Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անսալով 2012թ. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ուղարկած նամակին, սահմանամերձ Մովսես գյուղում ֆուտբոլի խաղադաշտը վերակառուցելու խնդրանքին, 22. 5 միլիոն դրամ է հատկացրել Մովսեսի միջնակարգ դպրոցին հարակից, ավտոճանապարհի եզրին արհեստական ծածկով խաղադաշտ կառուցելու ծրագրին:
Դպրոցամերձ տարածքը փոքր է, մոտ 1500-1800 քառակուսի մետր, այն բավարար չէ ֆուտբոլի նորմալ խաղադաշտ կառուցելու համար: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց, որ մովսեսցիները դեմ են արհեստական խոտածածկով խաղադաշտ կառուցելուն, նրանք ցանկանում են բնական խոտածածկով խաղադաշտ: Մովսեսի դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանը հայտնեց, որ խաղադաշտի տարածքը պատկանում է դպրոցին, պետական սեփականություն է, ֆուտբոլի խաղադաշտի եզրին նախատեսվում է դպրոցականների համար կառուցել վազքուղի եւ ցատկափոս:
Գյուղապետ Ավալյանի խոսքերով՝ նշված տարածքը Մովսեսի միակ հարթ վայրն է, 1961թ. այն առանձնատներից ազատելու համար 4 տների տերերին, տեղափոխվելու համար, ֆինանսական փոխհատուցում է տրվել: Նրա վկայությամբ՝ խնդիրը տեղում քննարկելու համար փետրվարի 28-ին Մովսես են ժամանել Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը, մարզպետարանի տեղական ինքնակառավարման վարչության պետ Միշա Մխիթարյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը:
Արհեստական ծածկով խաղադաշտի շինարարությունն ավելի քան երկու շաբաթ դադարեցված է, բանվորները գյուղից հեռացել են:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ