Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր կայացավ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական կազմակերպության անդամ 110 դպրոցների տնօրենների հանդիպումը ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ: Մասնակիցները նախարարին ներկայացրեցին հանրակրթության ոլորտի հիմնախնդիրները: «Հանրակրթությունը երեք կողմ ունի` ծնող, սովորող, ուսուցիչ: Մեր խնդիրն է` փոխլրացնել այս եռանկյունին: Եթե սկսենք կրթությունը դիտարկել այս տեսանկյունից, կտեսնենք, որ տարբեր ուղղություններով մտահոգություններ կան: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես շատ հեռու եմ պատժելուց, ձեւական գործողություններով ինչ-որ բան պահանջելուց, որովհետեւ մեր կրթական համակարգի պատասխանատուները բազմափորձ են, ոլորտին նվիրված: Ուստի պետք է աշխատել հասկանալ, թե ինչն է հասարակության շրջանում անվստահության մթնոլորտ ձեւավորում, ինչ պետք է անել կրթական չափորոշիչների եւ ուսուցչի դերը հասարակությունում մեծացնելու ուղղությամբ»,-ասաց Լեւոն Մկրտչյանը:
Երեւանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանն Aravot.am-ի հետ զրույցում նկատեց, որ հատկապես կրթություն ստանալու մշակույթի ձեւավորման խնդիր կա. հասարակության վերաբերմունքը կրթության հանդեպ բավականին փոխվել է: «Կրթություն ստանալու պահանջը շատ ցածր է, հետաքրքրությունը քիչ է: Աշակերտներն ասում են, որ իրենց չի հետաքրքրում հանրակրթական ծրագիրը, ուզում են սովորել միայն այս կամ այն առարկաները, որովհետեւ հետագայում այդ առարկաներից են քննություն հանձնելու: Մինչդեռ հանրակրթական դպրոցն աշակերտներին սովորեցնում է այն առարկաները, որոնք ապրելու համար են անհրաժեշտ»,-ասաց տնօրենը:
Նրա բնորոշմամբ` ապագա դիմորդները մտածում են միայն քննական առարկաները սովորելու ուղղությամբ, իսկ թե որտեղ է գտնվում, օրինակ, Հայաստանի այս կամ այն մարզը, նրանց չի հետաքրքրում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ