Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աերոբիկայի եւ ֆիթնեսի ակումբները կհամախմբվեն մեկ ասոցիացիայում

Մարտ 19,2016 12:30

Նորաստեղծ «Հայաստանի աերոբիկայի եւ ֆիթնեսի ազգային ասոցիացիան», որի շնորհանդեսը կայացավ երեկ, համախմբելու է հանրապետությունում գործող ակումբները:
«Առավոտը» զրուցել է ասոցիացիայի նախագահ Մարիամ Վարդանյանի հետ:

-Ինչո՞վ է պայմանավորված ասոցիացիայի ստեղծումը:

-Առաջին հերթին՝ պրոպագանդել առողջ ապրելակերպը: Մենք միավորում ենք պրոֆեսիոնալ մարզիչներին, նրանց ապահովում լիարժեք գիտելիքներով ու հմտություններով՝ այդպես մեր քաղաքացիների համար երաշխավորելով լավագույն ֆիթնես ծառայություն: Քանի որ աերոբիկայի եւ ֆիթնեսի նկատմամբ հետաքրքրությունը օրեցօր մեծանում է, մեր ասոցիացիան կարող է մարզիչներին համապատասխան գիտելիքներ տալ, ծանոթացնել նորարարություններին:

-Ինչպե՞ս եք պատրաաստվում իրականացնել ծրագրերը:

-Մշակել ենք մասնագետների պատրաստման համակարգ, ձեւավորել ուսումնամեթոդական բազա: Մեզ միացել են ֆիթնեսի պրոֆեսիոնալներ, որոնք պատրաստ են իրենց միջազգային եւ տեղական փորձը փոխանցել: Բացի այդ, մենք սերտ կապեր ունենք միջազգային ֆիթնես շարժման հետ: Մեր նպատակը Հայաստանում աերոբիկայի, խմբակային դասերի ու ֆիթնեսի զարգացում ապահովելն է հանրապետությունում: Եվ քանի որ առողջ ապրելակերպի շարժումն ակտիվանում է, իրականացնելու ենք դրա պրոպագանդումը՝ մասսայական առողջարարական ծրագրեր կազմակերպելով, այդ թվում նաեւ՝ բացօթյա, որի փորձն արդեն ունենք, մասնագետներին վերապատրաստելու նպատակով միջազգային սերտիֆիկացումների, վարպետության դասերի, սեմինարների եւ դասընթացների կազմակերպումով:

-Ֆիթնեսի, աերոբիկայի մարզչի որակավորում ստանալու համար ովքե՞ր կարող են դիմել ձեզ:

-Յուրաքանչյուր չափահաս անձ, որն ունի առնվազն միջին ֆիզպատրաստվածության աստիճան:

-Կա՞ն մարզաձեւեր, որոնց ներկայացուցիչներն ավելի ցանկալի են:

-Ոչ: Օրինակ, ուժային մարզաձեւերի ներկայացուցիչներն ավելի շատ ֆիթնեսի, անհատական, մարզասրահի մարզիչ են դառնում, ինչը որոշակի ֆիզպատրաստվածություն է պահանջում:

-Ասացիք, որ համախմբում եք աերոբիկայի եւ ֆիթնեսի ակումբները: Վերապատրաստման աշխատանքները որտե՞ղ եք անցկացնում:

-Արդեն կան մի քանի ակումբներ, որոնց մասնագետների հետ աշխատում ենք իրենց տարածքում: Իսկ եթե ցանկանում են, նրանց հետ աշխատում ենք մեր դահլիճում:

-Աերոբիկայի եւ ֆիթնեսի ակումբներ ոչ բոլորն են կարողանում հաճախել, որովհետեւ գները ամեն մարդու հասանելի չեն:

-Մեր նպատակն էլ այն է, որպեսզի ակումբների, այդ թվում նաեւ՝ փոքր, քանակն ավելանա, որտեղ ծառայությունների գները ավելի մատչելի կլինեն: Մարդիկ էլիտար ակումբների փոխարեն կարող են հաճախել փոքր ակումբներ, որոնք ավելի մատչելի ու հարմար կլինեն բնակության վայրին մոտ լինելու առումով:

-Աերոբիկայով եւ ֆիթնեսով զբաղվելու համար տարիքային սահմանափակումներ չկա՞ն:

– Ոչ: Դրա համար կան առանձին ծրագրեր: Առողջ ապրելակերպով զբաղվել կարող են բոլորը՝ սկսած նախադպրոցական տարիքից, վերջացրած տարեց մարդկանցով: Ընդորում, մեր ծրագրերի մեջ կարեւոր տեղ ունեն հատկապես նախադպրոցական հիմնարկները:

-Այսինքն, աշխատելու եք բոլոր խավերի՞ հետ:

-Այո: Նաեւ հաշմանդամություն ունեցողների, որոնց համար հիմա առանձին ծրագիր է մշակվում:

-Ծրագրերը շատ են ու բազմաբովանդակ: Այդ բոլորն ասոցիացիան միայնա՞կ է իրականացնելու:

-Մենք պատրաստվում ենք նաեւ մասնագիտական գրականություն եւ տեսանյութեր հրատարակել, որտեղ կներկայացվի միջազգային ու տեղական լավագույն փորձը:Մեզ աջակցում են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Սերտ համագործակցում ենք նաեւ մի քանի ֆեդերացիաների հետ:

-Եվ վերջին հարցը: Ասոցիացիան իր գրասենյակն ունի՞:

-Դրա մասին դեռ չենք մտածել: Ժամանակի ընթացքում այդ հարցն էլ կկարգավորվի:

 
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031