Այսօր փոխնախարար Արսեն Քարամյանին հարցրին, թե «Մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի անգամ նոր փոփոխությունների ֆոնի վրա սոցապ նախարարությունը պատրաստվում է բնակարանային նոր ծրագրի, որն ավելի շահավետ պայմաններ է առաջարկելու, ի՞նչ կասի այդ մասին, բանախոսը պատասխանեց.
«Դա ժողովրդագրական պատկերն» է: Իսկ դա ծրագի՞ր է, թե՞ նախագիծ: Երբ դա ծրագիր կդառնա, կզրուցենք: Ես ինքս ժողովրդագրական հանձնաժողովի գերատեսչական խմբի անդամ եմ եւ հայտարարում ու կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին, ովքեր աշխատում են այդ փաստաթղթի վրա, իրենց մեկնաբանություններում լինեն շատ զգույշ, մարդկանց մեջ չձեւավորեն անհարկի, չհիմնավորված դրական այն կարգի սպասումներ, որոնք ելնելով մեր հնարավորություններից՝ հետագայում չենք կարողանալու ուղղակի արդարացնել: Ես կողմնակից եմ իրերն իրենց անուններով կոչելու, քան ուղղակիորեն մարդկանց տրամադրելու: Այդ նախագիծը դեռեւս քննարկման փուլում է, այնտեղ շարադրված են բազմաթիվ շատ լավ մոտեցումներ, որոնք կարող են կյանքի կոչվել միայն ծրագիր դառնալուց հետո: Բայց, քանի որ գործ ունենք նախագծի հետ, ես չեմ կարող մեկնաբանել: Ես ուզում եմ՝ մեկս մյուսի հանդեպ ազնիվ, սպասումների մեջ էլ զուսպ լինենք: Այլապես, հետո ստիպված ենք լինում հիմնավորել, թե ինչու դա չեղավ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ