Այսօր Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը «Հայելի» մամուլի ակումբում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց 2010 թվականին մեկնարկած «Մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում երեկ կառավարության կողմից կատարած սկզբունքային փոփոխությունները:
«Առաջինը, որ ուզում եմ ձեր օգնությամբ հանրությանն իրազեկել, բարձրացվել է երիտասարդ ընտանիքի տարիքային հանրագումարային ցենզը՝ այն 60-ից հասցնելով 65-ի: Պիտի տեղեկացնեմ նաեւ, որ մինչ այս, 2014 թվականի դեկտեմբերին կառավարության մեկ այլ որոշմամբ պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգի հաստատումով երիտասարդ ընտանիք հասկացության համար արդեն իսկ սահմանվել էր 65 տարեկանը: Այսինքն, կառավարության երեկվա որոշումը խարսխվում է այդ արձանագրային որոշման վրա:
Անշարժ գույքի շուկայում, չնայած կարծիքին, որ գործարքները նվազել են եւ որոշակի անկում կա, մենք գների անկում չենք արձանագրում: Ճիշտ հակառակը: Անշարժ գույքի շուկայում կա որոշակի գնաճ, նույնիսկ երկրորդային շուկայում: Հետեւաբար, կառավարության նախկին որոշմամբ սահմանված՝ գույքի առավելագույն 16 միլիոն դրամ արժեքի փոխարեն նոր փոփոխությամբ սահմանվում է 25 միլիոն դրամ: Ընդ որում, եթե նախկինում 16 միլիոնի գույքի գնման դեպքում կառավարությունը պատրաստակամ էր վարկավորել 11,2 միլիոն դրամի չափով, այսինքն` ձեզ մնում էր վճարել 30 % գույք, այս փոփոխությամբ ստացվում է, որ կառավարությունն իր վրա է վերցնում վարկավորման 17,5 միլիոն դրամի չափով վարկային ռեսուրսի տրամադրում: Կանխավճարը կարող է կազմել 10-30 տոկոս, որը կախված է ձեռք բերվող գույքից: Եթե ձեռք եք բերում 18-18,5 միլիոն դրամանոց գույք, այս դեպքում ձեր կանխավճարը կտատանվի 10 %-ի շրջանակներում, իսկ գույքի առավելագույն՝ մինչեւ 25 մլն-ի դեպքում կանխավճարը կկազմի 30 %:
Սա, ես կարծում եմ, որ վերջին փոփոխությունը չէ: Առաջիկա տարիների համար մենք էլի կունենանք: Ծրագիրը չի կարող կյանքից կտրված լինել, ծրագիրն արդյունավետ է դառնում բացառապես այն ժամանակ, երբ այն մոտեցված է դառնում կյանքին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ