Լրահոս
Օրվա լրահոսը

National Geographic-ի լուսանկարիչ Ջոն Ստենմեյերը դասախոսեց Երևանում

Մարտ 18,2016 23:45

Համաշխարհային ճանաչում ունեցող National Geographic ամսագրի լուսանկարիչ Ջոն Ստենմեյերը հանդես եկավ բովանդակալից դասախոսությամբ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունում մարտի 18-ին:

IMG_6115

Ստենմեյերը, որ իր՝ արդեն 20 տարուց ավելի շարունակվող կարիերան սկսել է ավագ դպրոցում լուսանկարների տարեգիրք կազմելով, մանրամասնությամբ պատմեց իր կատարած ճամփորդությունների, տեսած, ապրած ու զգացած պատմությունների մասին, որոնք նա իր լուսանկարչական սարքի օգնությամբ պատմում է դիտողներին:

Իր ընկեր Փոլի հետ քայլելով յոթամյա ճամփորդություն է կատարել՝ փորձելով գտնել մարդկության բնօրրանը և նկարելով մարդկության պատմությունն ու թողած հետքերը: Փոլը, որ նույնպես ներկա էր դասախոսությանը, այժմ էլ շարունակում է ճանապարհորդությունը: Այդ նախաձեռնության մասին պատմելիս Ջոնը նաև նշեց, որ իր մայրը տեղահանության ենթարկված է, հոլոքոստից փրկված, ինչն էլ իրեն ավելի է մոտեցնում հայ ազգին, իր խոսքով՝ հասկանում է այն ցավը, որն ապրել ու ապրում է մեր ժողովուրդը:

«Հետաքրքիրն այն է, որ առաջ ոտնահետքեր, իրեր ու երբեմն դիակներ էինք թողնում ճանապարհին: Իսկ այսօր մեր հետքերը պոլիէթիլենային տոպրակներն են», նշեց Ստենմեյերը իր լուսանկարներից մեկը ցույց տալիս, որում պատկերված էր չորացած մի ծառ՝ ամբողջովին պատված տոպրակներով:

Հայտնի լուսանկարիչը բացառության կարգով ցուցադրեց «Եդեմից դուրս» կոչվող շարքի դեռևս չհրապարակված լուսանկարներ, որում տեղ են գտել Հայաստանն ու Թուրքիան: Ասաց, որ մեր ժողովուրդների պատմությունը նրան շատ է հուզել: Այդ թեմայով շարք պատրաստելիս նրա վրա հատկապես մեծ տպավորություն են գործել Հայաստանը Թուրքիային կապող քանդված մի կամուրջ և երկաթգծի մոտ մի պահեստ, որը ծառայել է երկու երկրների միջև բեռներ փոխադրելու համար: Դրա դարպասին փակցված երկու աղավնիներից մեկն ընկած էր: «Երազում եմ այդ կամուրջը տեսնել նորոգված, իսկ ընկած աղավնուն՝ կրկին իր տեղում», հուզմունքով հայտնեց արվեստագետը:

IMG_6181

Ջոն Ստենմեյերն արդեն երկրորդ անգամ է Հայաստանում: Ասաց, որ տարվել է մեր բնությամբ և Գյումրի քաղաքով: «Գյումրին Հայաստանի անկրկնելի գանձերից է: Այնքան բան կա այնտեղ նկարելու, այնքան հարուստ է մշակույթը այդ քաղաքի, մարդիկ էլ մեկը մյուսից հետաքրքիր պատմություններ ունեն պատմելու: Այս ողջ հարստությունը ձերն է: Ցույց տվեք աշխարհին այն, ինչ ունեք: Դրա համար այլևս հարկավոր չեն թանկարժեք լուսանկարահանող սարքեր, ինքս հաճախ հեռախոսով եմ անում թե՛ լուսանկարները, թե՛ կարճ ֆիլմերը», ասում է ամերիկացի լուսանկարիչը:

Մալարիայից տառապող հազարավոր մարդիկ, տարբեր երկրներում արտահայտված համատարած սով, լիալուսնի ներքո բջջայինով կապ «որսացող» մարդիկ, ովքեր ուզում են խոսել այլ մայրցամաքում ապրող իրենց հարազատների հետ, Ինդոնեզիայի ամենաթեժ հրաբխային լեռների լանջերին ապրող 5000-անոց բնակչություն, հարուստ մահմեդականներ, ովքեր որպես ուխտ մի քանի շաբաթ ապրում են բեդուինների պես. իր լուսանկարներում տեղ գտած այս բազմերանգ աշխարհից նա շատ բան է սովորել: Ասաց, որ ամեն անգամ մի նոր հուսալքության մեջ էր հայտնվում, բայց մի անծանոթի ժպիտը կամ բնության գեղեցկությունը նրան նորից հույս էին տալիս ու կրկին կյանքի կոչում:

«Կապ չունի, թե որտեղ ենք ծնվել, որտեղ ենք ապրում, մինչև ուր են ձգվում մեր արմատները: Բոլորս ժամանակին մեկ կետում ենք եղել, ու որ ծայրում էլ լինենք, միևնույն մոլորակի բնակիչներն ենք, և իրար մասին հոգալով, պիտի հոգ տանենք մոլորակի մասին», այս խոսքերով նա եզրափակեց իր դասախոսությունը, ողջունեց նախաձեռնող երիտասարդներին ու հորդորեց երբեք չհանձնվել, քանի որ, ըստ նրա, չհանձնվելը ամենամեծ մարտահրավերն է մասշտաբային, մնայուն մի բան ստեղծելու և բարին գործելու ճանապարհին:

Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031