Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը հաշտության եզրեր չգտավ «SOS»-ի հետ

Մարտ 18,2016 17:55

Ոստիկանությունն ընդդեմ «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի գործով այսօր ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանը Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդեց, որ Վիլեն Գայֆեջյանը դատաքննության ընթացքում ապացուցի, որ հաղորդման թեման հանրային գերակա շահ էր եւ ինքը ԶԼՄ ներկայացուցիչ է:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը, ինչպես նաև ոստիկաններ Արթուր Մադաթյանը և Սերգեյ Զաքարյանը հայց են ներկայացրել YouTube-ով հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող, գործարար համբավը վնասող հրապարակային հաղորդում հեռարձակելու համար: 2015 թվականի մայիսի 24-ին, ժամը 22-ն անց 20-ին YouTube-ով «SOS»-ը հեռարձակել է «G/7» վերնագրով 11-րդ թողարկումը, որի ժամանակ, ըստ հայցվորների, հաղորդավարի կողմից հնչեցվել են վիրավորական արտահայտություններ ոստիկանության ծառայողների և մասնավորապես Արթուր Մադաթյանի և Սերգեյ Զաքարյանի հասցեին:

Հովհաննես Քոչարյանի խոսքով, «SOS»-ը չի կարող լրատվամիջոց լինել, որովհետեւ լրատվամիջոցը տեղեկատվության պաշար է, մինչդեռ «SOS»-ը տեղեկատվություն տարածող չէ:

Վիլեն Գայֆեջյանի պաշտպան՝ փաստաբան Հակուհի Հարությունյանն էլ պնդեց, որ ԶԼՄ-ի մասին օրենքի երրորդ հոդվածի համաձայն «SOS»-ի գործունեությունը տեղավորվում է ԶԼՄ-ի սահմանման ձեւակերպման մեջ. «Նման հասկացության ներքո էլ պաշտպանության ենթակա է»:

Հովհաննես Քոչարյանն էլ առարկեց. «ԶԼՄ-ի մասին օրենքը սոցիալական մեդիա հասկացություն չի նախատեսում»:

Նախքան հերթական նախնական դատական նիստը հետաձգելը՝ դատարանը կողմերին հարցրեց՝ արդյոք չե՞ն ցանկանա հաշտության գալ, ոստիկանության ներկայացուցիչ Հովհաննես Քոչարյանը կտրականապես բացառեց՝ ասելով, որ հաշտության եզրեր չի տեսնում, իսկ ոստիկաններից մեկի պաշտպանն ասաց, որ

գուցե հրաժարվեն ամբողջական ֆինանսական փոխհատուցման պահանջից, եթե պատասխանող կողմը ներողություն խնդրի ու ընդունի, որ վիրավորել է:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031