ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղը պաշտոնապես հայտարարում է, որ տարբեր լրատվական կայքերում տարածված հոդվածները, թե իբր «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում կատարվել և կատարվում է անտառների սպանդ, բացարձակ հերյուրանք է, որը որևէ առնչություն չունի իրականության հետ։ Համոզված ենք, որ այդ լուրերը տարածողները չեն կարող մատնացույց անել այդ իբր կատարված սպանդի տեղն անգամ։
«Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավարությունը «Օրհուս» կենտրոնի ղեկավար Աշոտ Ավագյանից է առաջին անգամ լսել նման երևույթի մասին եւ Ա. Ավագյանը մոտավոր նշել է, թե որ տարածքի մասին է խոսքը գնում։
Մեր աշխատակիցների հետ 17.03.2016թ. եղել ենք Ավագյանի նշած հատվածում, որն ի դեպ խիտ ականապատված է, Շիկահող գյուղի վերևի հատվածում է գտնվում և կոչվում է «Շարայի քար»։ Պատերազմի տարիներին այնտեղ ընթանում էին թեժ մարտեր։
Կարդացեք նաև
Այդ տարածքում իրականում կան հատված ծառերի կոճղեր, որոնք ունեն 2-5 տարի վաղեմություն։ Նշված վայրում կատարել ենք չափագրման աշխատանքներ մեր ունեցած GPS տեղորոշիչ սարքով և համադրել ենք առկա քարտեզների հետ։
Արդյունքում պարզվել է, որ նշված ծառահատումներից որևէ մեկ հատ անգամ չի կատարվել Ճակատենի անտառպետության տարածքում։ Հատումները իրականացվել են Ճակատենի անտառպետության 19-րդ քառակուսու 3-րդ, 5-րդ, և 14-րդ հատվածներին հարակից տարածքներում, որոնք որևէ կապ չունեն «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքի հետ։
Եվս մեկ անգամ պնդում ենք, որ տարածված լուրերը անհիմն են, չեն համապատասխանում իրականությանը։ Մենք պատրաստ ենք շահագրգիռ կազմակերպությունների հետ լինել տեղում և ճշտել տարածքի պատկանելիությունը։
«Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի
Տնօրենի ժ.պ. Վ. Մարտիրոսյան