Կարելիայի երաժշտական թատրոնում աշխատելուց հետո
ընդմիշտ Հայաստան է վերադարձել Հայկ Քյուրջյանը:
Երկարատեւ ընդմիջումից հետո օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Մինկուսի «Դոն Քիշոտ» բալետային ներկայացման մեջ (խորեոգրաֆիան՝ Վ. Գալստյանի) տորեադորի դերապարով կրկին հանդիպեցինք մենապարող Հայկ Քյուրջյանին:
Նա թատրոն է եկել 2009թ.: Չենք կարող ասել, թե զբաղված է խաղացանկային համարյա բոլոր նեկայացումներում, այդուհանդերձ, բալետի երիտասարդ արտիստի մասին մասնագետների կողմից բազմիցս հնչել են գովասանքի խոսքեր՝ նրա մասնակցությամբ հատկապես Ռ. Խառատյանի բեմադրությամբ «Կրքեր ըստ Բախի», Էդ. Հովհաննիսյանի «Վարդանանք», Մ. Ֆոկինի խորեոգրաֆիայով էլ «Շոպենիանա» ներկայացումներում:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Հայկ Քյուրջյանը թատրոնից իր բացակայության առիթով ասաց. «2014թ. սեպտեմբերից բեմ էի բարձրանում Կարելիայի երաժշտական թատրոնում, որտեղ աշխատում էին իմ ընկերները նույնպես, առաջատար պարողներ Արթուր Բաղրամյանը, Արթուր Գեւորգյանը եւ Նարեկ Մարտիրոսյանը, որն այժմ ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում: Շուրջ մեկ տարի տեւեց այդ թատրոնում բեմական գործունեությունս, հանդես եկա ընդամենը մեկ՝ Ալբերտի դերապարով՝ Ադանի «Ժիզելում»: Երեւան վերադարձա անցյալ տարի, գարնանը: Գտնվելով ընտանիքից ու հայրենիքից հեռու, սկսեցի ավելի շատ սիրել այն ամենը, ինչը կապված է Հայաստանի հետ, նույնիսկ այնպիսի բաներ, որ Երեւանում դրանց հանդեպ ունեի բացասական վերաբերմունք… Հասկացա, որ տարիներով չեմ կարող աշխատել «դրսում»:
Այլ հարց է՝ կարճաժամկետ, մեկ-երկու ամսով պայմանագրային հիմունքներով այլ թատրոններում աշխատելը: Ամենակարեւորը՝ Երեւանի թատրոնի բալետային խումբը իսկապես մեկ ընտանիք է»…
Խնդրեցինք զուգահեռներ անցկացնել Կարելիայի երաժշտական եւ Երեւանի ազգային օպերային թատրոնների բալետային խմբերի միջեւ: «Այնտեղ գլխավոր բալետմայստերը Կիրիլ Սիմոնովն է, մի արվեստագետ, որը բեմադրություններ է իրականացրել տարբեր թատրոններում, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի Մարիինյանում՝ Չայկովսկու «Շչելկունչիկը», Նովոսիբիրսկի թատրոնում՝ Պրոկոֆեւի «Մոխրոտը», Սլովակիայում՝ Շչեդրինի «Աննա Կարենինան» եւ այլն: Հիանալի բեմադրություն էր «Ժիզելը», որտեղ Սիմոնովը գլխավոր դերապարով ընդգրկեց ինձ նույնպես: Ինչ վերաբերում է փորձերին, դրանք սկսվում էին ժամը 11-ից, ավարտվում՝ 17-ին: Իսկ եթե ներկայացում էր նշանակված, ապա մեր թատրոնի նման, սկիզբը ժամը 19-ին էր: Խաղացանկում համաշխարհային դասական բալետային գրականության նմուշների եւ ժամանակակից ու մոդեռն ներկայացումների թիվը, կոպիտ հաշվարկով՝ 50/50 էր: Այնտեղ հաճախ էին հրավիրվում հյուրախաղորդ արտիստներ…
Ճիշտն ասած՝ Երեւանի թատրոնում ավելի շատ են բարձրակարգ արտիստները, քան Կարելիայում: Անկեղծության դեմ չմեղանչելու համար նշեմ միայն, որ նրանք ունեն հիանալի կորդեբալետ, գլխավոր բալետմայստերի ու փորձավարների հետ անում են ամեն ինչ, այսինքն՝ օգտագործում իրենց հնարավորությունների մաքսիմումը»,- հայտնեց արտիստը: Ռեպլիկին, թե Կարելիայի երաժշտական թատրոնի բալետային խումբը հաճախ է հյուրախաղերի մեկնում, Հայկը, առանց մանրամասնելու, ընդամենն ասաց. «Նրանց՝ թատրոնի պատերից դուրս, ոչինչ չի հետաքրքրում»: Հարցին՝ նույնիսկ ազատ երեկոներին գումար վաստակելու համար հանդես չե՞ն գալիս, ասենք՝ գիշերային ակումբներում, ռեստորաններում եւ այլ վայրերում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ մի արտիստ, թատրոնից բացի, այլ աշխատանքի չի էլ ձգտում: Նշեմ, որ նրանց ու մեր աշխատավարձերը համարյա նույնն են…»: Հետաքրքրությանը՝ իսկ ինքը մտադիր չէ՞ շահավետ առաջարկ լինելու դեպքում հանդես գալ այլ վայրերում, Հայկ Քյուրջյանը հավաստիացրեց. «Միանշանակ՝ ոչ, բայց, ճիշտն ասած՝ վերջերս ցանկություն ունեմ սովորելու… Սովորելու ատամնաբույժի մասնագիտությունը, քանի որ հայրս, եղբայրս, հորեղբայրս, եւ ոչ միայն, ատամնաբույժներ են, մի խոսքով՝ իմ դեպքում դա ընտանեկան մասնագիտություն է: Մյուս կողմից՝ հիանալի գիտեք, թե ինչքան կարճ է պարողի բեմական կյանքը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.03.2016