Մարտի 16-ին ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) Քաշաթաղի շրջանային բաժինը բուժմիավորումում անցկացրեց ուսումնական տագնապ՝ ճշտելու՝ ինչպես կիրականացվի բուժմիավորման անձնակազմի և հիվանդների տարհանումը հիվանդանոցի շենքից, Աստված ոչ արասցե, հրդեհի դեպքում:
Տագնապը տրվեց առավոտյան ժամերին, երբ բժշկական անձնակազմն զբաղված էր հիվանդներին այցերով, բուժական և այլ աշխատանքներով: Տարհանումը կատարվեց նախատեսած ժամկետում՝ չնայած եղանակային ոչ բարենպաստ պայմաններին:
ԱԻՊԾ Քաշաթաղի բաժանմունքի պետ Քերոբ Մովսեսյանը դրական գնահատեց աշխատանքները, շնորհակալություն հայտնեց բուժմիավորման տնօրեն Կարեն Գրիգորյանին, բուժանձնակազմին:
Կարդացեք նաև
Նախատեսած ժամին տագնապն ավարտվեց, և հիվանդանոցն անցավ իր բնականոն աշխատանքին: Միջոցառումից հետո ԱԻՊԾ աշխատակիցները բուժմիավորման տնօրենի հետ քննարկեցին արդյունքները, նշեցին թերությունները: Որոշվեց՝ որոշ ժամանակ անց նման միջոցառումներ նորից իրականացնել:
Կարեն Գրիգորյանը, որ վերջերս է նշանակվել բուժմիավորման տնօրեն, կարևորեց նման միջոցառումների դերը: Երկկողմ որոշեցին այսուհետ ավելի համագործակցված աշխատել:
Քաշաթաղի շրջանային բուժմիավորումն ունի 20 տարվա պատմություն, գործում է ոչ հարմարավետ երկհարկանի շենքում: Արդեն երրորդ տարին է, ինչ այս շենքի հարևանությամբ կառուցվում է հիվանդանոցի նոր շենքը: Ըստ նախատեսածի՝ շենքը շահագործման պետք է հանձնվեր անցած տարվա՝ 2015թ. վերջին, սակայն ինչ-ինչ պատճառներով շինարարությունը դադարեցվել է:
Ըստ ԼՂՀ քաղաքաշինության նախարարության լրատվական բաժնի տվյալների՝ այս տարվա մայիսին շինարարական աշխատանքները կշարունակվեն: Հուսանք՝ 2017 թվականին կունենանք նոր հիվանդանոց:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ