Մարտի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հանդիպումը Միջազգային ֆինանսական կորպորացիայի /ՄՖԿ (IFC)/ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յան Վան Բիլսենի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին, նախարարը գոհունակություն է հայտնել ՄՖԿ-ի` Հայաստանում իրականացրած ծրագրերի համար: Խոսելով կատարված աշխատանքի և առաջիկա ծրագրերի ու նախաձեռնությունների մասին, Արծվիկ Մինասյանը նշել է ներդրումային միջավայրի բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքներում ՄՖԿ-ի մասնակցության և աջակցության կարևորությունը, միաժամանակ հավաստելով իր ղեկավարած գերատեսչության պատրաստակամությունը` բաց և թափանցիկ արդյունքներին միտված աշխատանք կատարելու հարցում:
Շնորհավորելով նորանշանակ նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, Յան Վան Բիլսենը հակիրճ ներկայացրել է ՄՖԿ-ի Հայաստանում կատարած աշխատանքը, նշելով հատկապես մասնավոր գործարար հատվածը ներառող ծրագրերը, ՓՄՁ զարգացմանը և Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումներին ուղղված նախաձեռնությունների կարևորությունը, ներառյալ ներդրումային քաղաքականությունը և տեսչական բարեփոխումները: Այս առումով, արդեն իսկ աշխատանքներ են տարվում «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի նորացված նախագծի մշակման ուղղությամբ, որով նախատեսված է առավել բարենպաստ պայմաններ ստեղծել օտարերկրյա ներդրողների համար:
Հանդիպման ավարտին Արծվիկ Մինասյանը և Յան Վան Բիլսենը կրկին հավաստել են փոխգործակցության միջոցով իրականացվող ծրագրերը արդյունավետ կատարելու կողմերի հանձնառությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն