Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւանգման գործով գաղտնալսել են փաստաբանին

Մարտ 19,2016 14:00

Տավուշի մարզում արտակարգ իրավիճակ է ստեղծվել՝ կապված Կամո եւ Հովհաննես Ղալթախչյանների սպանության փորձերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննության հետ:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Ղալթախչյանների շահերի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը բազմիցս դիմել է, որպեսզի սպանության փորձերի եւ դրան «կից» առեւանգման գործերը միացվեն եւ իրար հետ քննվեն, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը եւ քննչական կոմիտեն, ըստ էության, մերժել են:

Սպանության փորձերով, փաստորեն, շարունակվում է նախաքննությունը: Սակայն մինչ օրս որեւէ անձի մեղադրանք չի առաջադրվել, չնայած փաստաբանը հրապարակայնորեն հայտարարել է՝ ակնհայտ են թե կատարողը, թե պատվիրատուն: Ուշադրության արժանի է այն, որ դեպքերը տեղի են ունեցել 2013 եւ 2014 թվականներին:

Հովհաննես Ղալթախչյանի ավտոմեքենայի վրա կատարված շատերի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի՝ կրակոցների մասով քրեական գործ ընդհանրապես չէր հարուցվել, կոծկվել էր Տավուշի մարզի ոստիկանության բաժնի կողմից, ինչի արդյունքում 2 ոստիկաններ դատապարտվել են:

Ինչ վերաբերում է Կամո Ղալթախչյանի մահափորձին՝ նրա ավտոմեքենան պայթեցնելու եղանակով, այն նույնպես կասեցված էր:

2015 թվականին ի հայտ եկավ մի հանգամանք, երբ ականատես մեկը հայտնել էր, թե փորձել են հորը սպանել, երբ նա վերադարձել է Ռուսաստանից Հայաստան՝ Վրաստանով, Նոյեմբերյանի ճանապարհով: Մեխակ Մելիքբեկյանի եւ Տաթեւ Գասպարյանի դեմ առերեսման ժամանակ հայտնել էր, իր ցուցմունքը պնդել Գագիկ Ալավերդյանը՝ նրանց ընկերը:

Երբ Գ. Ալավերդյանն այդ մասին պատմել է հայր եւ որդի Ղալթախչյաններին, վերջինները ցանկացել են հանդիպել Մեխակ Մելիքբեկյանին, նրանից բացատրություն ստանալու համար, թե ո՞րն է շարժառիթը: Հանդիպել են գյուղի եկեղեցու մոտ, զրուցել, եւ Մեխակ Մելիքբեկյանը բոլորի ներկայությամբ ասել է, որ այո, ինքն է կրակել Հովհաննես Ղալթախչյանի ավտոմեքենայի վրա, սակայն նշել է, որ Ղալթախչյանի որդու ավտոմեքենայի պայթյունի հետ կապ չունի, դա գյուղապետ Տաթեւ Գասպարյանն է կազմակերպել:

Չանցած մի քանի օր՝ Մ. Մելիքբեկյանը դիմել է ոստիկանության բաժին, թե իբր իրեն առեւանգել են: Առեւանգման գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի նկատմամբ, քանի որ մեկը գտնվում է հետախուզման մեջ, 4-ի գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել են դատական նիստերը:
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն «Առավոտի» հարցին, թե ի՞նչ կատարվեց, երբ այս գործով բացարկ հայտնեցիք նախագահող դատավոր Ռ. Մելքոնյանին, երեկ տեղեկացրեց. «Նախաքննական մարմինը քրեական գործը հարուցել է առեւանգման հատկանիշներով: Այնտեղ նշել է. Կամո Ղալթախչյանի կազմակերպմամբ, եւ 4-ով առեւանգել են Մեխակ Մելիքբեկյանին: Նախաքննական մարմինը քրեական գործ հարուցելիս փաստացի բոլորին դիտել է կասկածյալի կարգավիճակում: Դրանից հետո նրանց հարցաքննել է որպես վկա, բացատրելով վկայի իրավունքներն ու պարտականությունները խեղաթյուրված ձեւով: Չնշելով, որ այդ 4-ը փաստացի կասկածվում են եւ իրավունք ունեն ընդհանրապես ցուցմունք չտալու, բացի այդ, որպես վկա նշել է Քրեական դատավարության օրենսգրքի վկայի իրավունքներն ու պարտականությունները՝ ասելով, թե իրավունք ունեք չտալու «մերկացնող ցուցմունք»: Սա այն դեպքում, երբ նշված է՝ վկան իրավունք ունի չտալու ցուցմունք՝ իր եւ իր մերձավորների վերաբերյալ: Ամբաստանյալներից մեկին՝ Արթուր Մելիքբեկյանին մեղադրանք էր առաջադրվել նաեւ ապօրինի զենք պահելու համար: Սակայն այս մեղադրանքով գործը մեկ այլ դատարանով ավարտվել է, արդարացվել է այդ տղան: Բացարկս մերժվեց: Դատարանն այս գործը ընդունելով, իր որոշման մեջ գրել էր, թե նախաքննությունն իրականացվել է առանց քրեական դատավարական օրենքի էական խախտումների, երբ բազմաթիվ էին այդ խախտումները»:

Օրեր առաջ դատավորին բացարկ հայտնեց նաեւ ամբաստանյալներից Արտակ Մանուչարյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ավագ Լալայանը, նույն հիմքով, որ դատավորը չի ծանոթացել քրեական գործի նյութերին:
Դատավորը երկրորդ պաշտպանի բացարկն էլ մերժեց:

Լ.Սիմոնյանը միանալով Ավագ Լալայանին՝ հավելել է. «Եթե ծանոթացած լինեիք քրեական գործին, ապա կտեսնեիք, որ գործի նյութերում առկա է ինձ ու վստահորդիս գաղտնալսելու մասին փաստաթուղթ»:

Դուք Ձեր ֆեյսբուքյան էջում հայտնել էիք, որ Ձեզ գաղտնալսել են, չնշելով կոնկրետ որ գործով, նաեւ գրել էիք, որ դիմելու եք գլխավոր դատախազին, պատկան մարմիններին: Դիմե՞լ եք, «Առավոտի» հարցին էլ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասաց. «Համապատասխան որոշակի փաստաթղթային ձեւակերպումներ կատարելուց հետո կդիմեմ»:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 22-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
նկարը՝ հեղինակի
Հ.Գ. – Տեղի է ունեցել երկու նիստ: Մինչ այդ նշանակվել էին նիստեր, բայց Գագիկ Ալավերդյանին արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից «չէին տալիս» ուղեկցողներին, պատճառաբանելով, թե նա հիվանդ է: Բայց երբ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դիմել է քրեակատարողական հիմնարկների վարչություն, այնտեղից պատասխանել էին, թե ամբաստանյալն ի վիճակի է մասնակցելու ու բերվել էր դատարան:

 

«Առավոտ» օրաթերթ
18.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031