Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի քննարկումների ընթացքում Լեւոն Զուրաբյանը իր հարցերը ուղղեց: Սակայն նա ընդգծեց, որ իր հարցերը ոչ թե ուղղված են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, այլ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությանը:
Նա հետաքրքրվեց, թե արդյոք հնարավո՞ր է ընտրական օրենսգրքի մշակման շուրջ կազմակերպել քաղաքական գործընթաց, որում իշխանությունը, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը հավասարապես ներգրավված կլինեն. «Ես առաջարկում եմ քաղաքական գործընթաց, որը պետք է հիմնված լինի քաղաքական լայն կոնսենսուսի վրա: Դրա համար պետք է բանակցությունների ֆորմատ, որտեղ բոլորը կլինեն: Ի վերջո, պետք է ասել՝ Դուք ընդունո՞ւմ եք այդ 4+4+4 ֆորմատը, թե՞ ոչ: Եվ ոչ թե ֆորմատն է կարեւոր, այլ կարեւոր է այստեղ քաղաքական բանակցությունների ձեւաչափի ընդունումը իշխող կուսակցության կողմից»:
Լեւոն Զուրաբյանը, խոսելով ընտրատեղամասերի նկարահանման մասին, ասաց, որ դեկտեմբերի 6-ին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում, իր ընկերը կազմակերպել է փորձական տեսագրություն, որն արժեցել է քսան դոլար: Լեւոն Զուրաբյանը ընդգծեց, որ այդ ընտրատեղամասում «Ոչ»-ը հաղթել է:
Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ձեւաչափը հնարավոր է. «Մեկ անգամ եւս ուզում եմ պնդել՝ անգամ 4+4+4-ը չի ներկայացնելու այն ամբողջ ներկապնակը, որը կա: Բայց մենք պատրաստ ենք աշխատելու ցանկացած ֆորմատով: Դա ամենեւին չի նշանակում, որ քաղաքական պատասխանատվությունը Դուք եք ստանձնում, մենք համարում ենք, որ պետք է ներդրվեն իրատեսական, ողջամիտ մեխանիզմներ, որոնք թույլ կտան մեզ ստանալ որակապես վստահելի ընտրական արդյունք»:
Կարդացեք նաև
Իսկ Լեւոն Զուրաբյանի ընկերոջ փորձը հետաքրքրեց Դավիթ Հարությունյանին. «Ձեր ընկերոջ փորձն ինձ համար շատ հետաքրքիր է: Կարծում եմ՝ որեւէ խնդիր չի լինի, մենք 40 հազար դոլար կտրամադրենք Ձեր ընկերոջը, որ ընտրատեղամասերից օնլայն հեռարձակում իրականացնի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ