Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանի կնոջ հայցն ընդդեմ Hzham.am կայքի բավարարվեց

Մարտ 18,2016 21:00

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է ՀՀ պաշտպանության նախարարի կնոջ՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հայցն ընդդեմ Hzham.am կայքի։

Հիշեցնենք, որ «Հայկական ժամը» Hzham.am կայքում վիրավորական նյութեր էր հրապարակել, որոնցում առկա էին հայհոյախառն արտահայտություններ։ Սեյրան Օհանյանի կինը ԶԼՄ-ից պահանջում էր ոչ միայն հերքում, ներողություն, այդ նյութերի հեռացում կայքից, այլեւ 2 մլն դրամ՝ զրպարտությունների համար, 1 մլն դրամ՝ վիրավորանքների համար։

Ռուզաննա Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեժլումյանն Aravot.am-ի տեղեկացրեց, որ հայցը բավարարվել է եւ վիրավորանքի, եւ զրպարտության մասերով։ «Դատարանը պարտավորեցրել է հերքում, ներողություն խնդրել, կայքից հեռացնել այդ հոդվածները եւ գումարային փոխհատուցում տրամադրել։ Զրպարտության մասով 500.000, վիրավորանքի մասով՝ 300.000»։

Պատասխանող կողմը դատաքննության ընթացքում չէր ներկայանում նիստերին։ Կարեն Մեժլումյանից հետաքրքրվեցինք, թե մասնակցե՞լ են արդյոք կայքի ներկայացուցիչները վճռի հրապարակմանը. «Չէին ներկայացել էլի։ Ասելիք չունեն։ Գան ի՞նչ ասեն։ Բացի այն, որ դատարանը միշտ ծանուցում է, ես միշտ իրենց էլեկտրոնային փոստին ուղարկել եմ տեղեկատվություն, որ նիստ է լինելու։ Հայհոյանքներ են գրել, գան ասեն ի՞նչ։ Ակնհայտ ստեր են գրել, ասելիք չունեն էլի։ Իրականում դա լրատվամիջոց չի, որ գան արդարանան։ Դա ինչ-որ գործելաոճ է, որով հնարավոր է իրենք տարբեր շորթումներ են արել։ Հավանաբար, դա էլ կբացահայտվի»։

Փաստաբանը նաեւ հավելեց, որ իրենք չեն պատրաստվում բողոքարկել վճիռը. «Հոդվածները կհեռացվեն, փաստն ընդունվեց, որ զրպարտություն ու վիրավորանք են, ներողությունը կլինի, հերքումը կլինի։ Առաջին հերթին՝ մեզ դա էր հետաքրքիր»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031