«Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման ազգային կենտրոն» ՀԿ նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը Hraparak.am-ի հետ զրույցում փորձում է բացահայտել, թե ինչու են ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին կրկին խաղի մեջ մտցնում։
-Պարոն Քոչարյան, ներքաղաքական լճացած իրավիճակում աժիոտաժ է առաջացրել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը նոր կուսակցություն ստեղծելու մասին։ Արդեն իսկ գտնվել են ողջունողներ, այդ կուսակցությանն իրենց հնարավոր անդամակցությունը չբացառողներ։ Տասը տարի էլ չի անցել Վարդան Օսկանյանի պաշտոնավարումից, եւ 2008թ. Մարտի 1-ին նրա քաղաքական դերակատարումը դեռեւս չի մոռացվել, դրա մասին պարբերաբար խոսվում է։
-Ես չեմ հասկանում այն աժիոտաժը, որ ստեղծվել է Վարդան Օսկանյանի հայտարարությունից հետո։ Երբ Վարդան Օսկանյանը հակառակ շարժումներ է անում, իշխանությունները գիտեն, թե ինչպես ուղղորդեն այդ շարժումները։ Երբ իրենք ցույց տվեցին, որ Օսկանյանի դեմ կարող են քրեական գործ հարուցել, այդ ժամանակ նա հայտնվեց անհայտության մեջ։ Հետո, երբ հարցերը կարգավորվեցին, երբ շատ դեսպաններ գնացին եւ ասացին, որ Օսկանյանը պետք է պաշտպանված լինի չգիտեմ թե ում կողմից, ցույց տվեցին Օսկանյանի՝ կարեւոր լինելը։ Բայց թե Վարդան Օսկանյանի կարեւորությունը ինչի հետ է կապված, դա դեռ պետք է պարզել։ Շատ առեղծվածային անձնավորություն է մեր նախկին արտգործնախարարը՝ իր տեսակով եւ բնույթով, եւ գուցե դրանով է պայմանավորված այս աժիոտաժը։ Բայց ինքը չի որոշելու, թե քաղաքական վերադասավորումներն ինչպես պետք է լինեն։ Իսկ թե քաղաքական դաշտում ինչ վերադասավորումներ պետք է լինեն, դա պետք է որոշի մեր հասարակությունը, որն ունի նպատակներ եւ իշխանությունը, որն ունի իշխանություն պահելու խնդիր։ Եթե մեր հասարակությունը կարողանա համախմբվել, կանի որոշակի փոփոխություններ։
Վարդան Օսկանյանի կարեւորությունը դիտվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի կողմից գործընթացներին մասնակցության հայտ։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը շատերը տեսնում են թե՛ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից որպես աջակցություն, որպեսզի մնան քաղաքական դաշտում եւ հայտնվեն ԱԺ-ում, թե՛ որպես ֆինանսական ռեսուրս։ Եվ այդ շրջանակում կհայտնվեն այն ուժերը, որոնք չեն պատկերացնում, թե ինչպես պետք է անցկացնեն իրենց նախընտրական քարոզարշավը առանց ֆինանսական ռեսուրսների։
Կարդացեք նաև
Վարդան Օսկանյանի անձն ինձ հետաքրքրում է ավելի շատ որպես տասը տարվա արտգործնախարար, որը տեղյակ է շատ-շատ բաներից։ Ես համոզված եմ, որ այդ տեղեկատվությունը (թե՛ Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությունների, թե՛ Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակի հետ կապված) այսօր պետք է տրամադրի իրավապահ մարմիններին։ Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին շրջանառված Մեղրին Լաչինով փոխանակելու գաղափարի հեղինակը հենց Վարդան Օսկանյանն է, եւ ինքն է այն ներմուծել մեր պետական արտաքին քաղաքական օրակարգ։ Ես կարծում եմ, որ Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակը կարիք ունի լուրջ ուսումնասիրության նաեւ հոկտեմբերի 27-ի բացահայտման համատեքստում։ Կարծում եմ նաեւ, որ կան աշխարհաքաղաքական ուժեր, որոնք Վարդան Օսկանյանին տեսնում են իրենց խաղերի մեջ եւ կրկին ուզում են Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգ մտցնել Մեղրիի տարբերակը, որը պետք է բացառել ցանկացած ձեւով։ Մերժելով Վարդան Օսկանյանին՝ մերժում ենք նաեւ այդ տարբերակը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Hraparak.am»-ի կայքում