Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովը միայնակ է կատարել սպանությունը. նա այսօր մերթ ժպտում էր, մերթ ագրեսիվանում. (Տեսանյութ)

Մարտ 18,2016 21:52

Այսօր Վալերի Պերմյակովի դատավարության ժամանակ հրապարակվեց քննիչի գրությունն առ այն, որ Ավետիսյանների սպանությունից հետո հայ-թուրքական սահմանի Բայանդուրի ուղեկալը տեղազննելիս, իրենք հայտնաբերել են այն տնակը, որտեղ, ըստ Պերմյակովի ցուցմունքի, պատսպարվել էր ինքը:

IMG_2509 IMG_2511 IMG_2514 IMG_2523

Փաստաբան Լուսինե Սահակյանն այս կապակցությամբ ասաց. «Դատական նիստերի ընթացքում վկաները հարցաքննվեցին եւ այսպիսի հարցեր էին հնչում՝ արդյոք Պերմյակովի հագուստն այնպիսի՞ն է, որ նա ժամեր շարունակ կարող էր դրսում այդ հագուստով մնալ: Եվ, բնականաբար, վկաներն ասում էին, որ այդ հագուստով ինքը կմրսեր, որովհետեւ իրականում թեթեւ էր հագուստը: Սակայն այդ տնակի նկարագրությունից դուք տեսաք, որ էնտեղ թեկուզ կեղտոտ, բայց հագուստ կար, նաեւ  ծածկվելու իրեր կային, նաեւ անկողնային պարագաներ, ուստի եւ թեկուզ թեթեւ հագուստով անձը կարող էր ժամեր շարունակ մնալ: Հենց հրապարակվեց զննության արձանագրությունը, որով զննվել էր այդ տնակը եւ որտեղ երեւում էին այդ անկողնային պարագաները, այլ իրեր, նաեւ նկարագրվում էին այլ իրեր՝ սալիկ եւ  այլն, բայց հոսանքազրկված էր տնակը»:

Հարցին, թե դատական նիստերի ամբողջ ընթացքին հետեւելով՝ ի՞նչ կարծիք եք կազմել, Պերմյակովը մենա՞կ է գործել, փաստաբանն ասաց. «Համենայնդեպս քրեական գործի նյութերով, կհրապարակվեն նյութերը, դուք էլ կհամոզվեք, չկա գեթ մեկ ապացույց, որը կարող է նույնիսկ կասկած առաջացնել, որ հնարավոր է եղել  է երկրորդ անձ: Ճիշտ հակառակը՝ կան ապացույցներ, որ ամբողջ նյութերով կտեսնեք դուք ընթացքը, այդ վարկածը չի հաստատվել, ընդհակառակը հերքվել է բազմաթիվ ապացույցներով, հիմնավորվել է, որ մեկ անձի գործողություների հետեւանք  է սպանությունը»:

Իսկ թե ի՞նչ դրդապատճառով է կատարել սպանությունը, Լուսինե Սահակյանն ասաց. «Իրականում դրդապատճառի հարցը շատ լուրջ հարց է, որ ամբողջ ընթացքում հուզել է մեզ եւ հասկանալի է, որ այնպիսի հանցագործություն է կատարվել, որ յուրաքանչյուրս էլ փորձում ենք  մի տրամաբանություն գտնել այդ հանցագործության, լուրջ դրդապատճառ, որի հետեւանքով կարող էր նման ողբերգություն տեղի ունենալ: Բայց փաստը մնում է  փաստ, որ մենք գործ ունենք հիվանդ անձնավորության հետ, լուրջ խնդիրներ ունեցող անձնավորության հետ: Առավել եւս առաջին դատական նիստերին մենք որոշ հրապարակումներ կատարեցինք, որ նաեւ որոշակի շեղումներ ունի եւ նաեւ որոշ էջերում  գրառումներ կային կատարված՝՝ մասնավորապես պայմանագիր սատանայի հետ եւ այլն: Այսինքն` անձ, որն ի վիճակի է կատարելու նման հանցագործություն եւ, իհարկե, շատ անտրամաբանական է ստացվում հանցագործությունը, բայց փաստը մնում է  փաստ, որ այս անձը ի վիճակի է կատարել եւ փաստը մնում է այն, որ նա կատարել է այս հանցագործությունը»:

Նկատենք, որ այսօրվա դատական նիստը մարդաշատ չէր, դատարանը ժամեր շարունակեց ընթերցեց փաստաթղթերը: Հրապարակվեցին դիակների դատաբժշկական փորձաքննության արդյունքները՝ մանրամասն ընթերցելով թե Ավետիսյանների  տան անդամները մարմնի որ մասերում ինչ հրազենային վնասվածք կամ սուր-կտրող ծակող վերք են ստացել: Այս ամենը միայն լսելը բավական դաժան էր, մինչդեռ Պերմյակովը, որը սովորաբար քնում է դատերի ժամանակ, այսօր ամբողջ ընթացքում ակնապիշ հետեւում էր, լսում թարգմանչին ու փորձաքննության արդյունքները լսելիս՝ մերթ ագրեսիվ հայացքով նայում էր, մերթ էլ գոհունակ ժպտում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031