Ծաղկազարդին բնորոշ ժողովրդական սովորությունները հիմնականում պահպանում են արեւմտահայերի ժառանգները: Այս մասին այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Ծաղկազարդի օրը հավատացյալները մասնակցում են երեկոյան ժամերգությանը եւ մինչեւ ուշ գիշեր մնում եկեղեցում: «Տղաներն աղջիկների նկատմամբ անզուսպ ուշադրություն են ցուցաբերում, նաեւ կանանց փեշերն են կարում իրար: Հենց Ծաղկազարդի գիշերն է նշանադրության խոսք լինում:
Գարնանային տոներն առհասարակ կապված են պտղաբերության, մայրության, կյանքի շարունակականության գաղափարի հետ: Տարօրինակ չի հնչի, եթե ասեմ, որ նորապսակ հարսներին հենց Ծաղկազարդին են առաջին անգամ «դարձի» տանում ծնողների տուն: Այդտեղ նորահարսը մնում է մինչեւ Զատիկի հաջորդ կիրակի, որը կոչվում է «Կանաչ» կիրակի»,-տեղեկացրեց ազգագրագետը:
Նա նշեց, որ տոնի օրը երիտասարդներն այցելում են հարազատներին, ուռենու օրհնած ճյուղեր նվիրում, երգերով շնորհավորում նոր կյանքի սկիզբը. «Բոված հատիկեղենը Ծաղկազարդի կարեւոր ուտելիքն է, որը պատրաստվում է նաեւ շաքարաջրով: Մարդիկ պատուհաններից ջուր են լցնում: Սա ուրախության տոն է: Հաճույքով եմ տեսնում, որ երիտասարդները եկեղեցի են գնում, փոքրիկ նվերներ անում իրար, տոնական խորհրդանշաններ վաճառում եկեղեցու շուրջը»:
Կարդացեք նաև
Հրանուշ Խառատյանը հիշեցրեց, որ Ավագ շաբաթվա բոլոր օրերը խորհուրդ ունեն. «Օրինակ, երկուշաբթի հայոց բոլոր ջրաղացներն ալյուր են աղում: Հինգշաբթի կանայք եւ աղջիկները դաշտերում կանաչի են հավաքում եւ պատրաստում` որպես կենսունակության խորհրդանիշ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ