Լրահոս
Օրվա լրահոսը

«Միգուցե ոստիկաննե՞րը պետք է ներողություն խնդրեն այն մարդկանցից, որոնց քարշ էին տալիս փողոցով». SOS-ի համահեղինակ

Մարտ 18,2016 18:35

SOS հաղորդաշարի թողարկումը որեւէ ոստիկանի ուղղված չի եղել: Այսօր ոստիկանությունն ընդդեմ SOS հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի գործով դատական նիստից հետո ասաց հաղորդաշարի համահեղինակ Հայկ Բարսեղյանը:

«Եթե մարդիկ ենթադրել են, որ իրենց հետ ենք, սխալվել են: Կոնկրետ անձի անունով չենք ասել, ոստիկանության հայցն իմ կարծիքով անտրամաբանական է, քանի որ Վիլենը ուղղակի տեքստ է ասել, հիմա ես շան տղա եմ ասում, դա ոչ մեկի չեմ ասում, իմ հաղորդման համար եմ ասում, եթե ինչ-որ մեկն իր վրա է վերցրել, նախ թող զանգի ասի՝ ախպեր ջան կարող է մե՞զ ես ասել, նստենք խոսենք, ոչ մի ներողություն խնդրելու հարց չկա: Պետք է հասկանանք, իրենք ինչո՞ւ են մեզ դատի տվել, եթե իրենց բան ենք ասել հաղորդման միջոցով, հասկանանք՝ ինչու է ասվել ու հարց՝ ով պետք է ներողություն խնդրի: Կարող է  պարզվի, որ իրենք ուրիշ մարդուց պետք է ներողություն խնդրեն, ոչ մեզնից, ոչ հանրությունից: Միգուցե  այն մարդկանցից, որոնց քարշ էին տալիս փողոցով: Կարող է այդպես է, բայց իրենց մտքով չի անցել»,- ասաց Հայկ Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը, ինչպես նաև ոստիկաններ Արթուր Մադաթյանը և Սերգեյ Զաքարյանը հայց են ներկայացրել YouTube-ով հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող, գործարար համբավը վնասող հրապարակային հաղորդում հեռարձակելու համար: 2015 թվականի մայիսի 24-ին, ժամը 22-ն անց 20-ին YouTube-ով «SOS»-ը հեռարձակել է «G/7» վերնագրով 11-րդ թողարկումը, որի ժամանակ, ըստ հայցվորների, հաղորդավարի կողմից հնչեցվել են վիրավորական արտահայտություններ ոստիկանության ծառայողների և մասնավորապես Արթուր Մադաթյանի և Սերգեյ Զաքարյանի հասցեին:

SOS-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանն էլ ասաց, որ եթե  իրենց հաղորդման ժամանակ հնչած արտահայտություններից ոստիկանները վիրավորվել են, ուրեմն վիրավորվելու տեղ են ունեցել. «Ես կոնկրետ ոչ մեկի չեմ վիրավորել, եթե մարդիկ իրենց վրա են վերցնում, ուրեմն տակը մի բան կա»:

Հաղորդավարը պատմեց, որ ոստիկանության ներկայացուցիչները հաշտության առաջարկ էին ուզում ներկայացնել, բայց իրենք հրաժարվեցին. «Որովհետեւ իրենք չեն ուզում հրաժարվել իրենց հայցից: Իսկ ես մեղավորություն չեմ տեսնում մեր ներկայացրած տեսանյութում»:

Թե ինչ՞ից են վիրավորվել ոստիկանները Վիլենի համար պարզ չէ. «Հաղորդման արտահարություններից, տարբեր արտահայտություններ կան, որոնք կոնկրետ հասցեատեր չունեն»:

Թե ինչու այսօր Վիլենի պաշտպան Հայկուհի Հարությունյանը միջնորդեց որպես վկա հարցաքննել Հայկ Բարսեղյանին, Վիլենն ասաց, որ այդ միջնորդությունն ամենեւին էլ իր վրայից պատասխանատվությունը գցելու նպատակով չէ. «Ես ու Հայկը համահեղինակ ենք SOS հաղորդման  ու նույն չափով պատասխանատվություն ենք կրում: Եթե հայց կա, ապա բոլորը պետք է պատասխան տան, ես դերասան եմ, Հայկը մոնտաժում է, մի ուրիշն էլ սցենարն է գրում»:

Մեր հարցին՝ ինչու ոստիկանության ներկայացուցիչն այսօր կտրականապես բացառեց հաշտության եզրեր գտնել SOS-ի հետ, Վիլենն ասաց. «Որովհետեւ երեւի գիտեին, որ ես էլ ոչ մի հաշտության եզր իրենց հետ չունեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031