Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյան. «Հենց նոր ընկերոջս համար 40.000 դոլար կպցրեցի, եւ պատրաստ եմ դրա համար պատասխանատվություն կրել»

Մարտ 18,2016 17:32

Ընտրական օրենսգրքի քննարկումից հետո ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր առաջարկին:

«Ցանկացած մարդ կարող է մտնել այդ կայքը եւ տեսնել, թե ինչ է կատարվում ընտրատեղամասում: Ընդ որում, դա մեծ դիմադրություններ ունեցավ, նրա վրա ահաբեկումներ եղան, մի քանի անգամ այդ տեսախցիկը անջատել են, բայց մարդ ենք ուղարկել, լրագրող ենք ուղարկել: Ի վերջո վերականգնվել է եւ այդ տեսախցիկն աշխատել է: Արդյունքում՝ «Ոչ»-ը ջախջախիչ հաղթանակ է տարել: Այդ օպերացիան իր վրա նստել էր 20 դոլար: Իհարկե՛, ես շատ պայմանական ասացի, քսան դոլարը, եթե բազմապատկում ենք երկու հազարով ի՞նչ է անում, 40.000 դոլար: Բնականաբար, միգուցե ավելի լավ սարքավորումներ են պետք, ավելի լավ որակի տեսախցիկներ, միգուցե այնպիսի սերվեր է պետք դնել, որ կարողանա երկու հազար տեսախցիկների հետ աշխատել, որը որոշակի ներդրում կպահանջի եւ այլն: Հաշվարկն այնքան պարզ չէ, ինչքան ես ներկայացրեցի: Բայց ակնհայտ է, որ խոսքը չի գնում աստղաբաշխական գումարների մասին, խոսքը մաքսիմում 300-400 հազար դոլարի մասին է»,- ասաց նա:

Նկատառմանը, որ իր առաջարկում Թեւան Պողոսյանը բացահայտ կոռուպցիա հայտնաբերեց, որ Լեւոն Զուրաբյանը ոտքի վրա տենդեր է կազմակերպում եւ անցկացնում, Լեւոն Զուրաբյանն ասաց. «Համաձայն եմ, ես հենց նոր իմ ընկերոջ համար 40.000 դոլար կպցրեցի եւ պատրաստ եմ դրա համար պատասխանատվություն կրել»:

Հարցին, թե փաստորեն իշխանությունը ընդառաջ գնաց իր բոլոր առաջարկություններին, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ դեռ վստահ չէ. «Դուք տեսնում եք, քանի անգամ ես այդ հարցը բարձրացրել եմ, իրենք ասել են, մենք պատրաստ ենք քննարկել: Այնքան պնդեցի իմ առաջարկը, որ իրենք ստիպված էին ասել, որ ընդունում են: Շատ լավ, որ ընդունում են, ուրեմն՝ մնացած երեք խմբակցությունների հետ մենք հիմա կկազմենք մեր ցուցակը, քաղաքացիական հասարակության հետ կբանակցենք, իրենք իրենց ցուցակը թո՛ղ տան: Մենք կներկայացնենք ցուցակը իշխանություններին: Եվ թո՛ղ իրենք կազմակերպեն այդ բանակցությունները»:

Լեւոն Զուրաբյանը համարում է, որ քննարկումների ձեւաչափը նման է սեմինարներին. «Մենք ընդամենը կարողանում ենք մի քանի րոպե խոսել առաջարկություններ անել, հարցեր տալ, բոլոր այդ հարցերին իրենք պատասխանում են իշխանության բարձունքից: Եվ նաեւ իրենց իրավունք են վերապահում ինչ-որ բան ընդունել, ինչ-որ բան մերժել: Մեր ասածը լրիվ ուրիշ ֆորմատ է՝ քաղաքական բանակցությունների ֆորմատ, որտեղ մենք բոլորս հավասար իրավունքներ կունենանք խոսելու՝ իշխանությունը կխոսի, կներկայացնի որոշ առաջարկություններ, մենք մանրամասն կքննարկենք ինչ-որ բան, մենք կմերժենք ինչ-որ բան, մենք կընդունենք, մենք մեր առաջարկները կանենք, իրենք ինչ-որ բան կմերժեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031