոլորակներից չենք բերելու մարդուկներ, պիտի բավարարվենք նրանով, ինչ կա:
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

«Առավոտ» օրաթերթ
18.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031