Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան ո՞ւմ արցունքներին է հավատում

Մարտ 19,2016 12:00

Ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա` ՌԴ նախագահ Պուտինին հանդիպելու, այդ հանդիպումից հետո քննարկվում են ամենատարբեր վարկածներ հանդիպման մթնոլորտի, բանակցություններում հնարավոր արդյունքների ու հետեւանքների մասին:

Դատելով ռուսաստանյան պարբերականների հրապարակումներից՝ Մոսկվան փոքր-ինչ հանկարծակիի է եկել պաշտոնական Երեւանի առաջ քաշած պահանջներից: Նույնիսկ հոդված հրապարակվեց՝ «Հայաստանի իշխանությունները շարունակում են ճնշումը ռուս ներդրողների վրա» վերնագրով` «Կոմերսանտում», որում արձանագրվեց, թե Ինտեր ՌԱՕ-ին պատկանող ՀԷՑ-ի սակագնային քաղաքականության նկատմամբ պահանջներից հետո, որոնք հանգեցրին ակտիվի վաճառքին, խնդիրներ են ծագել «Ռուսական երկաթուղիների» մոտ, եւ Հայաստանի հակամենաշնորհային կարգավորող մարմինը համարում է, որ «Ռուսական երկաթուղիներին» պատկանող «Հարավկովկասյան երկաթուղին» օրինաչափորեն չի բարձրացնում սակագները՝ ուռճացներով ներդրումային ծրագրերով նախատեսված ծախսերն ու ընտրելով թանկ կապալառուների: Ապա նշվում էր, թե Հայաստանում ռուսական ընկերությունների ներդրումները զգալիորեն քաղաքականացված են, եւ ընկերությունները պետք է ծայրահեղ զգուշությամբ փոխեն սակագնային քաղաքականությունը:

Մարտի 10-ին Կրեմլում Սարգսյան-Պուտին հանդիպմանը ՌԴ նախագահն իր մի արտահայտությամբ էլ փաստեց առկա խնդիրների մասին` ասելով. «Իհարկե, կան օբյեկտիվ բնույթի խնդիրներ, նկատի ունեմ առաջին հերթին տնտեսական համագործակցությունը, չնայած մենք հասկանում ենք, որ ընդհանուր առմամբ կարող ենք բավարարվել նրանով, թե ինչպես ենք կառուցել մեր հարաբերությունները»:
Սերժ Սարգսյանը, հավանաբար, հարկ չէր համարի հրապարակավ եւս մեկ անգամ հայտարարել, որ Հայաստանն աջակցում է Ռուսաստանի դիրքորոշմանը Սիրիայի հարցում, եթե համոզված լիներ, որ այդ հանդիպումից մի քանի օր անց Պուտինը հրահանգելու է ՌԴ-ի հիմնական զինված ուժերը դուրս բերել Սիրիայից:

Հայտնի է, որ առաջիկայում Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։ Պարզ է արդեն, որ գազի գնի հետ կապված Սարգսյան-Պուտին հանդիպմանը համաձայնության հասնել չի հաջողվել, ու բանակցությունները դեռ կշարունակվեն:
Ուշագրավն այն է, որ Ս. Սարգսյանի մոսկովյան այցի նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը «Կոմերսանտին» ասել էր, թե Հայաստանին չի կարող դուր գալ այն, որ Ադրբեջանը զենք է գնում դաշնակից Ռուսաստանից, սակայն Սարգսյան-Պուտին հանդիպմանը թե այս հարցի, թե ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ Պուտինի կողմից որեւէ ակնարկ չեղավ:

Հայ-ռուսական բանակցություններից մեկ օր անց Երեւանում ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինն էլ գերադասեց խոսել այն մասին, որ Թուրքիան իր գործողություններով ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արեւելքում, եւ որ «Հայաստանը կարեւոր դեր ունի խաղաղության ապահովման գործում»:

Հարկ է նշել, որ ՌԴ Պետդումայի նախագահը նաեւ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահն է, եւ վատ չէր լինի, եթե նա անդրադառնար Ադրբեջանի պահվածքին, դրա առնչությամբ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթին, երբ Հայաստանի նախագահը մեղադրեց ՀԱՊԿ-ական գործընկերներին անտարբերության մեջ:

Ուշագրավ էր նաեւ Սարգսյան-Պուտին հանդիպման հաջորդ օրը Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի` ԼՂ խնդրում «գոյություն ունեցող միջազգային ձեւաչափերի» մասին ձեւակերպումը, մի արտահայտություն, որին տարիներ շարունակ «միս ու արյուն» է ձգտում տալ պաշտոնական Բաքուն` նպատակ ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը կամ արգելափակել, կամ ընդլայնել գործող համանախագահության ձեւաչափը: Ընդ որում, Սարգսյան-Պուտին հանդիպումից առաջ ԼՂ բանակցությունների նրբություններին քաջատեղյակ, պաշտոնական Բաքվի «ուղեղը» համարվող Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը հենց այս բանաձեւը կրկին հրապարակ նետեց` նշելով. «Մինսկի խմբի ամբողջական ձեւաչափի կիրառումը միջազգային հանրության կողմից Հայաստանի դեմ կիրառվող հավելյալ ճնշման միջոց կարող է դառնալ: Կարծում եմ, որ, ասենք, Գերմանիայի, Շվեդիայի, Թուրքիայի գործունեությունն ու դերակատարությունը Մինսկի խմբում կարող է ավելի արդյունավետ լինել»:

Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանի իշխանություններին առավելապես անհանգստացնում ու մտահոգում են Հայաստանի իշխանությունների կողմից Մոսկվային ուղղված տնտեսական, էներգետիկ ոլորտի առաջարկներն ու պահանջները: Դե, իսկ մեր երկրի անվտանգության հետ կապված առկա խնդիրների արծարծումն ու դրանց մասին հրապարակավ, բաց խոսելը ռուսական կողմն առանձնապես չի էլ կարեւորում կամ` կաշկանդված է դրանց մասին հստակ բարձրաձայնելու առումով:

Կարելի է ենթադրել, թե ինչու. գուցե Մոսկվայի վրա ավելի մեծ ազդեցություն են թողնում Ալիեւի՞ «արցունքները», քան ռազմավարական դաշնակից Հայաստանից հնչող արդարացի պահանջներն ու անհանգստությունները:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ани says:

    А все иностранные компании жалуются на Армянское правительство, обвиняя их в крышавых структур, где ежемесячно к ним приходят чиновники и требую от них денег, угрожая в ином случае закрытием. Ведущий БМВ в Армении дал интервью немецким СМИ, что и было опубликовано.

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/03/19/668644/

    © 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031