Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ եղանակի անկումը՝ արդեն հասցրել են ամբողջությամբ կատարել մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքներ

Մարտ 18,2016 16:37

Մարտի կեսերին տեղացած ձյունը և 0-ից ցածր ջերմաստիճանը մեծ վնաս հասցրեցին նաև Քաշաթաղի շրջանի գյուղատնտեսությանը: Հատկապես վնասվեցին այգիների ծաղկած ծառերը՝ սակավաքանակ ծիրանենին ու նշենին, բալենին, հոնը, տանձենին, սալորենին… Ժամանակավոր դադարեցվել է հացահատիկի ցանքսը:

Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանից տեղեկացանք, որ 2015թ. կատարվել է 15890հա աշնանացան, որից 8490հա ցորեն և 7400հա գարի: Կարևորեց այն, որ մինչ եղանակի անկումը, արդեն հասցրել են աշնանացանի ցանքատարածքներում ամբողջությամբ կատարել մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքներ:

DSCN7052

Կատարվել է նաև 600հա տարածքի պարարտացում, 200հա-ի վրա իրականացվել է պայքար մոլախոտերի դեմ: Պլանավորված է նաև՝ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ցանքատարածքներում իրականացնել հակահրդեհային աշխատանքներ՝ արտերի եզրերը հերկել, հնարավորինս ոչնչացնել փշերն ու մացառները, իրականացնել այլ աշխատանքներ: 18. 03. 2016թ. տվյալներով գարնանացանի համար կատարվել  է 1657հա հերկ և 659հա ցանքս, որից 15հա ցորեն, 134հա գարի, 510հա հաճար և 13հա առվույտ:

Կատարված հերկից 200հա-ի վրա նախատեսվում է մշակել մոտ 100հա բանջարաբոստանային մշակաբույսեր, 20հա արևածաղիկ և 40հա հնդկացորեն: Ըստ համայնքներից ստացած հայտերի՝ գարնան գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու համար շրջանին անհրաժեշտ է 525տ ազոտական պարարտանյութ, 3560կգ եգիպտացորենի, 3034կգ առվույտի և 64400կգ կորնգանի սերմացու:

DSCN6857

Գարնանացանի աշխատանքները ժամանակին կատարելու նպատակով առաջնահերթ է ազոտական պարարտանյութ, դիզվառելիք, եգիպտացորենի, կորնգանի, կարտոֆիլի և հաճարի սերմացու ունենալը: Շրջանին ԼՂՀ գյուղնախարարության կողմից անհատույց հատկացվել է 1100 թթի տնկի, որոնք բաշխվել են համայնքներին:

Լ. Սիմոնյանը տեղեկացրեց նաև, որ շրջանի մի շարք համայնքներում՝ Երիցվանք, Սարատակ, Կումայրի, Վարդաբաց, Վան, Միջնավան, Կովսական և այլն, գործում է մոտ 50 ջերմոցային տնտեսություն: Մշակվում է հիմնականում լոլիկ, պղպեղ, վարունգ, սմբուկ. սածիլներն արդեն ծլել են:

Սարատակում գործող ջերմոցային տնտեսությունը հիմնականում զբաղվում է ծաղիկներ աճեցնելով: Գյուղվարչության պետը, անդրադառնալով հյուսիսային թևի համայնքների գյուղոլորտի խնդիրներին, ասաց, որ այս թևի 4 գյուղական համայնքում՝ Լեռնահովիտ, Հակ, Մոշաթաղ և Հերիկ, նախատեսված է կատարել մոտ 3000հա հացահատիկի՝ հաճարի և գարու, գարնանացան:

Ընդհանուր կա ծրագիր՝ շրջանում իրականացնել մոտ 20000հա հացահատիկի ցանքս՝ աշնանացան և գարնանացան: Այն հարցին՝ ի՞նչ վիճակում են շրջանի ոռոգման ջրատարները, Լ. Սիմոնյանը տեղեկացրեց՝ կառավարության կողմից ոռոգման ջրատարների կարգավորման աշխատանքներ իրականացվում են միայն մայր առուների վրա:

Անցած աշնանը և այս գարնանը «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ն կառավարության հատկացումներով մայր ջրատարների մաքրման և վերականգնման աշխատանքներ է իրականացրել Կովսականում, Վարդաբաց-Երիցվանք ջրատարի վրա և այլ վայրերում, սակայն դեռ անելիքներ կան; Պետք է ավարտին հասցվի Իշխանաձոր-Արծվաշեն և Մարտունաշեն-Գետափ ջրատարների գործարկումը:

Ներցանցային ջրատարների մաքրման, կարգավորման աշխատանքները պետք է իրականացվեն համայնքների միջոցներով: Լ. Սիմոնյանը կարևորեց նաև եղեգնապատ հողատարածքների մաքրումն ու մշակումը; Այս նպատակով վարձակալներին հատկացված տարածքների վարձավճարը 3 տարի չի գանձվելու:

Անդրադառնալով շրջանում առկա գյուղտեխնիկային՝ Լ. Սիմոնյանը ասաց, որ ընդհանուր կա անիվավոր 85, թրթուրավոր 12 և փոքր տեսակի 8 տրակտոր; Բնակիչներն ունեն նաև 20 կոմբայն և 1 եգիպտացորեն հնձող տեխնիկա: Վերջին տարիներին շրջանում ավելացել է նաև անասնագլխաքանակը, որը շատ ողջունելի է:

Անասնակերի բազան ապահովելու նպատակով շրջանի համայնքներին 2015-2017 թվականներին հատկացվել և հատկացվելու է կորնգանի սերմացու՝ անվճար և առվույտի սերմացու՝ վճարովի: Կարևոր ցանքատեսակ է նաև եգիպտացորենը, որի կանաչ զանգվածը օգտագործվում է որպես անասնակեր: Այս գարնանը նախատեսված է շրջանում իրականացնել մոտ 300հա եգիպտացորենի ցանքս՝ հիմնականում ջրովի տարածքներում:

Անասնագլխաքանակի ավելացումը նաև այլ խնդիրներ է առաջ քաշել: Որոշ համայնքներում խոշոր եղջերավոր անասուններն արոտ են գնում առանց հսկողության և վնաս հասցնում ցանքատարածքներին, այգիներին: Եվ արդեն նման դեպքերում անասնատերը ստիպված է վարձահատույց լինել: Մարտի 18-ի դրությամբ շրջանի հյուսիսային մասում դեռ ձյունը նստած է, իսկ հարավային թևում՝ հողը թաց, և հողօգտագործողները սպասում են եղանակի բարելավմանը:

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031