Հրաձգության Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մեր մի քանի հրաձիգներից օլիմպիական ուղեգրի հույս ունեին, սակայն սայթաքում եղավ:
«Պատճառաբանություն չի, պետք է ասեմ: Դա պատառներից մեկն է, որ ազդեց արդյունքների վրա: Մենք զենքերը արկղերի մեջ զմռսված տանում ենք մաքսատան բեռնափոխադրման հատված: Մեր՝ Հայաստանի, մաքսատանը, որպես կանոն, բավականին ձգձգումներ են լինում: Մյուս երկրներում նման խնդիրներ չկան: Գալիս են օդանավակայան, ոստիկանությունը նայում է բոլոր փաստաթղթերը եւ եթե ամեն բան օրինական է, վերջ՝ մեկնում են: Հայաստանը, միակ երկիրն է աշխարհում, որ մշտապես քաշքշուկներ են լինում: Այդպես եղավ նաեւ վարկանիշային մրցաշարի մեկնելու ժամանակ, երբ այնտեղ շուրջ վեց օր մեր մարզիկները մնացին առանց մարզումների: Ես մեր մաքսատանը շատ եմ հետաքրքրվել, թե ինչի է մեզ մոտ այդպես: Ասում են՝ մեր համակարգչի ծրագիրն է այդպես: Մաքսային ծառայողներն այդտեղ մեղավորություն չունեն: Օրենքը, կարգն է այդպիսին: Ասում են՝ դիմեք կառավարություն: Ձեզ դիմելով՝ հույս ունենանք, որ պատասխանատուները կկարդան ու վիճակը կարգավորելու ձեւ կգտնեն», – ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:
Սեյրան Նիկողոսյանի մամուլի ասուլիսի մանրամասները կարդացեք «Առավոտի» մարտի 19-ի համարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ