Արդեն յոթերորդ տարին է, ինչ Արցախում «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվում է տրամաբանական ու հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված դպրոցական «Կենգուրու» մրցույթը: Այն ամեն տարի նույն օրը կայանում է աշխարհի 63 երկրում` միլիոնավոր դպրոցականների մասնակցությամբ: Մրցույթի նպատակն է՝ մաթեմատիկայի հանդեպ համընդհանուր հետաքրքրություն առաջացնել և այդ ամենակարևոր դպրոցական առարկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել աշակերտներին: Այս տարի մրցույթը կայացավ մարտի 17-ին: ԼՂՀ ԿԳՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը հեռախոսով տեղեկացրեց, որ Արցախում ընդհանուր մասնակցում են 63 դպրոցի 2050 աշակերտ: Ստեղծվել է 28 կենտրոն, որից երեքը Քաշաթաղի շրջանում` Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1, Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվ. և Այգեհովիտի միջնակարգ դպրոցներում:
Մասնակցեցին 3-12-րդ դասարանների 187 աշակերտ՝ ընդհանուր 20 դպրոցներից: Մ. Համբարձումյանը նաև տեղեկացրեց, որ բոլոր մասնակիցների պատասխանները ստուգվելու են հատուկ համակարգչային ծրագրով, և յուրաքանչյուր դպրոց մայիսի սկզբին իր աշակերտների արդյունքների մասին կստանա ամփոփ տվյալներ: Նույն ամսի երկրորդ կեսին Արցախում և Հայաստանի բոլոր մարզերում կիրականանան մրցանակաբաշխություններ: Բերձորի թիվ 1-ում մրցույթին մասնակցեցին նաև Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2, Աղավնոյի Գարեգին Նժդեհի անվ., Սուսի Սերոբ Հանեյանի անվ., Ծիծեռնավանքի Վարագ Առաքելյանի անվ., Մոշաթաղի, Արտաշավիի Լեոնիդ. Ազգալդյանի անվ., Վակունիսի Վուրգ Ոսկանյանի անվ., Վարդուտի, Քարեգահի միջնակարգ դպրոցների ընդհանուր 80 աշակերտներ: Մրցույթը համակարգող, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի(ԿՍ) բաժնի առաջատար մասնագետ Սիրվարդ Թամազյանը տեղեկացրեց, որ ավելի շատ աշակերտներ էին հայտավորվել (200-ց ավելի), սակայն տարբեր պատճառներով (միայն Արտաշավիի դպրոցից 10 հոգի հիվանդության պատճառով) մոտ 20 աշակերտ չեն ներկայացել:
Մինչև մրցույթը սկսելը Ս. Թամազյանը աշակերտներին բացատրեց կարգը, հարցաթերթիկների և ձևաթղթերի հետ աշխատելը: Այս կենտրոնում ամենաշատ մասնակիցներ տարրական (3-4-րդ) դասարաններից էին՝ 28 հոգի, իսկ 5-6-րդում՝ 26: Համեմատաբար լավ է նաև միջին օղակում՝ 7-8-րդում՝ 17 աշակերտ: Սակայն ավագ դասարաններից արդեն քիչ մասնակիցներ կային. 9-10-րդում՝ 6, 11-12-ում՝ 3 աշակերտ: 12-րդ դասարանից ընդամենը 1 աշակերտ՝ Մարատ Մարտիրոսյանը՝ Քարեգահի միջնակարգից, մասնակցեց մրցույթին: Կովսականի կենտրոնում նույնպես 1 տասներկուերորդցի՝ Վլադիկ Հովհաննիսյանը Կերենի դպրոցից, փորձեց ուժերը: Կովսականի կենտրոնում աշխատանքներին հետևում էր ԼՂՀ նախարարության աշխատակից Մուրադ Շահրամանյանը, ով հեռախոսով տեղեկացրեց, որ մրցույթն ընթացել է բնականոն. մասնակցել են նաև Միջնավանի Գալինա Ստարովոյտովայի անվ., Երիցվանքի և Կերենի դպրոցների ընդհանուր 46 սան: Այստեղ ավելի շատ մասնակից՝ 20 աշակերտ, եղել են 5-6-րդ դասարաններից: Իսկ տարրական օղակից՝ 5-ով պակաս: 9-10-րդ դասարաններից մասնակցել են 4 հոգի:
Կարդացեք նաև
Կերենի դպրոցի տնօրեն Վալերի Թումասյանը տեղեկացրեց, որ իրենց կրթօջախից ներկա է եղել 7 աշակերտ: Այգեհովիտի կենտրոնում մասնակցել են նաև Ծաղկաբերդի Աշոտ Նավասարդյանի անվ., Վուրգավանի, Տիգրանավանի Պետրոս Ղևոնդյանի անվ., Սարատակի, Գետամեջի, Արծվաշենի, Աղաձորի միջնակարգ դպրոցներից ընդհանուր 61 աշակերտ: Մրցույթի ավարտից հետո զրուցեցի մասնակից աշակերտների հետ: Վարդուտի դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Արտակ Միրզոյանը, ով եկել էր տոնական հագուստով, ասաց՝ առաջին անգամ է մասնակցում, հույս ունի, որ բարձր միավոր կստանա: Քարեգահից 12-րդցի Մարատ Մարտիրոսյանը մի քանի անգամ է մասնակցում «Կենգուրու»-ին. ցանկանում է բնագիտական բուհ ընդունվել: Նույն դպրոցի 11-րդ դասարանցի Մարիանա Նազարյանը հույս ունի, որ մրցանակակիր է դառնալու: Արտաշավիի դպրոցի 11-րդ դասարանցի Մարիամ Վանեսյանը գտնում էր՝ լավ է պատասխանել հարցերին: Բոլոր աշակերտների կարծիքն է, որ լավ միջոցառումներ են «Կենգուրու»-ն ու «Մեղու»-ն: Հուսանք՝ մրցանակակիր աշակերտներ շատ կունենանք: «Այբ» կենտրոնը մասնակից աշակերտների համար նաև նվերներ էր պատրաստել՝ «Կենգուրու»-ի մասին տեղեկություններով օրացույց և գրիչ:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ