Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախության 25 տարիների ընթացքում պոեզիան իր տեղը զիջեց քաղաքական «մշակույթին»». Էդվարդ Միլիտոնյան

Մարտ 18,2016 20:08

«Մարտի 21-ը պոեզիայի միջազգային օրն է. տոնի շրջանակներում միջոցառումներ կանցկացվեն նաև  Երևանում և Հանրապետության տարբեր մարզերում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գրողների միության նախագահ (ՀԳՄ) Էդվարդ Միլիտոնյանը:

Պարոն Միլիտոնյանը նշեց, որ վերջին 3 տարում փորձում են պոեզիայի օրը ընդլայնել և հանրապետական նշանակություն տալ. « Պոեզիայի միջազգային օրը հարգանք է աշխարհի գրականության նկատմամբ: ՀԳՄ-ն, Մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը միացյալ ուժերով փորձելու են պոեզիան հանել փողոց. մարդիկ ողջ օրը կլսեն պոեզիա դպրոցներում՝ հատկապես բանաստեղծների անունները կրող, պետք է ծաղիկներ դրվեն հուշարձանների մոտ, կլինեն պոեզիայի ցերեկույթներ: Միջոցառում կլինի նաև ՀԳՄ պոեզիայի պարտեզում: Լինելու են միջոցառումներ Երևանից դուրս՝ Արցախում, Շիրակում, Լոռիում և մյուս մարզերում, բոլոր հանդիպումներին ՀԳՄ անդամները շատ եռանդուն կերպով պիտի մասնակցեն»:

Նա հավելեց նաև, որ անցկացվելու է մանկապատանեկան գրականության շաբաթ. «Մարտի 29-ին Մարտունի քաղաքի թիվ 2 դպրոցում կմեկնարկի մանկապատանեկան գրականության շաբաթը: Շաբաթվա ընթացքում մեր մանկագիրները այցելելու են Հայաստանի տարբեր դպրոցներ, զրույցներ են ունենալու երեխաների հետ: Շաբաթը կամփոփվի ապրիլի 4-ին Խնկո- Ապոր անվան ազգային-մանկական գրադարանում»:

Aravot.am-ի այն հարցին՝ արդյոք նոր սերունդը ճանաչում է մերօրյա բանաստեղծներին, զետեղված են արդյոք դպրոցական գրականության մեջ նրանց ստեղծագործությունները պարոն Միլիտոնյանը պատասխանեց. «Դասագրքերում զետեղված են ժամանակակից որոշ մանկագիրների ստեղծագործություններ: Մեր պայքարն այն է, որ երեխաները պետք է ժամանակակից մանկագրություն կարդան, որովհետև դրա մեջ  իրենց ծանոթ աշխարհը կա,  այն աշխարհը, որի հետ իրենք շփվում են: Լեզվամտածողությունը որոշակի  փոփոխություններ է կրում ժամանակի  ընթացքում, և շատ բաներ երեխաներին խորթ են թվում: Ես չեմ ուզում համեմատել Թումանյանի, Իսահակյանի և մյուս մեծերի հետ, բայց այսօրվա գրողն էլ իր հետաքրքիր շերտն ու ընկալումներն է բերում»:

Ըստ ՀԳՄ նախագահի` մեկ այլ խնդիր է այսօր գիրք չկարդալը կամ քիչ կարդալը. «Մենք սիրում ենք վերացական ասել լավ է պոեզիան, բայց հենց հասնում է նրան, որ պետք է գրքեր կարդալ, այստեղ արդեն մոռանում ենք, որ պոեզիան նաև պետք է ընթերցել: Ընթերցանության ճգնաժամ կոչվածը համաշխարհային խնդիր է, բայց կան երկրներ, որտեղ պոեզիայի նկատմամբ այնքան սեր կա՝ օրինակ մեր հարևան Իրանը. երկրի ղեկավարից մինչև արհեստավոր արտասանում են, գիտեն իրենց պոեզիան: Կարծում եմ՝ անկախության 25 տարիների ընթացքում պոեզիան իր տեղը զիջեց քաղաքական «մշակույթին»: Քաղաքական որևէ գործչի անգամ  մի գռեհիկ արտահայտությունը ավելի արձագանք է գտնում, քան բանաստեղծի մի հետաքրքիր լավ միտքը, խոսքը: Սա արժեքային համակարգի մասին է խոսում: Մեր նպատակն է անվերջ մեր ժողովրդին հիշեցնել, որ ինքը բանաստեղծության թելերի վրա  պատմության  խորքերից մինչև այսօր եկած ժողովուրդ է»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031