Սիքստինյան Կապելլան համարվում է Վատիկանի մարգարիտը: Նրա թագն ու պսակն էլ առաստաղին Միքելանջելոյի կողմից արված որմնանկարներն են: Ասում են՝ Միքելանջելոն ատում էր Սիքստինյան Կապելլան, քանի որ այն խլել էր իր առողջությունը եւ լավագույն տարիները:
Այժմ մի քանի փաստ Սիքստինյան Կապելլայի մասին՝ ըստ kulturologia.ru-ի:
1. Սիքստինյան Կապելլան ի սկզբանե ամրոց է եղել: Այն կառուցվել է 1473-1481 թթ. Ջորջե դե Դոլչի ճարտարապետի կողմից՝ Հռոմի պապ Սիքստոս IV-ի պատվերով, որտեղից էլ առաջացել է անունը։ Այժմ Կապելլան թանգարան է, Վերածննդի դարաշրջանի երեւելի հուշարձան, որն օգտագործվում է կոնկլավների ժամանակ, որոնց ընթացքում կարդինալներն ընտրում են նոր Հռոմի պապ։
2. Սիքստինյան Կապելլան իր չափերով կրկնում է Սողոմոնի տաճարը:
3. Որմնանկարների վրա աշխատել են Վերածննդի դարաշրջանի լավագույն նկարիչները՝ Սանդրո Բոտիչելլին,Դոմենիկո Գիրլանդայոն, Պիետրո Պերուջինոն, Կոզիմո Ռոսելին ու Ռաֆայելը, թեեւ ամեն ինչ միայն Միքելանջելոյի անվան հետ է կապվում:
Միքելանջելոն ատում էր Կապելլայի առաստաղի նկարազարդումները, մշտապես տրտնջում էր, որ ինքը քանդակագործ է եւ ոչ թե նկարիչ: Այնուամենայնիվ, նա այդտեղ ստեղծագործելու համար ծախսել է իր կյանքի հինգ տարիները:
4. Սիքստինյան Կապելլայի գլուխգործոցներից մեկը «Ադամի ստեղծումը» որմնանկարն է: Դրանից հետո բոլորը սկսեցին Աստծուն պատկերել ծերունու կերպարով, այնպես, ինչպես Միքելանջելոն էր նկարել:
5. Քսանհինգ տարի անց որոշվեց մեկ այլ որմնանկար անել՝ «Ահեղ դատաստանը», հանուն որի ոչնչացվեցին Պերուջինոյի գլուխգործոցները: Ի դեպ, «Ահեղ դատաստանը» զբաղեցնում է 200 քմ տարածք:
1590թ. մեկ այլ Պապ՝ Կլիմենտ VIII-ը որոշեց ոչնչացնել Միքելանջելոյի «Ահեղ դատաստանը»՝ հայտարարելով, որ այնտեղ անպարկեշտ ու բաց մարմիններ կան, ինչը հակասում է քրիստոնեական սկզբունքներին: Բարեբախտաբար, նրան մտափոխեցին:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
18.03.2016